Home / Բանակ / Զինվորին չեն բուժել և կրկին սահման ուղարկել․ իրավապաշտպան

Զինվորին չեն բուժել և կրկին սահման ուղարկել․ իրավապաշտպան

Առողջական խնդիրներ ունեցող զինծառայող, Գյումրու բնակիչ Հուսիկ Կիրակոսյանին  առանց համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու կրկին ուղարկել են սահման՝ ծառայության։ Epress.am-ի հետ զրույցում Հուսիկ Կիրակոսյանի շահերի պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Արմինե Սադիկյանը նշել է, որ նա այս տարվա ապրիլի 19-ին առանց համապատասխան բուժումը ստանալու դուրս է գրվել հոսպիտալից, տեղափոխվել Ստեփանակերտ, որից հետո էլ Լեռնային Ղարաբաղի Ջեբրայիլի իր զորամաս։

Կիրակոսյանի մայրը Սադիկյանի հետ զրույցում տեղեկացրել է, որ որդին շարունակաբար ցավեր ունի որովայնի հատվածում, ստամոքսի այրոցներ, ինչպես նաև թարախային բշտիկներ գլխի վրա, ինչի պատճառով անտանելի գլխացավեր է ունենում։

Մոր խոսքով՝ հոսպիտալում գտնվելու ընթացքում Կիրակոսյանի խնդիրներից ոչ մեկը չի լուծվել, և նա շարունակում է «այդ վիճակով անգամ սահմանին կանգնել»։

«Մենք ապրիլի 21-ին ՀՀ Պաշտպանության նախարությանը դիմում ենք գրել, որ Կիրակոսյանին չուղարկեն զորամաս մինչև չլուծվեն առողջական խնդիրները, և այժմ սպասում ենք այդ դիմումի պատասխանին։ Ինքը նաև անքնություն ունի, և հոսպիտալում անքնության պատճառները պարզելու և բուժելու փոխարեն, վրեն խոսում էին, ասում էին մյուսներին ես խանգարում գիշերը չքնելով»,- ասել է Սադիկյանը։

Նրա փոխանցմամբ՝ իրենք պահանջել են Կիրակոսյանի բժշկական փորձաքննության արդյուքները, որտեղ ներկայացված հիվանդություններն այդքան էլ չեն համապատասխանում նրա այժմյան վիճակին։

«Թղթերում գրված է, որ նրա մոտ ախտորոշված է խրոնիկ բրոնխիտի սրացում, աջակողմյան հեմիսինուսիդ, ինչպես նաև ախտորոշվել է անձի շեշտվածություն ինքնավնասման և իրավիճակային ռեակցիայով, սակայն այնտեղ գրված չէ նրա որովայնի հատվածում անընդհատ ցավերի, ստամոքսում այրոցների և գլխի վրա առկա թարախային բշտիկների մասին։ Դրանից բացի, ռազմաբժշկական փորձաքննությունը նրա դեպքում կիրառել է ՀՀ ՊՆ 410 հրամանի 7Գ հոդվածը, ըստ որի, Կիրակոսյանը համարվել է պիտանի որոշ սահմանափակումներով։ Սակայն այս հոդվածը Կիրակոսյանի դեպքում չէր կարող դրվել, որովհետև այն ենթադրում է, որ հիվանդությունը բուժման է ենթարկվում և ավարտվում է լավացումով, բայց էս էրեխեն երբեք ոչ մի բուժում չի ստացել»,- ասել է Սադիկյանը։

Պաշտպանը նաև նշել է, որ իրենք պատրաստվում են խնդրի վերաբերյալ հայց ներկայացնել դատարան։

Նշենք, որ, չնայած Հուսիկ Կիրակոսյանը միակողմանի ծնողազուրկ է, ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր զինծառայողին Լեռնային Ղարաբաղի Ջեբրայիլի զորամասի փոխարեն իր բնակության վայրին մոտ զորամաս տեղափոխել։

Tekali Taxi