Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է փոխել լուրջ առողջական խնդիրներ ունեցող «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը։ Պաշտպանական կողմը պահանջում էր Հակոբյանին ազատ արձակել գրավի դիմաց։
Մինչև դատական նիստը Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը Hetq.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը 2014 թվականին ենթարկվել է վիրահատության՝ հեռացվել է ուղեղի ուռուցքը։
Փաստաբանը նշել է, որ 2016 թվականի դեկտեմբերին իրենք «Երևան-Կենտրոն» ՔԿՀ դիմում են ներկայացրել՝ պահանջելով Հակոբյանի առողջական վիճակը պարզելու համար հետազոտություն իրականացնել, սակայն ՔԿՀ-ից տեղեկացրել են, որ դրա կարիքը չկա և Հակոբյանի վիճակը բավարար է։ Այնինչ դիմումից երկու ամիս անց՝ փետրվարին, Արամ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան ուղեղի կաթվածի նախանշաններով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցում ախտորոշել են աջ վերջույթների անկառավարելիության և խոսակցական ֆունկցիայի խանգարման նախանշաններ, ուղեղի արյան շրջանառության խախտում:
ԲԿ-ում մեկ օր մնալուց հետո նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ փաստաբանի հավաստմամբ՝ ոչ մի բուժում չի ստացել։
6 օր անց «Դատապարտյալների հիվանդանոցից» Հակոբյանը տեղափովել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և ստացել ներարկումների 2 շաբաթվա կուրս:
Դատարանից մերժում ստանալուց հետո, Հակոբյանի պաշտպանները պատրաստում են միջնորդություն ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: