Home / Դատարան / Փաստաբանների պալատի նախագահը կուզեր իր դեմ «միասնական թեկնածու» տեսնել․ ընդդիմախոսները դեմ են պայքարի իմիտացիային

Փաստաբանների պալատի նախագահը կուզեր իր դեմ «միասնական թեկնածու» տեսնել․ ընդդիմախոսները դեմ են պայքարի իմիտացիային

Փաստաբանների պալատում սեպտեմբերի 9-ին անցկացվելու են նախագահի ընտրություններ, որոնց առաջադրվել է մեկ թեկնածու՝ գործող նախագահ Արա Զոհրաբյանը։ Վերջին շրջանում Զոհրաբյանը խիստ քննադատության է արժանանում բազմաթիվ փաստաբանների կողմից, սակայն այժմ այլ թեկանծու չկա։ Զոհրաբյանի վարկածով՝ ոչ ոք չի առաջադրվել, քանի որ «վստահ չեն եղել, որ փաստաբանների մեծամասնությունն իրենց օգտին կքվեարկի»։

«Իմ ընդդիմախոսների նման պասիվ վարքագծի պատճառների մասին միայն կարող եմ ենթադրություններ անել, բայց իմ նախընտրական քարոզչությունը ես անկացնում եմ ակտիվ և այն մոտեցմամբ, որ կան մի քանի թեկնածուներ։ Իմ ընդդիմախոսներն իրենց ծայրահեղ դրսևորումներում անուղղակիորեն վիրավորանքներ էին հասցնում փաստաբաններին՝ նշելով, որ իրենք որակյալ փոքրամասնություն են», ֊ այսօր «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում ընտրարշավի մասին խոսելով՝ ասել է Արա Զոհրաբյանը։

Նա հերքել է այն պնդումը, որ փաստաբանները անկախ չեն արտահայտում իրենց կարծիքը Պալատի նախագահի ընտրության ժամանակ, քանի որ վախենում են իրենից։ Նրա խոսքով՝ քվեախցում փաստաբանները մնում են իրենց խղճի հետ միասին։

Զոհրաբյանը, այնուամենայնիվ, պնդել է, որ կցանկանար իր դեմ «միասնական թեկնածու» տեսնել։

Օրեր առաջ Զոհրաբյանից դժգոհող փաստաբաններից մեկը՝ Լուսինե Սահակյանը, Civilnet.am֊ի հետ զրույցում բացատրել է՝ ինչու Զոհրաբյանի ընդդիմախոսներն իրենք թեկնածու չեն առաջադրել։

«Հասկանալի է, որ Արա Զոհրաբյանը շատ ուրախ կլինի, որ լինի պայքար, համենայնդեպս՝ պայքարի իմիտացիա։ Պալատի խորհրդի ընտրությունները ցույց տվեցին, որ ինչպես և երկրում, Պալատում էլ ընտրություններն այնպիսին են դարձել, որ անիմաստ է մտածել, թե դրանք կլինեն արդար», ֊ ասել է Սահակյանը։