2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ոստիկաններն ընդդեմ բողոքող ուսանողների

Այսօր Ազգային ժողովի դիմաց ակադեմիական տարկետման վերացման դեմ պայքարող ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ որոշ ժամանակով դուրս գալով Բաղրամյան պողոտայի երթևեկելի մաս: Ոստիկաններն ավելացրեցին ուժերը՝ ուսանողների դեմ դուրս բերելով նաև կարմիր բերետավորներին: Տեղ-տեղ հրմշտոցի ընթացքում ոստիկանները հարվածում են ակցիայի առանձին մասնակիցներին, գցում գետնին և քարշ տալիս:

Ուսանողական ակցիայի մասնակիցները դիմադրեցին ոստիկանների առաջին հարվածին՝ ամբողջությամբ չազատելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասը: ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետի լսարանում հացադուլ անող ուսանողներն ընդունեցին ակցիային միանալու կոչը: Կոչը հնչեցրած Վահան Կոստանյանը հայտարարեց, որ հետագա քայլերը պետք է որոշվեն կոլեկտիվ սկզբունքով՝ «մեզ պետք են սթափ որոշումներ»:

Ավելի ուշ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպել է լրագրողների հետ։ Մինչ դա, մի քանի ուսանողներ գրեթե մեկ ժամ բանակցություններ էին վարել Ազգային ժողովում:

Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ իշխանությունն իրենց կլոր սեղան կազմակերպելու հնարավորություն է տվել։ Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ նրանք ուսանողների հետ խոսել են երեք կարևոր կետի շուրջ։ Կլոր սեղանի շրջանակներում, որը լինելու է հրապարակային, քննարկվելու է տարկետման խնդիրը, ուսանողության և կրթության «բազում խնդիրներ»։