Home / Բանտ / 25 օր տևած հացադուլից հետո Արմեն Բիլյանը հյուծված է

25 օր տևած հացադուլից հետո Արմեն Բիլյանը հյուծված է

25 օր հացադուլի մեջ գտնված և հունվարի 12-ին այն դադարեցրած «Սասնա ծռեր»  խմբի անդամ Արմեն Բիլյանը հյուծված է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Այսօր տեսակցել եմ՝ վիճակը բավականին թույլ է, հյուծված։ Այս պահին հետազոտություններ են արվում, բժիշկների հսկողության տակ է։ Միայն հետազոտությունների արդյունքներից հետո պարզ կդառնա՝ արդյոք քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա, թե՝ ոչ»,- ասաց Ֆանյանը։

Նշենք, որ Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլ էին հայտարարել և պահանջում էին իրենց
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Բիլյանը պահանջում էր նաև իրեն պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել՝ անհրաժեշտության դեպքում տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Բարսեղյանը դեռ շարունակում է հացադուլը: