ՀՀ Կառավարությունը հուլիսի վերջին որոշել է հերթական «լավությունն անել» պարարտանյութի մատակարար «Բերրիություն» ԱՄ Մասիսի շրջանային միավորում» ընկերությանը՝ ազատելով նրան պետական տուրքի գումարների վճարումից։
Կառավարությունն արդեն 4 տարի է շատ բարի է գտնվում «Բերրիության» հանդեպ՝ մշտապես տրամադրել է առանց գրավի վարկեր, առանց մրցույթի տվել պարարտանյութ մատակարարելու լիցենզիա և այլն։ Որոշումը թերևս հետաքրքիր է միայն այնքանով, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը դեռ անցյալ տարի սկսել էր քննադատել «Բերրիությանը» և մեղադրել կոռուպցիայի մեջ։ Այդ քննադատությունները մամուլը մեկնաբանում էր որպես կոնֆլիկտ Կարեն Կարապետյանի և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի միջև։ Ընկերությունը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, փոխկապակցված է Խաչատրյանի հետ:
Ընկերության դեմ առաջին հրապարակային քննադատությունը հնչեցրել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը 2016 թվականի նոյեմբերին։ Նա հայտարարել էր, որ եթե պարարտանյութի մատակարարումն իրականացվեր մրցույթով, ապա կխնայվեր մոտ 1.5 միլիարդ դրամ:
Ապա 2017 թվականի մարտին «Բերրիության» դեմ քաղհայց է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը։ 2017 թվականի ապրիլին Ֆինանսների նախարարությունը Կառավարությանը տեղեկացրել էր, որ ՀՀ պետական բյուջեից «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ֊ին վճարված սուբսիդիաների դիմաց հողօգտագործողների միջև չի բաշխել մեծ ծավալների պարարտանյութ, իսկ չիրացված պարարտանյութերի համար տրամադրված սուբսիդիաները և այդ խմբաքանակների բեռնափոխադրման համար հատկացված դրամաշնորհները ընկերությունը ՀՀ պետական բյուջե չի վերադարձրել։
Կառավարության վերջին որոշումը, կարծես, վկայում է, որ Կարապետյան֊Խաչատրյան կոնֆլիկտը հարթվել է։
Կառավարության վերջին որոշմամբ՝ Ֆինանսների նախարարությունը հրաժարվել է 15 850.000 դրամ տուգանքից՝ Կառավարության կողմից տրված բյուջետային վարկով սահմանված պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար։
Բյուջետային վարկը «Բերրիությանը» տրվել էր 2015 թվականի փետրվարի 5-ին։ Այն կազմել էր մոտ 4 միլիարդ (3 991 584 000) դրամ և տրվել էր առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով։ Այս տարվա մարտի 16-ի որոշմամբ՝ Կառավարությունը հորդորել է ֆինանսների նախարարին «Բերրիության» «տույժերը համարել ներված»: Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը հրաժարվել է տույժերը պահանջելու քաղաքացիական հայցից, նաև հանձնարարել է «Բերրությանը» փոխանցել մոտ 18,5 միլիոն դրամ՝ ազոտական պարարտանյութերի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար՝ երկարացնելով վարկի ժամկետը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը։
Քնար Խուդոյան