Home / Ազգային ժողով / ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի խեղաթյուրված տարբերակը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի խեղաթյուրված տարբերակը

75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ․ այսօր՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 13-ի արտահերթ նիստի ժամանակ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքի նախագիծը։

Հիշեցնենք, որ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի վերջնական տարբերակում Կառավարությունն ավելացվել է «ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման» սկզբունքները, ինչը չկար հանրային քննարկման դրված առաջնային նախագծում։ Այս փոփոխությունները, ըստ կանանց իրավունքներով զբաղվող կազմակարեպությունների, խեղաթյուրում են նախագծի բուն իմաստը։

Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններն ու անհատները նոյեմբերի 23-ին Կառավարության դիմաց պահանջել են վերականգնել նախագծի նախկին անվանումը և որոշ այլ բովանդակային փոփոխություններ անել, որպեսզի օրենքն արդյունավետության տարր ունենա ընտանեկան բռնության զոհերին պաշտպանելու գործում։ Օրենքում անորոշ են «ավանդական արժեքներ», «հաշտեցում» և նման եզրույթների իրավական նշանակությունը։ Փոփոխությունները նաև սահմանափակում են օրենքի հնարավոր շահառուների ցանկը․ օրինակ, համատեղ չբնակվող ամուսինների դեպքում բռնության ենթարկված անձն այլևս չի կարող պաշտպանվել օրենքի պաշտպանական մեխանիզմներով։ Իրավապաշտպանների առաջարկները, սակայն, չեն ընդունվել։