Home / Մարզեր / Փլվող տներ, չկատարված խոստումներ, մոռացված տեղահանվածներ Ճամբարակում

Փլվող տներ, չկատարված խոստումներ, մոռացված տեղահանվածներ Ճամբարակում

Մենք հայրենիքը չենք մոռացել, բայց հայրենիքը մեզ մոռացել ա, ասում է Գրիգոր Արամյանը, որը 26 տարի առաջ Ճամբարակ է եկել Արծվաշենից։ Իր բնակատեղին նա բնութագրեց որպես «մի գետնափոր տնակ»։

«Պասպորտով տուն ա, բայց տուն չի էլի», ֊ ասաց նա Epress.am֊ի լրագրողներին՝ խնդրելով նկարահանել այն։ Արամյանը վերջինն էր, ում տուն այցելեցինք Ճամբարակում անցկացրած երկու օրերի ընթացքում։ Ծանր տպավորություն էր, ինչպես և նախորդ տների դեպքում․ ամեն տուն մտնելիս՝ մեզ թվում էր, որ ավելի վատը լինել չի կարող, սակայն հաջորդն էլ ավելի սարսափելի վիճակում էր։

Ճամբարակ․ արծվաշենցիների խնդիրը

Ճամբարակի սկզբնամասում մոլոկանների կառուցած կարմիր կամ նարնջագույն կղմինդրե տանիքներով  տներն են։ Ձյունապատ, միապաղաղ սարերի կողքին՝ գունավոր տանիքները թողնում են հաճելի, անգամ ուրախ տպավորություն։ Բայց հենց այդ տներն էլ տարիներ առաջ Արծվաշենից Ճամբարակ տեղափոխված մարդկանց գլխավոր խնդիրն են դարձել։

Քայլում ենք քաղաքի կենտրոնով։ Մարդկանց հոսքն ուղղվում է դեպի World Vision կազմակերպության գրասենյակի շենք։ Հարցնում ենք՝ ի՞նչ է կատարվում, պատասխանում են՝ Երևանից՝ տելեյից, լրագրողներ են եկել, նաև Կառավարության ներկայացուցիչներ։

Լրագրողները մենք ենք, տելեյից ոչ մեկը չկա, կառավարության ներկայացուցիչներ նույնպես․ մի քանի տասնյակ արծվաշենցիներ արագ շրջապատում են մեզ և սկսում պատմել խնդիրների մասին։ Դեկտեմբերին նրանք եկել էին Երևան և նախագահականի մոտ բողոքի ակցիա կազմակերպել, որի ընթացքում պահանջ ներկայացրել՝ արծվաշենցիները ցանկանում են իրենց հասանելիք ամբողջական գումարը ստանալ։ 2009֊ին Կառավարության ծրագրով Արծվաշենից Ճամբարակ եկած ընտանիքներին որոշվել էր ընդհանուր առմամբ մոտ 6 միլիարդ գումար հատկացնել՝ որպես «նյութական աջակցություն բռնի տեղահանված արծվաշենցիներին»։ Այդ գումարից մարդկանց 700 միլիոն էին տվել։ Փաստորեն, ասում են մարդիկ, 5 միլիարդից ավել դեռ պարտք են։ Այդ գումարը որոշակիորեն կլուծի տները ամրացնելու հարցը։ 700 միլիոն դրամը բաշխելիս՝ ստացվել է յուրաքանչյուր շնչին 320-360 հազար դրամ, բայց դա շատ քիչ է, տները սարսափելի վիճակում են։ Շունչը մեկ միլիոն պիտի ստանար. ժամանակը գնում է, ծերերը մահանում են, և դա զրկում է ընտանիքներին ավել գումար ստանալու հնարավորությունից։ Գումար են հատկացրել միայն նրանց, ովքեր Արծվաշենից են եկել՝ հաշվի չի առնվում այն փաստը, որ ընտանիքը հետագայում մեծացել է։ Կան մարդիկ, ովքեր ստացել են 360 հազարը, բայց այս ընթացքում մահացել․ փաստորեն, նրանց գումարի մնացած մասն ընտանիքը չի ստանա։

ԽՍՀՄ օրոք Ադրբեջանի տարածքում գտնվող Հայաստանի էքսկլավ Արծվաշենի բնակիչների Ճամբարակ գալու պատմությունը սկսել է 1992-ին։ Այն ժամանակ տեղահանվածները պետությունից գումար են ստացել․ արծվաշենցիները գնել են Ճամբարակից հեռացող մոլոկանների փայտից տները։ Բողոքողներն ընդգծում են, որ տարիների ընթացքում հիմնականում միջոցներ չեն ունեցել դրանք վերանորոգելու կամ ամրացնելու․ այժմ այդ տները տառացիորեն փլվում են։ Ծրագիր է եղել արծվաշենցիների համար առանձին թաղամասում քոթեջներ կառուցել, բայց չի իրականացվել։

