«Հիմնադիր խորհրդարան» և «Նոր Հայաստան» շարժումների առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօր կայացած նիստի ժամանակ Շենգավիթի դատարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին չմասնակցել նիստերին։ Սեֆիլյանը դեմ է, որպեսզի այդ պաշտպանն իր շահերը ներկայացնի, իսկ Թովմասյանը շարունակում է գալ դատարան և մասնակցել նիստերին։ Փաստաբանի դեմ բողոքի ակցիաներ արվել են նաև նրա տան դիմաց և Հանրային պաշտպանի գրասենյակի դիմաց։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այս պիկետները քննադատել է, մասնավորապես, ընդգծելով․ «Ի գիտություն փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ ճնշումների հեղինակներին` Մարինե Թովմասյանը հղի է»։
Այսօր քաղաքացիները պաստառներով փակել են հանրային պաշտպանի մեքենայի ճանապարհը։ Թովմասյանը կարողացել է հեռանալ միայն ոստիկանական ուժերի միջամտությամբ։ Ոստիկանները նաև ներկա էին դատական նիստերի դահլիճում։ Դատարանում Մարինե Թովմասյանին կոչ է արել հեռանալ ինժիներ֊գործարար, ակտիվիստ Վարդգես Գասպարին, ում 4 ոստիկաններ ուժի կիրառմամբ հեռացրել են դահլիճից։
Մինչ Արա Զոհրաբյանը քննադատում է փաստաբանի բնակության վայրում պիկետներ անցկացնելը, դատարանի կարգադրիչները նիստերը լուսաբանող լրագրողներից պահանջում են նշել գրանցման հասեցները, ստուգում նրանց անձնական պայուսակները։
Մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը շարունակում են հեռացված լինել նիստերից դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ՝ դատարանում չկանգնելու և դրանով իսկ դատարանին չհարգելու պատճառաբանությամբ։
Տաթևիկ Գրիգորյանը նաև երկու նիստ է՝ արգելում է լրագրողներին տեսանկարահանել դրանք։ Այսօրվա նիստը դատավորը հետաձգեց փաստաբաններից մեկի ներկա չլինելու պատճառով։
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին։