«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անգործության դեմ:
«Արդեն մեկ տարի է ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինչը ենթակա էր անհապաղ քննության։ Եվ Գլխավոր դատախազության կողմից քրեական գործի հարուցման որևէ արձագանք չի եղել։ Այդ իսկ պատճառով օրենքով սահմանված կարգով Գլխավոր դատախազության անգործությունը բողոքարկել եմ դատական կարգով», – Epress.am-ին ասել է Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով՝ իր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը վերաբերում էր իր պաշտպանյալի՝ Հովհաննես Հարությունյանի կյանքին և առողջությանը վերաբերող քայլերին։
«Մեկուկես տարվա ընթացքում ես տարբեր կառույցներ միջնորդություններ եմ ներկայացրել իմ պաշտպանյալի կյանքի ու առողջության հետ կապված, որպեսզի նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց։ Իրավասու մարմինների ղեկավարների կողմից իմ պահանջն անտեսվել է, այդ իսկ պատճառով հաղորդումը ներկայացվել է արդարադատության նախկին և ներկայիս նախարարների և Քրեակատարողական վարչության պետի կողմից դրսևորված պաշտոնական դիրքի չարաշահման հիմքով», ֊ ասաց Սարգսյանը:
Հայարփի Սարգսյանը նույն հիմքով ևս մեկ հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին դեռ 2016թ. դեկտեմբերի 12-ին, որը, սակայն, նույնպես անտեսվել էր:
«Մեկ տարի առաջ նրանք իմ հաղորդումը կցեցին «Սասնա ծռերի» քրեական գործին։ Արդյունքում իմ պաշտպանյալը տուժող չճանաչվեց, այսինքն՝ ոչինչ չարվեց։ Բայց այս անգամ հանձագործության մասին իմ հաղորդումը տարբերվում է նրանով, իմ պաշտպանյալի դեմ ուղղված քայլերի վերաբերյալ եմ բողոք ներկայացրել, այլ տվյալ դեպքում իրավասու մարմինների ղեկավարների դեմ է ուղղված։ Ի տարբերություն նախորդ տարվա հաղորդմանը այս անգամ կոնկրետ անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահման մասին է խոսքը։ Եվ նաև այն բժիշկների, որոնք մինչ օրս ապատեղեկատվություն են տարածում, թե իբր բուժել են Հովհաննես Հարությունյանին։ Նրանք պետք է հարցաքննվեն և պատմեն թե ինչպիսի՞ բուժում է իրականացվել, քանի որ փշրված ոսկորներով այդ ոտքը մինչ օրս չի վիրահատվել և նա ցավերի մեջ է»,֊ ասել է փաստաբանը։