«Անձը 360 հազար է ստացել, ու բոլորն էլ միանշանակ իրենց տները վերանորոգել են։ Բայց չի բավարարել, հիմա մեր նկուղները փլվում ա․․․ Մենք մեխանիկորեն սահմանապահ ենք, մենք էս պետությանը զինվոր տվող ենք։ Օրինակ, 22 նորակոչիկ տարել են Ջեբրայիլ։ Եթե Ջեբրայիլը մերն ա, ուրեմն Ճամբարակն էլ Հայաստանինն ա․․․ Խի՞ չեն ուզում մեզ լսեն», ֊ ասում է ակցիայի մասնակից տիկին Էլինը։

Սահմանին կանգնած լինելու, սահման պահելու հանգամանքը նշում էին մեր բոլոր զրուցակիցները։ Միջին տարիքի մի տղամարդ ընդգծեց, որ արծվաշենցիներն այսքան տարի սպասում էին մինչև «պետությունը կայանա, բանակը կայանա, հիմա ամեն ինչ ունենք», ու հենց դրա համար էլ խնդիրը նորից են բարձրացնում։

Այդ առնչությամբ արծվաշենցիները դիմել են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որը, մեր զրուցակցի խոսքով, «մեզ սուսացրուց, որ հարցը կառավարությունում չբարձրանա»։

«Խաբեց էլի», ֊ կողքից ճշգրտում են արծվաշենցիները։

Այցեր․ օր առաջին

Ինքնաբուխ հավաքի վերջում խնդրեցինք ուղեկցել տներից մի քանիսը՝ դրանց վիճակը տեսնելու համար։ Արծվաշենցիները սկսեցին վիճել, թե ում տունն է ավելի վատթար վիճակում։ Բացատրում էինք, որ մենք ընդհանուր պատկերն ենք ուզում ցույց տալ, ոչ թե անհատական խնդիրների մասին ենք գրելու, և կարևոր չէ, թե ուր կգնանք։ Երկար բանակցելուց հետո մեզ մեքենայով տարան համայնքի մտնող ճանպարհին գտնվող թաղամաս։ Առաջին իսկ տանը տեսնում ենք, որ դիմապատը ամրացված է քարերով։ Մայիս Արամյանը ստացած գումարով այդքանն է կարողացել անել, տան հետնամասը խարխուլ վիճակում է։

Տուն ենք մտնում․ ամրացված մասը վերապահումներով կարելի է բնակելի անվանել, հետնամասում գտնվող սենյակների պատերն ամբողջովին ճաքած են, փայտե հատակին անցքեր։ Ապրելու համար հարմարեցված, այսինքն՝ ինչ֊որ չափով տաքացվող սենյակներից մեկում, ընտանիքի անդամներն են հավաքվել։ Պատերին կախված վերմակներն ու կտորները ճաքերն են թաքցնում։

Նման վիճակում է պայմանագրային զինծառայող Օհան Օհանյանի տունը։ Տարածքը մեծ է, բայց ընդամենը երկու սենյակ են օգտագործում, մյուսները պիտանի չեն ապրելու համար։

Մեկը մյուսի հետևից խարխուլ տներ ենք տեսնում, և այսպես մի երկու ժամ։ Այցերի ընթացքում մարդիկ սկսում են տան խնդրից խոսել, հետո անցնում սոցիալական այլ խնդիրներին՝ աշխատանք չկա, հողը բերքաբեր չէ, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը ցածր է։

Ուղևորվում ենք համայնքի կենտրոնին մոտ գտնվող Մամիկոն Թիզյանի տուն։ Արծվաշենում, պատմում է 61-ամյա տղամարդը, մեծ գրադարան է ունեցել, ասմունքով է զբաղվել, իսկ Ճամբարակում փոստատար է աշխատել։ Այժմ աշխատանք չունի, ընտանիքը հազիվ է յոլա գնում, տունն էլ փլվում է։

Թիզյանը մեզ իր տան նկուղն է ցույց տալիս՝ ընթացքում պատմելով, որ գազի խողովակն իր տանից 5 մետրի վրա է, բայց գումար չունի, որ գազը տուն հասցնի։ Նկուղ մտնելով՝ զարմանում ենք, թե ինչպես է այդ տունը դեռ կանգուն՝ հիմքում դրված փայտերը փտում են, պատերի վրա բազմաթիվ ճաքեր։

