Հունվարի 15֊ին Քրեակատարողական վարչության (ՔԿՎ) հանրային կապերի բաժնի հայտարարությունը, ըստ որի «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի համար հունվարի 9֊ին բժշկական կոնսիլիում է հրավիրվել, ապատեղեկատվություն է։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը։
«Ես ուզում եմ նշել, որ ապատեղեկատվություն է տարածվել, սուտ է, իրականությանը չի համապատասխանում, հատկապես նշել են, որ իբր իմ ներկայությամբ է եղել։ Ուրեմն հունվարի 9֊ին դատական նիստ է տեղի ունեցել Շենգավիթի դատարանում, բուժակն է նրան օգնություն ցուցաբերել, ընդ որում՝ անփույթ»,֊ ասել է Սարգսյանը։
ՔԿՎ հանրային կապերի բաժնի հայտարարության մեջ ասվում է, որ հունվարի 15-ին Հովհաննես Հարությունյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներին մասնավորապես հայտնել է, որ «Հ. Հարությունյանին ՔԿՀ-ում առաջարկել են փշրված ոսկորներով ֆիզկուլտուրայով զբաղվի և ինքն իրեն բուժի ոտքը»:
«Վերոգրյալի կապակացությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Հ. Հարությունյանի հետազոտության նպատակով տեղի է ունեցել բժշկական կոնսիլիում, այդ թվում` Հ. Հարությունյանի կողմից հրավիրված բժշկի մասնակցությամբ և, ըստ եզրակացության` վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի եղել, ոսկրա-տրավմատիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել»:
Մինչդեռ Հայարփի Սարգսյանի խոսքով՝ Հարությունյանի կողմից հրավիրված բժիշկը մասնակցել է կոնսիլիումի, բայց 2017֊ի ապրիլին։
«Հովհնաննես Հարությունյանի կողմից հրավիրված բժիշկն, ով ի դեպ Հոլանդիայից էր, մասնակցել է անցյալ տարվա ապրիլի 12֊ին կայացած բժշկական կոնսիլիումին, որին ես նույնպես ներկա եմ եղել»,֊ ասել է Սարգսյանը։