Home / Շուկա / Իշխանությունը պետք է ընտրի էներգետիկ դիվերսիֆիկացիայի և Ռուսաստանին հավատարիմ մնալու միջև

Իշխանությունը պետք է ընտրի էներգետիկ դիվերսիֆիկացիայի և Ռուսաստանին հավատարիմ մնալու միջև

Հեղինակ՝ Արմեն Գրիգորյան

Հրապարակվել է՝ հունիսի 27-ին jamestown.org֊ում

Ներկայացվում է անգլերենից թարգմանաբար, կրճատումներով

Հունիսի կեսերին ռուսաստանյան գազի մոնոպոլիստ «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերն անսպասելի այցելեց Երևան, հանդիպեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այս հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը խիստ քիչ է։ Բացի փոխադարձ հաճոյախոսությունների մասին տեղեկատվությունից, մամուլի հրապարակումները պատմում են Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի շահագործման և Աբովյանի ստորգետնյա գազապահեստ֊կայանի ծրագրերի մասին (Armradio.am, հունիս 16)։ Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը սկսվել էր դեռ 1993 թվականին։ Բայց 2006֊ին Հայաստանի կառավարությունը կիսակառույց կայանը վաճառել էր «Գազպրոմի» մաս կազմող «ՀայՌուսԳազարդ»֊ին։ Երբ կայանը կառուցվեց ամբողջովին, այն կարող էր արտադրել մինչև 480 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա (news.am դեպտեմբերի 2.2013)։ Բայց այն քիչ է օգտագործվել, արտադրված էներգիան վաճառվել է Իրանին՝ բնական գազի դիմաց։ Աբովյանի գազապահեստը, որ կառուցվել էր խորհրդային տարիներին և ուներ մոտ 140 միլիոն կուբոմետր գազի տարողունակություն, ևս փոխանցվել էր «ՀայՌուսգաԳարդ»֊ին 2012 թվականին (Armenpress.am, դեկտեմբեր, 26, 2012):

Ավելի վաղ այս տարի Հայաստանի Էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի և Իրանի միջև 400 կվ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի որոշ հատվածներ արդեն կառուցված են։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Վիշեգրադ 4» խմբի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) իր գործընկերներին ասել էր ապրիլին, որ Հայաստանի և Վրաստանի միջև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար Եվրամիության ներդրումներն արվել են։ Հայաստանի և իր հարևանների միջև հաղորդակցման հնարավորությունները մեծացնելու և հայկական, իրանական, վրացական, ռուսական էլեկտրակայանները միմիյանց կապելու ծրագրերը հայտարարվել էին 2015 թվականին։

Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ Միլլերի անսպասելի այցի համար ևս մեկ կարևոր պատճառ կար։ Վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես «Գազպրոմի» նախկին աշխատակից, գուցե, պարտավորված է զգացել իր նախկին շեֆին հայտնել որոշ նորություններ և վստահեցնել, որ Երևանը շարունակում է մնալ Մոսվկայի և «Գազպրոմի» կոմերցիոն շահերին հավատարիմ։

Մայիսին ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայաստանում կայացավ «Քոնթուր Գլոբալի» (Որոտան ՀԷԿ֊երի համակարգի սեփականատեր և ամենամեծ ոչ֊ռուսական ներդրողը Հայաստանում) կազմակերպած վերականգնողական էներգիայի վերաբերյալ համաժողովը։ ԱՄՆ մի քանի ընկերությունների, այդ թվում՝ «Քեթերփիլար»֊ի և «Ջեներալ Էլեկտրիկ»֊ի ներկայացուցիչները մասնակցում էին համաժողովին։ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսբ ասել է, որ Վրաստանի և Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը, անխափան տնտեսական մրցակցության և ներդրողների հանդեպ հավասար վերաբերմունքը երաշխավորելը հեռանկար կստեղծի մինչև 5 միլիարդ դոլար ամերիկյան ներդրումների համար՝ հիմնականում արևային և հիդրոէներգիայի բնագավառներում։ Հետագայում դեսպան Միլսը մի քանի անգամ վերահաստատել է իր հայտարարությունը, այդ թվում՝ «168 ժամ» թերթի հետ հարցազրույցում։ Հաշվի առնելով ներկա ներդրումային ռիսկերը՝ Հայաստանը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ամենավատ բիզնես միջավայրն ունի։ Սա, ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, որը որպես ներդրումների հիմնական խոչընդոտներ մատնանշում է հովանավորչությունը, անհավասար մրցակցությունը, ընտրովի վերաբերմունքը։

Նշանակալից է, որ պետական «Արմենպրես» գործակալությունը և այլ իշխանության կողմից ղեկավարվող ԶԼՄ֊ներ չեն լուսաբանել Միլսի հայտարարությունը։ Հայաստանի իշխանավորները գուցե չեն ցանկանում բացահայտ հրաժարվել ակնհայտորեն օգտակար առաջարկից, սակայն, իրենց պահում են այնպես, կարծես չեն ցանկանում իրականացնել մի քաղաքականություն, որը լուրջ հարված կլինի «Գազպրոմի» տարածման ծրագրերին, իսկ ավելի լայն իմաստով Ռուսաստանի շահերին։ Ոչ բնական գազով պայմանավորված էներգետիկ արդյունաբերության մեջ մեծ ներդրումները կնվազեցնեն գազի տեղական պահանջարկը։ Մեծամորի ատոմակայանը, որը երկրի էլեկտրաէներգետիկ արտադրանքի 40 տոկոսն է տալիս, ՀԷՑ֊ին այն վաճառում է 35 դրամով։ Էներգիայի արտադրման արժեքն է մոտ 8 դրամ մեկ կիլովատի համար, մինչդեռ ՀԷԿ֊երը էներգիա արտադրելու վրա ծախսում են մոտ 35 դրամ։ Սակագինը որոշվում է միջին գնով։ Ինչևէ, քանի որ Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի բաշխմամբ զբաղող ցանցերը, ինչպես նաև Հրազդան ՋԷԿ֊ը, պատկանում են ռուսական ընկերություններին, Մոսկվան աջակցում էր ՋԷԿ֊ի գործարկմանը, ինչն իր հետ բերում է նաև գազի ներկրման ավելացում, և ավելի բարձր սակագին հայ սպառողների համար։

Միլլերի Երևան այցից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարել է, որ ֆրանսիացի գործարարները պատրաստ են ներդրումներ անել Հայաստանի էներգետիկ ոլորտում։

Մոտակա ամիսներին էներգետիկ ոլորտի նախագծերը կհրապարակվեն, ասել է նա։

Էներգետիկ շուկայի ազատականացումը և բիզնես միջավայրի լավացումը միանշանակ բխում է Հայաստանի ազգային շահերից։ Այդպիսի քայլերը, բացի սպասված տնտեսական օգուտներից, զարկ կտան նաև երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը և ընդհանրապես անվտանգությունը կբարելավեն՝ պակասեցնելով Մոսվկայի ազդեցությունը Երևանի որոշումներ կայացնելու հարցում։ Սակայն իշխանությունների մոտեցումը ավելի շատ թերահավատություն է առաջացնում, քան հույս։

Tekali Taxi