Home / Կրթություն / Խախտվում է կրթության իրավունքը․ 6 գյուղերում 38 երեխա դպրոց չի հաճախում

Խախտվում է կրթության իրավունքը․ 6 գյուղերում 38 երեխա դպրոց չի հաճախում

Արմավիրի մարզի 5 գյուղերում ազգությամբ եզդի 32 երեխա չի հաճախում դպրոց, որից 19֊ը՝ աղջիկ: Արագածոտնի մարզում դպրոց չի հաճախում 6 եզդի երեխա՝ բոլորն էլ տղա։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ֊ի նախագահ Բորիս Մուրազին։

«Սինջարն» այս վիճակագրությունը հարցման միջոցով ստացել է Արմավիր և Արագածոտն մարզերի մարզպետարաններից։

«Դպրոց չհաճախող երեխաների թիվը կարող է ավելի մեծ լինել։ Կան երեխաներ, որոնք գրանցված են ուսումնական հաստատություններում, սակայն դասի չեն հաճախում»,֊ ասել է Մուրազին։

Այսպես՝ Արմավիր մարզի Արտաշատ գյուղում դպրոց չի հաճախում 10, Սերիկում ՝ 1, Նալբանդյանում՝ 6, Տանձաշատում՝ 9, Եղեգնուտում՝ 6 երեխա։ Արագածոտնի Ճարճակիս գյուղում՝ 6 երեխա։

Բորիս Մուրազին այս թվերը պատրաստվում է ուղարկել Կրթության և գիտության նախարարություն՝ ի ապացույց նրա, որ խախտվել է կրթության պարտադիր լինելու մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա սեպտեմբերից։

Հիշեցնենք, որ «Սինջարը» բազմիցս է բարձրաձայնել եզդի երեխաների՝ հատկապես աղջիկների կրթության իրավունքի իրացման հարցը։ Զեկույցներից մեկում կազմակերպությունը հայտարարել էր, որ եզդի կանանց կրթության իրավունքի խախտմանը նպաստում է նաև ՀՀ պետական մարմինների անգործությունը:

«Եթե ԿԳՆ համապատասխան կառույցները ժամանակին հայտնաբերեն մեր կողմից նախանշված դեպքերը, ապա կարելի է եզդի կանանց կրթության իրավունքի խախտման դեպքերը էականորեն նվազեցնել: Պետք է նաև բարձրացվի հանրության իրազեկվածության մակարդակը, որպեսզի, առաջին հերթին, եզդի ծնողները գիտակցեն, թե ինչով է կարևոր կրթությունը, և երկրորդը՝ գիտակցեն, որ իրենք պատասխանատու են իրենց երեխաների կրթության համար և կարող են ըստ օրենքի նաև պատժվել իրենց երեխաների իրավունքները խախտելու համար», ֊ մասնավորապես, նշված էր զեկույցում:

Tekali Taxi