ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել, որը խախտում է Կառավարության աշխատանքի թափանցիկությունը և հրապայնականությունը։ Համաձայն որոշման, Կառավարության նիստերը անցկացվելու են դռնփակ, նիստերի արձանագրությունները չեն հրապարակվելու, նիստերին մասնակցած նախարարները իրավունք չեն ունենալու տեղեկատվություն հրապարակել որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Այս սահմանափակումները կարող են մասամբ վերացվել վարչապետի թույլտվությամբ միայն։
Նշենք, որ տվյալ սահմանափակման դրույթն առայժմ ամենալուրջ դժգոհության առիթն է՝ կապված Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի հետ։ E-draft.am կայքում հանրային քննարկման մասնակիցները դժգոհում են գործադիր մարմնի աշխատանքի թափանցիկությունը վերացնելու առիթով։
Կառավարությունը պատասխանել է այդ դժգոհություններին՝ վստահեցնելով, որ վարչապետը կապահովի հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը:
«Ինչու եք նախարարներին խամաճիկ դարձնում, բա ՀՀԿ-ի հռչակած դեմոկրատիան ո՞ւր կորավ։ Դուք փորձում եք սահմանափակել մեր տեղեկացված լինելու իրավունքը, ի՞նչ է կառավարությունը հետկուլիսային աշխատանքով է զբաղվելու», ֊ դժգոհում է քննարկման մասնակից քաղաքացիներից մեկը։
Գործող օրենքով Կառավարության նիստերը դռնբաց են։ Նիստը փակ է լինում պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկություններին առնչվող հարցերի դեպքում միայն։ Այժմ հրապարակային են նաև Կառավարության որոշումները․ դրանք կից հիմնավորումներով և տեղեկանքներով հրապարակվում են gov.am կայքում։
Նշենք, որ, համաձայն, գործող Սահմանադրության, ապրիլից Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի, որն էլ ենթադրում է վարչապետի դերի մեծացում։ Համաձայն տարածված կարծիքի, իշխող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնին առաջադրելու է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին։