«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ծանր է։
Epress.am-ի հետ զրույցում Սարգսյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշել է, որ նա շատ թույլ է ու բնական կարիքները հոգալու համար միայն ուղեկցողների օգնությամբ է անկողնուց բարձրանում։
Պաշտպանի խոսքով՝ Սարգսյանը երեք օր արյան փսխումներ է ունեցել ՝ փետրվարի 15-ին, 18-ին և 19-ին։
«Արյան փսխումները կապված են կերակրափողի ճաքի և էրոզիայի հետ, որը նա ուներ դեռ դեկտեմբերին, բայց արդեն ապաքինվել էր վերքը։ Իսկ հիմա, փաստորեն, կրկին բացվել է վերքը, ինչի հետևանքով էլ արյան փսխումներ է ունենում»,- նշել է փաստաբանը։
Գյուրջյանը տեղեկացրել է, որ Սարգսյանը դեռ շարունակում է փետրվարի 9-ից սկսած հացադուլը ու չի պատրաստվում այն դադարեցնել։ Նա հրաժարվել է նաև բուժօգնությունից։
Փաստաբանի խոսքով՝ արդեն այն վիճակն է, որ ոչ թե Սարգսյանի առողջությանն է վտանգ սպառնում, այլ կյանքին։ Գյուրջյանն ասել է, որ երեկ իրենք նաև ստացել են Սարգսյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի բացասական պատասխանը։
Նշենք, որ ի զորակցություն Արթուր Սարգսյանի հացադուլ են հայտարարել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը և Արեգ Կյուրեղյանը։
Սարգսյանը հացադուլով է արձագանքել իրեն երկրորդ անգամ կալանավորելու Հատուկ քննչական ծառայության որոշմանը։ Նա հացադուլի մեջ է կալանավորման օրվանից՝ փետրվարի 9-ից։ Ի համերաշխություն Սարգսյանի բողոքի ակցիա է անցկացվել նաև բանտից դուրս։ Երևանում փետրվարի 14֊ին բողոքի երթ է կազմակերպվել։ Դրա մասնակիցները մտահոգված են, որ հացադուլը շատ վտանգավոր կարող է լինել Արթուր Սարգսյանի առողջության համար, քանի որ վերջինս արդեն տառապում է ծանր հիվանդություններով, և դրանց հիմքով էլ ստորագրությամբ ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին շուրջ 5 ամիս կալանավայրում լինելուց հետո։ Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել է ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել Էրեբունի համայնքի ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին և բժիշկների. ըստ մեղադրանքի, նա «օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք է փոխադրել և կրել»։