Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մոտ մեկ տարի առաջ կացնահարված Մանսուրյանների ընտանիքի գործով դատական նիստին շարունակվել է Թագուհի Մանսուրյանին և նրա մորը՝ Կարինե Մանսուրյանին, դեպքի օրը տուն ուղեկցած ոստիկանների հարցաքննությունը։
Համաձայն մեղադրանքի՝ Մանսուրյանին, նրա հորն ու մորը կացնահարել է Թագուհու նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը։ Կարինե Մանսուրյանը ստացած վնասվածքներից մահացել է։
Ոստիկանության աշխատակիցներից Արսեն Մխոյանը պատմել է, որ դեպքի օրն ինքն ու իր գործընկերը՝ ոստիկանության աշխատակից Դավիթ Վարոսյանը, հրաման են ստացել Թագուհի Մանսուրյանին և նրա մորը ուղեկցել տուն։
Ոստիկանի խոսքով՝ երբ իրենք հասել են Մանսուրյանների շենքի դիմաց, մեքենան կանգնեցրել են մուտքի մոտ․ իր գործընկերը՝ Վարոսյանը, դուրս է եկել մեքենայից, որպեսզի բացի դուռը, և Մանսուրյանն ու իր մայրը դուրս գան մեքենայից։
Մխոյանը պնդել է, որ դուռը բացելու ժամանակ իրենք նայել են շուրջբոլորը և հասկացել են, որ ամեն ինչ կարգին է։ Նա նաև պնդել է, որ Մանսուրյանն ու իր մայրն իրենց չեն խնդրել ստուգել շրջակայքը՝ համոզվելու համար, որ Թագուհու նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը, տարածքում չէ։
«Իրենք մեքենայից իջան, ասեցին շնորհակալություն, բարի գիշեր ու մտան մուտք։ Առաջարկություն իրանց կողմից չենք ստացել, որ իրանց տանենք պադյեզդ կամ տուն բարձրացնենք»,- նշել է ոստիկանը։
Մխոյանի վկայությամբ՝ դրանից հետո, երբ իրենք մոտ 30 մետր մեքենայով առաջ են գնացել շրջադարձ կատարելու համար, շենքի մոտով անցնելիս, ձայներ են լսել։ Ոստիկանները դուրս են եկել մեքենայից և տեսել, որ գիշերազգեստով, մոտ 50 տարեկան մի տղամարդ՝ հրելով դուրս է հանում Վլադիկ Մարտիրոսյանին, ով այդ ընթացքում մոտավորապես հետևյալ արտահայտությունն է արել՝ «երրորդին էլ պիտի տանեի»։
Չնայած նրան, որ ոստիկանները պնդել են, որ Թագուհի Մանսուրյանի կամ նրա մոր կողմից իրենց ուղեկցելու կամ շրջակայքը ստուգելու ոչ մի առաջարկ չեն ստացել, Թագուհին հայտարարել է, որ իր մայրը ոստիկաններին խնդրել է շրջակայքը ստուգել, այնինչ վերջիններս մեքենայից ուղղակի իրենց շուրջն են նայել ու հավաստիացրել, որ ամեն ինչ կարգին է։
Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը վկա ոստիկանին հարցրել է՝ արդյոք նա հաճախ է ստանում մարդկանց տուն ուղեկցելու հրաման, ինչին Մխոյանը պատասխանել է, որ նման դեպք հազվադեպ է լինում։
«Ինչքան հասկացա, դուք ոստիկանությունում եք աշխատում, ոչ թե տաքսի ծառայությունում, էդ դեպքում, եթե դուք հրաման եք ստանում էս անձանց ուղեկցելու տուն, դուք ո՞նց պետք է ձեր հրամանը կատարեք, ինչպես տաքսու վարորդն ա՞ կատարում՝ նստեն, տանեք մի տեղ, իջեցնե՞ք։ Այսինքն՝ երևույթն այնպիսին է, որ ոստիկանությունն այդ մարդկանց ուղեկցի, դուք ո՞նց դա չեք հասկանում, ասում եք՝ իրանց իջացրեցինք, գնացինք»,- ասել է դատավորը։
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 19-ին։