Այսօր մի խումբ բնապահպաններ ոսկեգույն գունդ էին գլորում Երևանի կենտրոնի փողոցներում։ Գունդը խորհրդանշում էր ոսկին, որն արտադրելու համար է օֆշորային «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարում հանքարդյունաբերական ֆաբրիկա կառուցում՝ վտանգելով բնությունը։
Ըստ «Լիդիան Արմենիայի» հաշվարկների՝ տասը տարվա ընթացքում արդյունահանվելու է 73 տոննա ոսկի և 300 տոննա արծաթ, որից ընկերությունը 1.4 միլիարդ դոլար մաքուր եկամուտ է ակնկալում։
Բնապահպանները պնդում են, որ «Լիդիանի» գործունեությունից տուժելու է Ջերմուկ քաղաքի բնությունը, որը հանքից գտնվում է ընդամենը 10 կիլոմետրի վրա, ինչպես նաև ջրային պաշարները՝ Արփա գետը, Սևանա լիճը։
Բնապահպան ակտիվիստներն այսօրվա ակցիայի ընթացքում պահում էին«Ոսկին ձեզ, ցիանիդը՝ մե՞զ» գրառումով պաստառ։ Նրանք անցորդներին բաժանում էին տեղեկատվական թերթիկներ՝ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման վտանգների մասին։
Բնապահպանները գունդը Թամանյանի արձանի մոտից գլորելով տարել են Կառավարության շենքի մոտ, ապա դրել այն Հանրապետության հրապարակի կենտրոնին կից ավտոճանապարհի վրա, որտեղից ոստիկանները գունդը հեռացրել են։