Ակադեմիական տարկետման վերացման դեմ ուսանողական դասադուլի երրորդ օրը դասադուլի մասնակիցները երթով գնացել են Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Կառավարության աշխատակիցները դուրս են եկել և հայտարարել, որ վարչապետը պատրաստ է հանդիպել բողոքողներից հինգ հոգու հետ միայն։
Ուսանողները պահանջել են, որ հանդիպմանը ներկա լինի գոնե մեկ լրատվամիջոց։ «Աշխատանքային հանդիպումներին ԶԼՄ֊ները ներկա չեն լինում, միջազգային փորձում էլ այդպես չի արվում», – խնդրանքը մերժել է վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանը։ Նա խոստացել է, որ Կառավարության մամուլի ծառայությունը կնկարահանի և կտրամադրի տեսանյութը ԶԼՄ-ներին։
Շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո դասադուլավոր ուսանողներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ վարչապետի հետ ընդհանուր հայտարարի չեն եկել՝ օրենքը չի փոփոխվելու։ Նա դժգոհել է, որ հանդիպմանը եկել էին նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ինչի մասին նախօրոք ուսանողների պատվիրակները չէին տեղեկացվել։ «Մեր պայմանավորվածությունը խախտվեց», – ասել է Դավիթ Պետրոսյանը։
Ուսանող Վահան Կոստանյանը պատմել է, որ վարչապետը առաջարկել է իրենց նորմատիվ ակտերի առաջարկներ անել՝ «Զինապարտության մասին» նոր օրինագծի ընդունումից հետո միայն։ Ուսանողն ասել է, որ օրենքն ընդունելուց հետո բանակցելու իմաստ չեն տեսնում։
Հիշեցնենք, որ երեկ Կրթության և գիտության նախարարը ուսանողներին ասել էր, որ օրենքի հրապարակված տարբերակն արդեն անցել է առաջին ընթերցմամբ և ընդունվելու է։
Դասադուլը շարունակվելու է վաղը։