Գլխավոր / Դատարան / «Եվրոպան մեղսակից է»․ Լիբիայում տանջում և խոշտանգում են միգրանտներին և փախստականներին

«Եվրոպան մեղսակից է»․ Լիբիայում տանջում և խոշտանգում են միգրանտներին և փախստականներին

«Ամնեսթի ինթերնեյշնլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրում է եվրոպական տերությունների առաջնորդներին, որ նրանք տեղյակ են Լիբիայի սահմանային գոտում միգրանտների ճամբարներում տեղի ունեցող խոշտանգումների և մարդկանց շահագործման մասին։

Այդ ճամբարները ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից, որը քայլեր չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար։

Եվրոպական միության և Իտալիայի ֆինանսական աջակցությամբ ստեղծված ճամբարներն օգնում են կարգավորել միգրանտների հոսքը դեպի Իտալիա։ Ճամբարների ստեղծումից հետո Եվրոպա մեկնողների թիվը նվազել է 67 տոկոսով, նշանակալիորեն նվազել է նաև ծովում նավաբեկությունների հետևանքով մարդկանց մահվան թիվը։

Այնուամենայնիվ, Ամնեսթի Ինթերնեյշնլը պնդում է, որ ճամբարների ղեկավարությունը գործում է կրիմինալ օրենքներին համապատասխան։

Այնտեղ գործում է կաշառքի, ինչպես նաև ապօրինաբար գումար կորզելու համակարգ։ Այն միգրանտները, որոնց որսում են Եվրոպա փախչելու ճանապարհին, տեղափոխվում են Լիբիայի ապօրինի միգրացիայի դեմ պայքարող մարմնի ղեկավարության ներքո գտնվող ճամբարներ, որտեղ սովորական է մարդկանց խոշտանգումների ենթարկել՝ գումար պահանջելու նպատակով։

Գամբիայից մի մարդ պատմել է իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին, որ նա երեք ամիս անցկացրել է ճամբարում, որտեղ սովի է մատնվել և ծեծի ենթարկվել։

«Նրանք ինձ ծեծում էին ռետինե մահակով, գումար էին ուզում ինձ բաց թողնելու համար։ Նրանք զանգում էին ընտանիքիդ անդամներին քեզ ծեծելու ժամանակ, որպեսզի ընտանիքը փող ուղարկի», ֊ ասել է նա։

Միգրանտների և ապաստան փնտրողների հետ բազմաթիվ հարցազրույցներից հետո Ամնեսթի ինթերնեյշնլը մտադիր է եվրոպական երկրների առաջնորդների դեմ հայցով դատարան դիմել՝ մեղադրելով նրանց մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները չկատարելու մեջ։

«Դուք մեզ դատարանում կտեսնեք։ Հազարավոր միգրանտներ և փախստականներ թակարդված են Լիբիայում՝ այդ երկրի իշխանությունների, ոստիկանների, զինված խմբերի քմահաճույքին մնացած, որոնք հաճախ աշխատում են ֆինանսական շահ ստանալու համար։ Տասնյակ հազարավորներ պահվում են գերբնակեցված ճամբարներում, որտեղ նրանք պարբերաբար խոշտանգումների են ենթարկվում», ֊ հայտարարել է Ամնեսթիի եվրոպական գրասենյակի տնօրեն Յոն Դալհույզենը։

Նա ընդգծել է, որ եվրոպական երկրների կառավարությունները ոչ միայն տեղյակ են տեղի ունեցողից, այլև ակտիվորեն աջակցում են Լիբիայի իշխանություններին միգրանտների ծովային ուղևորությունների կանխման և մարդկանց Լիբիայում պահելու հարցում․ «Նրանք մեղսակից են այս հանցագործություններում»։

Tekali Taxi