Home / Բանտ / ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից Հովհաննես Հարությունյանի առողջության մասին տեղեկություններ է պահանջել

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից Հովհաննես Հարությունյանի առողջության մասին տեղեկություններ է պահանջել

Փետրվարի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դիմել է ՀՀ կառավարությանը և պահանջել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի  առողջական վիճակի մասին տեղեկատվություն և բոլոր բժշկական փաստաթղթերը։ Կառավարությունը պարտավոր է ՄԻԵԴ-ի հարցմանը պատասխանել մինչև փետրվարի 15-ը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է կալանավորի պաշտպան Հայարփի Սարգսյանը։

Նա ակնկալում է՝ ՄԻԵԴ-ը կնպաստի, որ ի վերջո Հարությունյանը տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց։ Փաստաբանը նշել է, որ մինչև ոտքից վիրավորում ստանալը (հուլիսի 26-ին) Հարությունյանը բացարձակապես առողջ է եղել։ Վիրավորումից հետո, երբ նրան տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, վիրահատական միջամտությամբ ընդամենը որոշ բեկորներ են հեռացրել ոտքից, սակայն, ընդգծում է Սարգսյանը, ծնկի լուրջ վիրահատություն որպես այդպիսին չի իրականացվել։

Որոշ բժշկական փաստաթղթերի համաձայն՝ Հարությունյանի ոտքում մինչև օրս կան 18 բեկորներ, որոնք շուրջ 6 ամսից ավել չեն հեռացվել։ Սարգսյանը նշել է, որ Հարությունյանի ոտքն այտուցված է և նա պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անմարդկային պայմաններ ունեցող խցերից մեկում։

Մեր զրուցակիցը պատմել է, որ հունվարի 17-ից 19-ը կալանավորին տեղափոխել են պատժախուց, որի վերաբերյալ հիմքերը մինչև օրս փաստաբանին չեն տրամադրել։ Պատժախցից հանելուց հետո նրան տեղափոխել են «Նուբարաշենի» առաջին հարկի խցերից մեկը՝ պատճառաբանելով, որ Հարությունյանի դիմումի համաձայն են արել։ Սակայն այդ դիմումի պատճենը փաստաբանին նույնպես չեն տրամադրել։ Սարգսյանն ընդգծել է, որ վերջերս բանտի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարվել էր, որ «Նուբարաշենի» առաջին հարկի խցերը փակվել են՝ վատ պայմանների պատճառով։

«Այժմ Հովհաննեսին տեղափոխել են հենց այդ առաջին հարկի խուց։ Սա ճնշման ձև է, որ կատարվում է նրա նկատմամբ», – ասել է Սարգսյանը։

ՄԻԵԴ-ին ուղղված իր դիմումում փաստաբանը անդրադարձել է նաև Հարությունյանի կալանքի հարցին, մասնավորապես, նշելով, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել կալանքի վերաբերյալ իրենց վճռաբեկ բողոքը։

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը 2016 թվականի հուլիսի 26-ին ոստիկանների կողմից արձակված կրակոցների հետևանքով ոտքի երկու հատվածներում հրազենային վիրավորում է ստացել և մոտ 2 ժամ անց տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այնտեղ նրա ոտքից որոշ բեկորներ են հեռացրել: Ոտքի վիրահատություն չի իրականացվել։ Հայարփի Սարգսյանը բազմիցս ահազանգել է, որ այդպես էլ չիրականացված վիրահատությունը հետևանքով նրա վիրավոր ոտքը ծայրահեղ վատ վիճակում է՝ բարակել է և փոխել է գույնը:

Tekali Taxi