Home / Բանակ / ՊՆ֊ն նորակոչիկների և ուսանողների համար ծառայության նոր ձև է առաջարկում

ՊՆ֊ն նորակոչիկների և ուսանողների համար ծառայության նոր ձև է առաջարկում

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է նախարարության կողմից առաջարկվող «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի մանրամասները․

«Պատիվ ունեմ»

«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Սովորելով քաղաքացիական բուհում` այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում: Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում (ծառայության համապատասխան կենցաղային պայմաններով), մրցունակ աշխատավարձով (ամսական առնվազն 260.000 դրամ): Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը:

Նախատեսվում է հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաների հաղթող ուսանողներին: Նրանց ծառայություն կառաջարկվի սպայական պաշտոններում, բայց ռազմարդյունաբերական համալիրում, որտեղ նրանք կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ կիրառել իրենց գիտելիքները: Նրանց պարագայում կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ հնգամյա պայմանագրեր:

Ծրագրի կարևոր արդյունքներից է նաև լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

Այսպիսով, տարկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է բանակին առավել արդյունավետ ծառայություն բերելու միջոցի: Պետությունն էլ դրա դիմաց առաջարկում է փոխհատուցման շոշափելի փաթեթ:

«Ես եմ»

Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:

Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`

1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
3. ուսման վարձի փոխհատուցում:
Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:

Նպատակային ծրագրերի ուղղությունները, վճարման կարգը, ծրագրից հրաժարվելու կամ դրա մեջ ծառայության կեսից ներգրավվելու մանրամասները, ինչպես նաև ծրագրի նպատակահարմարությունն առհասարակ կդարձվեն հանրային լայն քննարկման առարկա:

Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում:

Ծրագիրը քննարկման համար է։

Tekali Taxi