Երևանի պետական համալսարանի ուսանողներն այսօրվանից անժամկետ դասադուլ են սկսել՝ կրթական տարկետման իրավունքի սահմանափակման դեմ, որը նախատեսված է «Զինապարտության մասին» նոր օրենսդրական նախագծով։
Ուսանողներն առավոտյան 10-ից հավաքվել են ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ, ապա գնացել այլ մասնաշենքեր և այլ համալսարաններ՝ Ագրարային և Ճարտարագիտական, կոչ անելով ուսանողներին միանալ իրենց։ Համալսարանների մասնաշենքերում անվտանգության աշխատակիցները փակում էին դռները, ըստ դասադուլի մասնակիցների՝ դա ակնհայտորեն արվում էր որպեսզի ուսանողները դուրս չգան և չմիանան ակցիային։ Որոշ ուսանողներ սոցցանցերում նաև գրել են, որ իրենց դասախոսները դասադուլին միանալու դեպքում սպառնացել են քննությունները չնշանակել։
Ակցիայի ընթացքում մասնակիցները վանկարկում էին՝ «Տարկետում լինելու ա»։
Դասադուլի կազմակերպիչները այսօր նաև ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով հանդիպում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։ Ստորագրահավաքի տեքստում նրանք ահազանգում են, որ «ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխությունը կարճաժամկետ առումով աննշան ազդեցություն կունենա բանակի համալրման գործընթացի վրա, սակայն քիչ թե շատ երկարաժամկետ հեռանկարում անշրջելի հարված կհասցնի պետության գիտակրթական նորուժին»։
«Հանուն կրթության զարգացման» նախաձեռնությունը հայտարարել է, որ դասադուլը ծայրահեղ քայլ էր, որին դիմել են, քանի որ հանրային քննարկումների իրենց կոչերին և բաց նամակների Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չեն արձագանքել։
Գիտության զարգացման համար պայքարող ուսանողները նաև հիշեցրել են, որ պետությունը գիտությանը կարևորություն չի տալիս․ և դա ոչ միայն գիտնականներին բանակ տանելով է արտահայտվում, այլև ոլորտի ֆինանսավորմամբ․ 2007 թվականից ի վեր կրթության ոլորտի ծախսերի տեսակարար կշիռը 15%-ից իջել է մոտ 1․5%-ի:
Ակցիայի ընթացքում ելույթ է ունեցել ապրիլյան քառօրյայի մասնակից մի ուսանող, ով ընդգծել է, որ բանակին կարևորության մասին խոսելով և արդարացնելով նոր օրինագիծը՝ պետությունը այլ հարցերում չի աջակցում զինվորներին։ Մասնավորապես, նրա խոսքով, ապրիլյան քառօրյայի մասնակիցներին չեն տրամադրում ուսման վարձի զեղչ։
Մանրամասները՝ տեսանյութում․