Home / Ոստիկանություն / Երևանի քաղաքապետի թեկնածուի նկատմամբ ուժ է կիրառվել, նրա դուստրն ուղեղի ցնցում է ստացել

Երևանի քաղաքապետի թեկնածուի նկատմամբ ուժ է կիրառվել, նրա դուստրն ուղեղի ցնցում է ստացել

Այսօր՝ մայիսի 14-ին անցկացվող Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում միջադեպ է գրանցվել է Ավան վարչական շրջանում գտնվող ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում: Ինչպես փոխանցում է  «Ազատություն» ռադիոկայանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պնդմամբ, երբ ինքը, շտաբում ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով, դստեր հետ մտել է ներս, իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել:

«Ազատության» թղթակիցը շտաբ է մտել այն պահին, երբ Փոստանջյանն ու իր դուստրը ուզում էին բացել գրասեղաններից մեկի դարակները, իսկ շտաբի աշխատակիցները թույլ չէին տալիս դա անել:

Դեպի վայր եկած մի քանի տասնյակ ոստիկանները, ուժի գործադրմամբ, հրելով, քարշ տալով, շտաբից դուրս են բերել թեկնածուին և նրա դստերը: Փոստանջյանի ինքնազգացողությունը վատացել է, երբ ոստիկանները փորձել են նրան նստեցնել ոստիկանության մեքենան: Նրա դստերը՝ Լիլիթ Դրամփյանին, ոստիկանները բերման են ենթարկել, քիչ անց ազատ արձակել: Միջադեպից մոտ մեկ ժամ անց Դրամփյանը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց. «Երկիր Ծիրանի» կուսակցության շտաբից հայտնել են, որ Դրամփյանի մոտբ ախտորոշվել է ուղեղի ցնցում:  Փոստանջյանը պնդել է, որ իրենց նկատմամբ բռնություն են կիրառել ինչպես ՀՀԿ ներկայացուցիչները, այնպես էլ ոստիկանները:

Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասնեյակը, որում նշվում է, թե օմբուդսմենի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսանյութերը:

«Մանրամասն ուսումնասիրվել են հատկապես Ոստիկանության ծառայողների գործողությունները միջադեպի ընթացքում` կապված Զարուհի Փոստանջյանի նկատմամբ վերաբերմունքի, նրան բերման ենթարկելու փորձի հետ:

Այդ կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է, որ Ոստիկանության ծառայողները պարտավոր են հարգել մարդու իրավունքները, ցուցաբերել զսպվածություն ցանկացած քաղաքացու և հատկապես քաղաքական գործընթացի մասնակցի հետ շփման ընթացքում: Ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել հարգալից և անկողմնակալ: Սրանք օրենքով սահմանված՝ հանրության վստահությունն ապահովող պահանջներ են, որ ենթակա են պարտադիր կատարման: Այդ պահանջների կատարումը հատկապես կարևոր է հանրային ուշադրության ներքո գտնվող այնպիսի մի իրադարձության առնչությամբ, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններն են:

Ոստիկանության ծառայողների գործողություններին վերաբերող բոլոր նյութերը  Պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են և կուղարկվեն Ոստիկանություն՝ համապատասխան վարույթ սկսելու պահանջով»,- նշում է ՄԻ պաշտպանի գրասենյակը:

Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ՀՀ դատախազությունը՝ նշելով, որ ՀՀ ոստիկանություն է զանգահարել Գ. Սերոբյանը և հայտնել, որ «հարձակվել են Երևան քաղաքի Ավան-Աճառյան 22 հասցեում գտնվող` Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի վրա»: Հետագայում Սերոբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որում գրել է, թե Զարուհի Փոստանջյանը «քաշքշել է իրեն և շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբում գտնվող գույքը՝  այդ կերպ խոչընդոտելով իրենց աշխատանքների իրականացմանը»:

«Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին Երևանի ավագանու թեկնածու Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում: Զ. Փոստանջյանի հայտարարության կապակցությամբ` ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ ընտրակաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: Հիշյալ երկու դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել են՝ դրանց հետագա  նախապատրաստումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու նպատակով», – ասված է Դատախազության հայտարարության մեջ: