Home / Շուկա / Պետական մարմինները Ամանորին միլիոնավոր դրամներ են ծախսել

Պետական մարմինները Ամանորին միլիոնավոր դրամներ են ծախսել

2018 թվականի հունվարի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցում էր ուղարկել բոլոր 18 նախարարություններին, ՀՀ կառավարության աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին, Երևանի քաղաքապետարանին և կառավարությանն առընթեր 6 մարմնի՝ ամանորի ծախսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:

ԻԱԿ֊ը նշում է, որ հարցումն ուղարկելուց 10 աշխատանքային օր հետո՝ հունվարի 26֊ի դրությամբ, 27 մարմնից 25-ից պատասխան է ստացվել։ Կազմակերպությունը Մշակույթի նախարարությունից տեղեկացել է, որ հարցումը տեխնիկական պատճառներով չէին նկատել և շուտով կպատասխանեն, իսկ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանի հետ աշխատանքային հեռախոսահամարով ոչ մի կերպ հնարավոր չի եղել կապ հաստատել:

ԻԱԿ֊ն ընդգծում է, որ ամենահետաքրքրական պատասխանը ստացել է ՀՀ կառավարության աշխատակազմից։

«Պարզվում է ՀՀ վարչապետի ներկայությամբ ամանորի ընդունելության ծախսերը ներառված են հույժ գաղտնի, պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկում, հետևապես և մեզ չտրամադրեցին: Բանն այն է, որ Գնումների մասին օրենքում փոփոխություններից հետո երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ծախսերը չհրապարակվող տեղեկությունների մեջ մտան:
Իսկ ՀՀ վարչապետի ամանորի ընդունելության ծախսերը, ըստ ստացված պատասխանի, «ներառված են եղել գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի հրապարակման ենթակա չեն»: ՀՀ կառավարությունը պետական բյուջեի «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի միջոցների հաշվին ձեռք է բերել 975 հատ ամանորի շնորհավորական բացիկ՝ 682,100 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով», ֊ նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Ըստ ստացված պատասխանների՝ Ամանորի համար ամենաշատը ծախսել է Երևանի քաղաքապետարանը՝ 139,329,092 դրամ համայնքային բյուջեից, որից

֊ 89,864,892 դրամը ծախսվել է սոցիալապես անապահով անձանց սոցիալական փաթեթներ տրամադրելու նպատակով. թվով 21738 հատ, 1 փաթեթի արժեքը 4134 դրամ,

֊ 44,464,200 դրամը՝ Երևանի մանկապարտեզների թվով 40422 երեխայի համար նվեր-փաթեթներ պատրաստելու նպատակով. մեկ փաթեթի արժեքը 1100 դրամ,

Երևանի քաղաքապետարանում ամանորյա պաշտոնական ընդունելության կազմակերպման համար «Արիես քեյթրինգ սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր՝ 5 մլն դրամի չափով:

Ամանորի շնորհավորական բացիկների համար, ըստ քաղաքապետարանի, համայնքային բյուջեից միջոցներ չեն ծախսվել:

Սակայն ԻԱԿ֊ը նշում է, որ իր հարցման մեջ ոչ միայն համայնքային բյուջեից, այլ նաև արտաբյուջետային ծախսերի մասին էլ էր տեղեկություն հայցել, սակայն Երևանի քաղաքապետարանի կողմից փաստացի ուղարկված շնորհավորական բացիկների ծախսի մասին տվյալներ չի ստացել։

Ամանորի շատ ծախսեր կատարած երկրորդ մարմինը Արտաքին գործերի նախարարությունն է։

Նախարարությունը պատասխանում նշել է, որ ոչ բյուջետային միջոցներից (չնշելով, թե ինչպես են գոյանում ոչ բյուջետային միջոցները) ծախսվել է 4,403,460 դրամ, որից 337,260 դրամը հատկացվել է շնորհավորական բացիկներին, 2,860,700 դրամը՝ ընդունելությանը, 850,000 դրամ էլ հատկացվել է երաժշտական ծառայության մատուցմանը, իսկ 355,500 դրամը ծախսվել է զորամաս այցելելիս զինվորների համար 145 տուփ շոկոլադ գնելու նպատակով:

ԱԳՆ-ին փոքր-ինչ զիջում է ՀՀ ոստիկանությունը, որը պետական բյուջեից 4,169,000 դրամ հատկացրել է աշխատակիցների երեխաների համար նվերներ գնելուն: Իսկ շնորհավորական բացիկների և ամանորի ընդունելության կազմակերպման համար գումար չի ծախսվել։

Հաջորդը Ազգային ժողովն է. ԱԺ-ն ամանորին նախապատրաստվել է՝ պետական բյուջեից ծախսելով 3,974,900 դրամ, որից 1,168,000 դրամը հատկացրել է շնորհավորական բացիկներին, իսկ 2,806,900 դրամը՝ ամանորի ընդունելության կազմակերպմանը: Պատասխանում նշված է, որ «ՀՀ ազգային ժողովն ամանորյա նվերների համար գումար չի ծախսել»:

«Սակայն մեր լրագրող գործընկերները էլեկտրոնային գնումների կայքում ուսումնասիրել են 2017թ.-ի դեկտեմբեր ամսին ՀՀ ազգային ժողովի կողմից կնքված պայմանագրերը և պարզել, որ պաշտոնական պատվիրակության ընդունելության համար ՀՀ Ազգային ժողովը ծախսել է շուրջ 44 137 ԱՄՆ դոլարին համարժեք 21185800 դրամ», ֊ նշում է ԻԱԿ։

Ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից 3,337,590 դրամ է հատկացրել ամանորի նախապատրաստություններին. նախարարությունը ամանորի բացիկներ չի գնել, իսկ նախարարության բյուջեից մինչև 12 տարեկան երեխաներ ունեցող աշխատակիցների երեխաների համար ձեռք է բերվել ներկայացման 470 տոմս «Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն»-ից՝ 376,000 դրամով: Ամանորի կապակցությամբ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին և 20-ին ՀՀ ֆինանսների նախարարության շենքում կազմակերպվել են միջոցառումներ՝ 3,299,990 դրամ արժեքով:

Tekali Taxi