Home / Կրթություն / Աշտարակում դասադուլ են անում՝ վթարային դպրոցը նորոգելու պահանջով

Աշտարակում դասադուլ են անում՝ վթարային դպրոցը նորոգելու պահանջով

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ծնողկոմիտեն անժամկետ դասադուլ է հայտարարել՝ պահանջելով հիմնանորոգել դպրոցի շենքը։ Դասադուլին միացել է նաև մանկավարժական անձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է դպրոցի Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Անահիտ Իսպիրյանը։

Նա պատմել է, որ 60֊ից ավել տարի առաջ կառուցված դպրոցի շենքն այսօր վթարային է և հիմնանորոգման կարիք ունի։

Բացի դրանից, 200 աշակերտի համար նախատեսված շենքն այսօր ունի մոտ 602 աշակերտ։ Աշակերտների մեծ թիվը կապված է նրա հետ, որ դա տարածաշրջանի միակ հիմնական դպրոցն է։

«1-ին և 2-րդ յուրաքանչյուր դասարանում սովորում է 38 աշակերտ, որը նորմայից բարձր է», -ասել է Իսպիրյանը։

Դպրոցի վերանորոգման խոստումներ չինովնիկները միշտ տալիս են․ անգամ նամակ են ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն այն անպատասխան է մնացել։

Իսպիրյանը նշել է, որ այս պահին դպրոցում է ԿԳ նախարարության ներկայացուցիչը և Արագածոտնի մարզպետարանի համապատասխան բաժնի ներկայացուցիչը։

«Խոստումներ միշտ են տալիս, բայց մեզ փաստ է պետք», -նշել է Իսպիրյանը՝ ընդգծելով, որ ռեալ քայլեր են ակնկալում։