Այն բանից հետո, երբ ԶԼՄ֊ները տարածել են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նմատմամբ ՀՀԿ֊ականների կողմից կիրառված բռնության կադրերը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել լրագրողների մուտքն ու ելքը Քաղաքապետարան։
Այդ որոշումն առաջացրել է լրագրողների վրդովմունքը։ 8 լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ Երևանի ավագանուն կոչ անելով թույլ չտալ, որ քաղաքապետարանում լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքն անհիմն սահմանափակվի։
Խնդիրը քննարկելու համար այսօր Տարոն Մարգարյանի հետ հանդիպել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
«Ձեզ հետ հանդիպելու նախաձեռնությանս նպատակն է նախ և առաջ պարզաբանում ստանալ, թե ո՞րն է եղել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը և արդյո՞ք հնարավոր չէր այլ լուծում տալ այդ իրավիճակին, որպեսզի չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը։ Հաշվի առնելով, որ ՏԻՄ մարմինները ընտրովի մարմիններ են և պահանջում են կատարյալ թափանցիկություն, հաշվետվողականություն։ Լրատվամիջոցներն էլ այն միջնորդ օղակն են, որով հասարակությունը իրազեկվում է քաղաքապետարանի և ավագանու գործունեության մասին, այս հայտարարության թյուրըմբռնումը, ոչ լիարժեք իրագործումը, կարող է հասարակության և լրագրողական հանրության շրջանում, հաշվի առնելով ավագանու նիստում վերջերս տեղի ունեցած ծանր միջադեպը, ընկալվել որպես փորձ՝ խոչընդոտելու քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը, կոծկել նիստերի ընթացքը, այդպիսով հետագայում խուսափելով աղմակահարույց որևէ այլ միջադեպից», ֊ ասել է Սաթիկ Սեյրանյանը։
Երևանի քաղաքապետը վստահեցրել է, որ լրագրողների աշխատանքը չի խաթարվի․ «Անկեղծ լինեմ, վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների և քաղաքապետարանի համագործակցության ձևաչափը, ինչը սակայն ոչ միայն չի՛ խաթարելու թափանցիկության ապահովումը, այլև առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի և ԶԼՄ-ների համագործակցությունը»։
Նշենք, որ փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը քաղաքապետարանից ոստիկանների օգնությամբ հեռացրել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության թղթակիցներ Ռուզաննա Ստեփանյանին և Սուսաննա Պողոսյանին, ովքեր ցանկանում էին հարցազրույց անել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի հետ։
Արթուր Գևորգյանը հայտարարել է, որ լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել Ավագանու նիստերին։ Ավագանու նիստերի լուսաբանումն իրականացնելու համար լրատավամիջոցներին կտրամադրվի առանձին տարածք, ոչ թե 5-րդ հարկում, որտեղ դահլիճն է, այլ քաղաքապետարանի առաջին հարկում, կլինի նաև ուղիղ հեռարձակում, ինտերնետից օգտվելու հնարավորություն։