2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սյունիքի դատարաններում քննվող գործերի 71% վերաբերվում է վարկերին

2017 թվականի փետրվար-ապրիլ ժամանակահատվածում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված 2265 քաղաքացիական գործերի 71 %-ը (1609) վերաբերվել է բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիներից գումարների բռնագանձման պահանջին: Գորիսում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» կազմակերպությունը դատական նիստերի դիտարկում է կատարել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գորիսի և Կապանի նստավայրերում:

Epress.am-ի հետ զրույցում կազմակերպության ծրագրերի համակարգող Նարեկ Դադունցը նշել է, որ քաղաքացիների գերակշիռ մասը վարկային գործերում որպես երաշխավորներ ներգրավվել են անիրազեկվածության, անուշադրության պատճառով՝ առանց հետևանքների մասին պատկերացում ունենալու: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատական գործերի մեջ ներքաշված քաղաքացիները իրավաբանական աջակցության կամ խորհրդատվության կարիք են զգում:

«Գյուղի ժողովուրդը հիմնականում նշում է, որ անիրազեկ է, չի իմացել, որ վարկը չմուծելու դեպքում իրենք են տուժում։ Բացի դրանից, մարդիկ առանց պայմանագիրը կարդալու ստորագրում են։ Իրենց ասում են՝ ստորագրեք, մենք մուծելու ենք», - Դադունցի խոսքով՝ նմանատիպ դատական բոլոր գործերն էլ հիմնականում ավարտվում են քաղաքացիներից գումարներ բռնագանձելով։

Դադունցը նշել է՝ մարզում օրական 20-30 դատական նիստ է լինում վարկերի հետ կապված, և յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի պարտքերի ու վարկերի տակ է։

Գորիսում անցկացվող վերջին դատական նիստերից մեկը, որի դիտարկմամբ զբաղվում է «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» կազմակերպությունը, վերաբերում է «Անիվ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը։

Դադունցը մեջբերել է Գորիսի բնակիչներից մեկի խոսքը, որն ասել է, թե կեղծ ստորագրությամբ իր անունով վարկ են տրամադրել մեկ այլ անձի։ Խնդրի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։