Թիզյանը ցույց է տալիս հրետակոծության տեղերը տան արտաքին պատերի վրա՝ ընթացքում պատմում է, որ որդին հաշմանդամություն ունի, բայց նպաստ չի ստանում, ինքն էլ երկրորդ կարգի հաշմանդամ է։ Կինը երկու ամիս առաջ ոտքն է կոտրել, տանը պառկած է։

«Հիմա ինչո՞վ եք ապրում» հարցին պատասխանում է․ «Հիմա ոչնչով համարյա, ինչո՞վ պիտի ապրեմ»։

Այցեր․ օր երկրորդ

Հաջորդ օրը համայնքի կենտրոնում կրկին հանդիպեցինք արծվաշենցիներին։ Նրանցից մի քանիսը կանգնած են ճանապարհի մոտ, զրուցում են։ Ինչպես ասում են Ճամբարակում, իրենց մոտ երկու եղանակ կա՝ ձմեռ և ցուրտ ձմեռ․ Այս տարի Ճամբարակի համար ոչ բնորոշ տաք եղանակ է (այդ պահին -5), և մարդիկ գերադասում են փողոցում կանգնել, զրուցել, շատերի տների հիմնական մասում միևնույն է ավելի ցուրտ է։ Երկու օրվա ընթացքում հասկացանք, որ համայնքում տարբերակումն արծվաշենցիների և բնիկ ճամբարակցիների միջև հստակ է, արծվաշենցիներն ավելի շատ իրար հետ են «տալի֊առնում»։

Կիսաքանդ տներ մեզ ուղեկցում է Մամիկոն Թիզյանը։ Տներից մեկն արդեն, կարելի է ասել, քանդված է, մի հատվածում վառարան է դրված, ընտանիքի բոլոր անդամները՝ ծերեր, երիտասարդներ, երեխաներ, այդտեղ են հավաքվել։ Հոսանք կա միայն մի տեղ՝ մեկ լամպ կարող են վառել։ Պատերի վրա դարձյալ կտորներ են կախած, որոշ հատվածներում, թվում է, հենց կտորներն են պատի դեր խաղում՝ այնքան մեծ են ճաքերը։ Կինը բողոքում է, որ ապրում են 16 հազար դրամ ամուսնու նպաստով, իր նպաստը կտրել են, բայց հստակ չի կարողանում բացատրել պատճառը։ Պատին 12-ամյա երեխայի նկար է կախած՝ որդին 8 տարի առաջ մահացել է կայծակի հարվածից։ Տան հետնամասում պատի մի հատվածը չկա՝ երկաթյա թիթեղներ են։

Հետո մեզ ևս մի տուն են ցույց տալիս, որն արդեն փլվել է, և այնտեղ ապրող տատիկի համար տուն են վարձել։ Արդեն պատրաստվում էինք Երևան վերադառնալ, երբ մեզ մոտեցավ Գրիգոր Արամյանն ու խնդրեց իր տունն էլ նկարել։

Ասում է՝ Խորհրդային Միության տարիներին Արծվաշենում ոստիկան է աշխատել, մեծ ունեցվածք է թողել այնտեղ։

«Հիմա տունս ջրի մեջ է, գոմս էլ կարող եք տեսնել, կովս էլ, հորթս էլ մինչև ծունկ ջրի մեջ են։ Էս գետնափոր խրճիթն առել եմ, ու մինչև էսօր չեմ կարում սարքել՝ ուժերս չի հերիքում։ Շինանյութ եմ բերել, ձեռի հետ մի բան անում եմ, բայց օգնող չունեմ, չի ստացվում», ֊ ասում է նա։

Կովն էլ իրենը չէ․ Գրիգորն այն պահում է՝ օգտագործելով կաթն ու թրիքը։

Նա այն մարդկանցից է, որը ավելի քիչ գումար կստանա, եթե Կառավարությունը որոշի արծվաշենցիներին տրամադրել փողի մնացած մասը։ Նրա մահացած հայրը գումարի մի փոքր մասն ստացել էր։ Իսկ հիմա գումար միայն Գրիգորին է հասնում։

Ներս է հրավիրում․ ևս մեկ սարսափելի վիճակում գտնվող տուն ենք տեսնում։ Նկարում ենք սենյակը, դուրս ենք գալիս ու մի պահ կանգնում միջանցքում։ Մեզ ուղեկցող Մամիկոն Թիզյանը պատերին է նայում ու ասում․ «Սևակն ինչ ա ասել․ «Դե արի, վարդապետ, ու մի խելագարվի…»»։

Արծվաշենցին տեսախցիկի առջև փորձում է ավելի պատկերավոր խոսել՝ իրենց աղետալի վիճակը նկարագրելու համար։ Բայց ինչ էլ ասի՝ խոսքերով ավելի պատկերավոր չի կարող արտահայտել այն, ինչ մենք տեսել ենք։

Tekali Taxi