Home / Ազգային ժողով / Երեք նոր օրենքներ՝ հանուն Սերժ Սարգսյան վարչապետի՞

Երեք նոր օրենքներ՝ հանուն Սերժ Սարգսյան վարչապետի՞

Կառավարությունը բոլոր նոր օրենսդրական նախագծերով հաստատում է ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի մենիշխանությունը։ Այս մասին «Հոդված 3» ակումբում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Այս նպատակը հետապնդող մի քանի, հապճեպ բերված օրենսդրական նախաձեռնություններից մեկով Կառավարության նիստերը փակ են լինելու, իսկ նախարարներին արգելվելու է լրագրողներին հարցազրույցներ տալ նիստերի վերաբերյալ, ինչպես Միրզոյանը նշեց, «առանց շեֆի թույլտվության»։

Մյուսը, որի մասին հիշատակել է «Ելք» խմբակցության պատգամավորը, վերաբերում է 4 ուժային կառույցների՝ Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, Վարչապետի վերահսկողական ծառայությանը և Պետական պահպանության ծառայությանը, բոլոր տեսակի վերահսկողություններից դուրս բերելուն և ապագա վարչապետին ենթարկեցնելուն։

«Չորս ուժային կառույցները դուրս են բերվում խորհրդարանական, հասարակության, և նույնիսկ կառավարության վերահսկողությունից և դառնում, հստակ գրված է, «վարչապետին ենթակա» մարմիններ։ Սրանք Կառավարությանն առընթեր մարմիններ էին։ Կառավարությունը գոնե կոլեգիալ մարմին էր, գոնե ֆորմալ առումով։ Հիմա ենթարկվելու են ուղիղ մի հոգու՝ վարչապետ Սերժ Սարգսյանին։ Ամփոփեմ՝ ոչ մի պատրանք պետք չի ունենալ խորհրդարանական մշակույթի ձևավորման մասին»,֊ ասել է Արարատ Միրզոյանը։

Ազգային ժողովում քննարկվում է նաև մի նախագիծ, որով փոխվում է Անվտանգության խորհրդի կազմը և դրա լիազորությունները։ Ըստ նոր օրինագծի՝ Անվտանգության խորհուրդը ևս ղեկավարելու է ապագա վարչապետը։

Այս փոփոխությունը, ինչպես և նախորդները, բխում են նոր Սահմանադրությունից, լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարում են ՀՀԿ֊ականները, մասնավորապես Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և ԱԺ ՀԿԿ֊ական պատգամավոր Հրայր Թովմասյանը։

Նշենք, որ, համաձայն գործող Սահմանադրության, ապրիլից Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի, որն էլ ենթադրում է վարչապետի դերի մեծացում։ Համաձայն տարածված կարծիքի, իշխող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնին առաջադրելու է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին։

Tekali Taxi