Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» պարզել է, որ ռուսաստանցի գործարար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր ու որպես «Պուտինի խոհարար» հայտնի Եվգենի Պրիգոժինին պատկանող «փուչիկ» ընկերություններից մեկը Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հասցեում մասնաճյուղ է գրանցել։
«Զարմանալի չէ,֊ ասում է Նավալնին հրապարակած տեսանյութում,֊ որ հետագայում այս ընկերությունը «հաղթել» է ՌԴ ռազմաբազայի տարածքի սպասարկման բոլոր մրցույթները»։
«Այդ կարտելի միջոցով Պրիգոժինը, համաձայնության գալով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, գողացել է պետպատվերի գումարներ։ Ընդհանուր առմամբ, յուրացվել է 23 միլիարդ ռուբլի, որի ոչ պակաս, քան մեկ երրորդը, ըստ մեր գնահատականների, գողացվել է»,֊ հայտնում է Navalny.com կայքը։
Պրիգոժինին պատկանող մի շարք կեղծ ընկերություններ մասնաճյուղեր ու գրասենյակներ ունեն ՌԴ պաշտպանության նախարարության տարբեր ռազմաբազաներում։ Դրանցից մեկը, մասնավորապես, «ԱՍՊ» ՍՊԸ-ն, գրանցված է Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հասցեում։
Տվյալ հասցեում, հավելում է կայքը, մասնաճյուղ ունի նաև «Սպեցռեսուրս» ընկերությունը, որը նույնպես կապվում է Պրիգոժինի անվան հետ։
Տեսանյութը՝ ռուսերեն․