«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը 27 օր անց դադարեցրել է հացադուլը, նրա պահանջը բավարարվել է մասամբ։ Epress.am-ի հետ զրույցում ամբաստանյալի քույրը՝ Լուսինե Բարսեղյանն ասել է, որ եղբոր ինքնազգացողությունը նորմալ է և նրան տեղափոխել են առանձին խուց։
«Նրա առողջական վիճակը բավարար է։ Նրան տեղափոխել են առանձին խուց, բայց «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում և նախնական տվյալներով հետհացադուլային վիճակից հետո նա հենց այդտեղ էլ մնալու է, նրան չեն տեղափոխելու նախկին խուց», – ասել է Բարսեղյանը։
Քրոջ խոսքով՝ նրա եղբոր պահանջը մասնակի բավարարվել է։ «Եթե նախկինում նա պահանջում էր առանձին խուց Արմավիրի բանտում, հիմա նա առանձին խցում է, բայց «Նուբարաշենում»։
Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը երկու օր անց հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով իրենց տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Հունվարի 12֊ին 25 օր տևած հացադուլից հետո Արմեն Բիլյանը դադարեցրել էր հացադուլը և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։