Գլխավոր / Շուկա / Վարկերի պատճառով պայմանագրային զինծառայողը սպանել է տաքսու վարորդին․ պաշտոնական

Վարկերի պատճառով պայմանագրային զինծառայողը սպանել է տաքսու վարորդին․ պաշտոնական

Վարկերը փակելու համար պայմանագրային զինծառայողն (անունը չի նշվում) ապրիլի 21-ին սպանել է տաքսու վարորդ, 1948թ. ծնված Հ.Ազատյանին։ Վերջինիս կիսաքայքայված դիակը հայտրաբերվել էր այս տարվա մայիսի 8-ին Նորամարգ և Ռանչպար գյուղերի դաշտերը բաժանող ջրատարի Նորամարգ գյուղի հատվածի աջ ափին։ Այս մասին ասված է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

«ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ունենալով վարկային պարտավորություններ, պարտքով գումար է խնդրել տարբեր անձանցից, սակայն մերժվել է։ Դեպքի օրը՝ 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, նա նստել է Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում կայանված, նույն քաղաքի բնակչի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենան և մեկնել Արարատի մարզի Նորամարգ գյուղի գերեզմանատուն: Արարատի մարզի Նորամարգ և Ռանչպար գյուղերը բաժանող ոռոգման ջրատարի մոտ, բնական կարիքները հոգալու պատրվակով, վարորդին առաջարկել է կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո միասին դուրս են եկել ավտոմեքենայից, որտեղ պայմանագրային զինծառայողը հարձակվել է վարորդի վրա և ծակող-կտրող գործիքով հինգ անգամ հարվածել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև, գետնից վերցրել մետաղյա ատամնանիվ և հարվածել գլխին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Այնուհետև զինծառայողը վարորդի գրպանից հափշտակել է առկա գումարը և բջջային հեռախոսը, իսկ դին քաշելով՝ գցել ջրատարի մեջ, որից հետո «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, մեկնել է Արարատի մարզի Նորամարգ գյուղ», -նշված է հաղորդագրության մեջ։

Պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (Սպանություն, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով,) և 183-րդ հոդվածի 1-ին մասով (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: