Գլխավոր / Բնապահպանություն / «Առավոտը» պլստաց Սյունիքի մարզպետի հայցից

«Առավոտը» պլստաց Սյունիքի մարզպետի հայցից

Մեկ շաբաթ ժամանակ պահանջվեց, որպեսզի Սյունիքի մարզպետի ներկայացուցիչները բացատրեն, թե ինչու է իրենց պետը որոշել դատարանից հետ կանչել «Առավոտ» թերթի դեմ հայցը։ Չինովնիկի մամուլի քարտուղարը պատասխանել է գրավոր․ «Առավոտ» օրաթերթին որպես պատասխանող կողմ ներգրավելը եղել է տեխնիկական խնդրի արդյունք, որը հայտնի դառնալուն պես անմիջապես վերացվել է։

Խուսափողական էր նաև լրատվամիջոցի արձագանքը։ Թերթի ցանցային տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը հեռախոսով Epress.am-ին ասել է, որ դատական գործերով զբաղվում է իրենց թղթակից Ռուզան Մինասյանը։

Epress.am֊ի հետաքրքրվածությունը այս գործով մեծ է, քանի որ, բացի նրանից, որ բնապահպանների և լրատվամիջոցների դեմ իշխանության գործողությունները կարևոր թեմաներ են խմբագրության օրակարգում, մենք և մի շարք լրատվամիջոցներ ևս ներգրավված ենք գործի մեջ որպես պատասխանող կողմ։ Այսպիսով Epress.am֊ը խնդրել է Ռուզան Մինասյանին պատմել Վահե Հակոբյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, արդյոք համաձայնել են հերքում հրապարակել կամ խնդրո առարկա նյութը հեռացնել։ Մինասյանը հարցով է պատասխանել․ «Ինչքանո՞վ է էթիկական նման հարց տալը»։ Նշենք, որ կայքում նյութը այլևս չկա։

Մեր գործընկերը նաև ասել է, որ իրենք սպասում են, թե դատարանը ինչ կարգավիճակ կտա իրենց։ Մինչդեռ համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ եթե հայցվորը դիմում է հայցադիմումը վերադարձնելու պահանջով, դատարանը չի կարող պատասխանողի կարգավիճակ տալ նախկին պատասխանողին։ Այսինքն՝ «Առավոտը» այլևս պատասխանող չէ։

Նշենք, որ ԱԱԾ-ի, Դատախազության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակից հանրապետական Վահե Հակոբյանը ի սկզբանե տարբերակված վերաբերմունք էր ցուցաբերում ԶԼՄ֊ների հանդեպ։ Մարզպետը հայց էր ներկայացրել ընդդեմ բնապահպան Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև Aravot.am, Epress.am և syuniacyerkir․am կայքերի՝ բնապահպանի՝ հանցագործության մասին տված հաղորդումը հրապարակելու համար։ Այն հրապարակել էին նաև ecolur.org֊ը և asekose.am֊ը, որոնց դեմ Հակոբյանը դատարան չի դիմել։ Չինովնիկը բոլոր  պատասխանողներից պահանջում է 2 միլիոն դրամ և հերքում։

«Առավոտի» գործից դուրս մնալու մասին իմացանք նոյեմբերի 15-ի դատական նիստի ժամանակ։ Մարզպետը և նրա ներկայացուցիչը չէին ներկայացել։ Դահլիճում երկու անձիք էին գտնվում, ովքեր լրագրողներին ներկայացել էին որպես «անկախ քաղաքացիներ, որ ուզում են լսել դատը»։ Իսկ երբ դատավորը ընթերցում էր Հակոբյանի՝ հայցը հետ կանչելու մասին դիմումը, երկու անձանցից մեկը ուղղեց նրան․ «Ուշադիր կարդացեք, բողոքը հետ է կանչվում միայն «Առավոտի» մասով՝ այնտեղ գրված է»։ Դատավորին իրենք ասացին, որ «հայցվորի ծանոթներն են»։

Հիշեցնենք, որ բնապահպան Արթուր Գրիգորյանի հայտարարությունը հաղորդում էր՝ ուղղված Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Բնապահպանը խնդրում էր դատախազությանը պարզել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի առնչությունը հասարակական կազմակերպությունների և անհատ անձանց դեմ կազմակերպված՝ վարկաբեկող անիմացիոն հոլովակի նկարահանման և տարածման հետ:

Դատախազությունը հրաժարվել է գործի քննությունից, ինչի համար արժանացել է իրավապաշտպանական կազմակերպությունների ցանցի՝ Հյուման Ռայթս Հաուս Երևանի քննադատությանը․ «Հաշվի առնելով հաղորդման մեջ նկարագրված երևույթների հանրային կարևորությունը իրավապաշտպանների և հանրային գործունեությամբ զբաղվող քաղաքացիների պաշտպանության հարցում՝ Հյուման Ռայթս Հաուս Երևանը քննադատում է իրավապահ մարմինների ձեռնպահ վերաբերմունքը և փաստացի հրաժարումը ուսումնասիրել Գրիգորյանի հաղորդմամբ ներկայացված բոլոր փաստերը և դրվագները, իրականացնել գործի լիարժեք և օբյեկտիվ քննություն», – հայտարարել էին իրավապաշտպանները։

Tekali Taxi