Գլխավոր / Ազգային ժողով / Ուսանողները առաջարկում են բանակում ծառայելու նոր տարբերակ

Ուսանողները առաջարկում են բանակում ծառայելու նոր տարբերակ

Ակադեմիական տարկետման վերացման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման»  նախաձեռնության անդամները այսօր Ազգային ժողովում  իշխանությունների հետ կլոր սեղանի ընթացքում նոր առաջարկ են ներկայացրել։ «Մենք փորձել ենք մշակել մի առաջարկ, որը կպահպանի կրթության անընդհատության սկզբունքը և ավելի իրատեսական կդարձնի «բոլորը պետք է ծառայեն» սկզբունքը», — ասել է նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

Ուսանողները առաջարկում են պարտադիր զինվորական ծառայության 2 տարին բաշխվի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերի  ընթացքում։ «4 տարվա բակալավրի ընթացքում բաշխենք 1.5 տարվա ծառայությունը, այսինքն մեկ տարվա ընթացքում 4 ամիս՝ երկու֊երկու ամսով։ Սա, իհարկե, կարելի է մանրամասն քննարկել։ Սա հնարավորություն է տալիս, որ ոչ թե մենք բուհը տանենք բանակ, այլ բանակը բերենք բուհ։ Ուսանողի կրթության անընդհատության սզբունքը չի խախտվում, միևնույն ժամանակ նա անցնում է ծառայություն»։

Այս առաջարկով, ըստ Պետրոսյանի, բանակը կհամալրվի գրագետ մարդկանցով, ուսանողները կծանոթանան բանակի խնդիրներին, կկարողանան այդ խնդիրների մասին գիտական աշխատանքներ գրել․

«Ընդհատուտմներով ծառայությունը կնպաստի նաև բանակում կոնֆլիկտների նվազեցմանը դրական ազդեցություն կունենա զինվոր֊զինվոր,  սպա֊զինվոր հարաբերությունների վրա։ Մյուս կարևոր հանգամանքը՝ զինվորը չի կտրվի քաղաքացիական կյանքից»։

Մագիստրատուրա սովորելու ընթացքում էլ ևս 6 ամիս ծառայություն են առաջարկում, ինչը թույլ կտա, որ մագիստրատուրան ավարտելուց հետո ուսանողը զորակոչվի որպես լեյտենանտ։

Նշենք, որ քննարկմանը Կառավարության կողմը ներկայացնում է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկտրչյանը և Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։ ԱԺ֊ից քննարկմանը մասնակցում են հանրապետականներ Ֆելիքս Ցոլակյանը և Էդուարդ Շարմազանովը, ով վարում է կլոր սեղանը, և ԲՀԿ֊ից՝ Վարդան Բոստանջյանը։

Այս ժամի դրությամբ բանակցությունները շարունակվում են։