Վարչական դատարանն այսօր որոշել է հասարակական կազմակերպություններին հանել Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի դեմ դատական գործընթացից, ինչը կարող է նաև այլ բնապահպանական չարաշահումների դեմ հասարակական պաշտպանություն չունենալու նախադեպ դառնալ :
«Էկոիրավունք» և «Էկոդար» ՀԿ-ները Գնդեվազի համայնքի մոտ 15 բնակիչների հետ, բողոքարկում են «Լիդիան Արմենիա» օֆշորային կազմակերպությանը տրված թույլտվությունը՝ շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Մոտ երկու տարի առաջ ՀԿ-ների և բնակիչների հայցն ընդունվել է վարույթ, իսկ այսօր դատավոր Կարեն Զարիկյանը հայտարարել է, որ ՀԿ-ների մասին նոր օրենքով՝ «Էկոիրավունքը» և «Էկոդարը» ՀԿ-ները չեն կարող լինել հայցվոր: Հիշեցնենք, որ ՀԿ-ներին հայցվորների շարքից հանելու միջնորդություն անցյալ նիստին ներկայացրել էր «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչ Սայաթ Բադալյանը։
Հայցվոր կողմը պատրաստվում է բողոքարկել դատավորի որոշոււմը:
ՀԿ-ների մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2017 թվականին: Հայցվոների փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ դատավորի նման որոշումը վկայում է այն մասին, որ ՀԿ-ների մասին օրենքը ոչ թե մեծացրել է ՀԿ-ների գործունեության շրջանակը, ինչպես պնդում են օրենքն փոփոխած ԱԺ-ում, այլ հակառակը՝ սահմանափակել ՀԿ-ների իրավունքները:
«Նախորդ օրենքի տեսակետից ՀԿ-ների հայցը ընդունվել էր համարել էին, որ նրանք իրավունք ունեն դիմել դատարան: Հիմա ՀԿ-ների մասին օրենքը փոխվեց, ու ՀԿ-ներն այդ իրավունքը չունեն: Փոխանակ ընդլայնեն ՀԿ-ների իրավունքները՝ հատկապես էկոլոգիական հարցերով, մեր պետությունը միջազգային ատյաններում հաշվետվություն է տալիս, թե իբր ընդլայնել է ՀԿ-ների իրավունքները, իրականում՝ օրենքով սահմանափակում է այդ իրավունքները: Նոր օրենքով ՀԿ-ն պետք է բոլոր լսումներին մասնակցած լինի, շահառուների հետ կապված նախապայմաններ կան և այլն: Այնպիսի սահմանափակումներ, որոնք նախորդ օրենքի ժամանակ չկային»,- ասել է Հայկ Ալումյանը:
Ալումյանը հիշեցրել է, որ ՀԿ-ներին բնապահպանական հարցերով դատարան դիմել թույլ չտալու փորձեր արվում են դեռևս Թեղուտի հանքավայրի դեմ շարժումից: Այն ժամանակ «Էկոիրավունք» ՀԿ-ն դիմել էր Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե, որն է ճանաչել է ՀԿ-ների իրավունքը դիմել դատարան: «Էկոիրավունքի» նախագահ Արթուր Գրիգորյանն Epress.am-ին ասել է, որ նորից է դիմելու Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե. սեպտեմբերի 11-15-ը Մոնտենեգրոյում կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի ընթացքում: Ըստ Գրիգորյանի՝ ՀՀ Կառավարությունը կոմիտեին նախկինում հավաստիացրել է, որ ՀԿ-ների իրավունքը դիմել դատարան ամրապնդվել է նոր օրենքով:
«Իմ գնահատմամբ այս որոշման հիմնական նպատակն այն է, որ փակեն ՀԿ-ների հնարավորությունը նաև այլ ապօրինությունների հարցերով դատական պրոցեսներ նախաձեռնել: Այս պահին մեր ՀԿ-ն երկու դատական պրոցեսի մեջ է, մեկը՝ Լիճքի հանքավայրի վերաբերյալ, մյուսը՝ Քաջարանի հանքավայրը ընդլայնելու նախագծի վերաբերյալ: Երկուսով էլ մեր հայցերը ընդունվել են վարույթ, Լիճքով ընթանում է դատավարությունը, Քաջարանի հարցով առաջին նիստը կայանալու է հոկտեմբերի 4-ին»,- ասել է Գրիգորյանը:
Լիճքի և Քաջարանի դեմ գործերով ազդակիր համայքների բնակիչ-հայցվորներ չկան, այսինքն՝ ՀԿ-ների դուրս գալով` գործերը կկարճվեն:
«Այստեղ հրահանգված, քաղաքական որոշում է: Էն դատավարական բումը, որ սկսվել է, եթե ընդլայնվի, եթե սկսվի իրավական մարնակրկիտ քննարկում, էնքան կոռուպցիոն էլեմենտներ են բացվելու, որ դրա տակից չեն կարող դուրս գալ»,- ասել է Արթուր Գրիգորյանը: