Home / Բանտ / Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարի պահանջեցին

Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարի պահանջեցին

Դատախազ Հակոբ Ենոքյանն ապացուցված է համարել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքը և այսօրվա դատական նիստին միջնորդել է նրան ազատազրկել 11 տարով։ Ըստ մեղադրականի՝ 2016-ի հունիսի 20-ին ձերբակալված Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։

Գործով անցնող մյուս 6 ամբաստանյալների համար դատախազը նախատեսել է 2-ից 4.5 տարի ազատազրկում. Գևորգ Սաֆարյանի համար՝ 4,5 տարի, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հրայր Թոփչյանի համար՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4,5 տարի, Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարի։

Ամբաստանյալ Պետրոսյանը, որին, ըստ մեղադրողի, ամենամեղմ պատժին է սպասվում, միակն է, որ դատարանում ցուցմունք է տվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ։ Նրա մեղադրանքը կարդալու ժամանակ ամբաստանյալ Ներսես Պողոսյանը միջամտել է․ «Արդարացրեք, արդարացրեք, մեղք ա»։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Պողոսյանին հեռացրել է նիստերի դահլիճից։