Home / Վերլուծություն / Ադրբեջանի ընդդիմությունները բոյկոտելու են արտահերթ նախագահական ընտրությունները

Ադրբեջանի ընդդիմությունները բոյկոտելու են արտահերթ նախագահական ընտրությունները

«Հանրապետական այլընտրանք» շարժումը (REAL) հայտարարել է ապրիլի 11֊ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին։

«Իլհամ Ալիևը դիմել է օրինականության տեսանկյունից կասկածելի քայլի, որպեսզի կրկին ժամանակից շուտ զավթի նախագահի պաշտոնը»,֊ ասված է շարժման հայտարարության մեջ։

«Արտահերթ ընտրությունների հայտարարումը նեղացնում է Ադրբեջանում արդար ու ազատ ընտրություններ անցկացնելու՝ առանց այդ էլ սահմանափակ հնարավորությունները»։ Սահմանափակող կողմերից մեկը, ըստ հայտարարության հեղինակների, «նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկի», REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի բանտարկված լինելու փաստն է։

«Բացի դա, ներկայումս քաղաքական դրդապատճառներով բանտերում են գտնվում բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ ու ակտիվիստներ։ Տեղեկատվության այլընտրանքային աղբյուրները իշխանության կողմից գրեթե ամբողջովին վերացվել են, իսկ աղբյուրները, որոնք դեռ գործում են, ենթարկվում են պարբերական հարձակումների։ Սահմանափակված են նաև հավաքների ու այլ հիմնարար ազատությունները, ինչի հետևանքով էլ REAL֊ին չի հաջողվում համագումար անցկացնել ու վերածվել քաղաքական կուսակցության»։

REAL֊ը չի ճանաչի ընտրությունները, եթե չապահովվեն դրանց անցկացման ժողովրդավարական պայմաններն ու Իլգար Մամեդովի մասնակցությունը, ու կկիրառի քաղաքացիներին այդ կեղծիքին չմասնակցելու կոչի իի իրավունքը, ասում են հայտարարության հեղինակները։

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդում միավորված ընդդիմադիրները, իրենց հերթին, որոշել են բոյկոտել ապրիլի 11֊ին նշանակված ընտրությունները։

Խորհուրդը մտադիր է բողոքի ակցիաներ սկսել ընտրարշավի դեմ։

«Հերթական նախագահական ընտրությունները նշանակված էին հոկտեմբերի 17֊ին։ Այդ մասին հայտարարվել էր ընդամենը երեք շաբաթ առաջ։ Այդ օրը նույնիսկ ոչ աշխատանքային էր ճանաչվել։ Ու հանկարծ հայտարարվում են արտահերթ ընտրություններ, ընդ որում՝ ընտրարշավի մեկնարկից միայն հինգ օր առաջ։ Այս ընթացքում երկրում որևէ արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել, որոնք կհիմնավորեին արտահերթ ընտրությունների անցկացումը։ […] Խորհուրդը ապրիլի 11֊ին ընտրությունների նշանակումը համարում է ծաղրանք ընտրությունների ինստիտուտի հանդեպ, ինչպես նաև՝ դրա մնացորդների ոչնչացում»,֊ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին՝ հավելելով, որ ժողովրդին կոչ են անելու «դիմադրություն ցույց տալ իշխանությունների ձեռնարկած խաղին՝ կիրառելով բոլոր իրավական ու քաղաքական միջոցները»։

Tekali Taxi