«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն դատի է տվել մանր առևտրով զբաղվող մոտ 300 տնտեսվարողների՝ առաքված ապրանքների դիմած մի քանի միլիոն դոլարի չվճարված գումարների գանձման պահանջով։ Կառավարության մոտ այսօր՝ փետրվարի 22-ին, հավաքված առևտրականները, սակայն, Epress.am-ի հետ զրույցում պնդել են, որ իրենք վճարումներ կատարել են և գործ ունեն «ընկերության և լուծարային հանձնաժողովի կողմից կազմակերպված հանցավոր խմբի հետ»։
«Աշտարակ կաթ»-ն իր առաքիչների միջոցով Երևանում և մարզերում տարիներ շարունակ կաթնամթերք է մատակարարել մանրածախ առևտրով զբաղվողներին։ Դրա դիմաց, ինչպես պատմում են ակցիայի մասնակից առևտրականները, իրենք կանխիկ վճարումներ են արել։ Իսկ ընկերությունը խոստացել է՝ հաջորդ ապրանքաքանակի մատակարարման ժամանակ տրամադրել նախորդի վճարման անդորրագիրը, սակայն այդպես էլ չի տվել։
«Այդ մասին են վկայում առաքիչների հայտարարությունները, որոնք գտնվում են մեզ մոտ։ Նրանք մանրածախ առևտրի օբյեկտներից գանձված գումարը անձամբ մուտք են արել ընկերության հաշվապահություն։ Այնտեղ իրենք ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրել են, որ այդ պարտքը իրենց վրայից դուրս գա և իրենց վրայից դուրս է եկել, բայց թաքցվել է այն ապացույցը, որ առաքիչը պարտք չէ։ Եթե առաքիչը պարտք չէ, նշանակում է առևտրով զբաղվողը վճարում է կատարել։ Եվ այսպես վճարման վերաբերյալ ապացույցը թաքցվել է։ Մեր խորը համոզմամբ՝ գործել է կազմակերպված հանցավոր խումբ, դա նշանակում է, որ ազգային անվտանգության խնդիր կա», – ասել է ակցիային մասնակցող «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն»-ի նախագահ Արթուր Աթայանը։
Անհատ ձեռներեց Գևորգ Հարությունյանի դեմ ընկերությունը նույնպես հայցադիմում է ներկայացրել։ «Մենք ապրանքը ստանալու պահին մուծել ենք գումարները։ Անցել է մոտ 2 տարի և բոլորս դատարանի կողմից ստացել ենք թղթեր՝ գումարի բռնագանձման վերաբերյալ», – Հարությունյանի խոսքով՝ դրա պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել, քանի որ իրենց գույքի և անձնական հաշիվների վրա կալանք է դրվել։
Տարիներ շարունակ, պատմել են ակցիայի մասնակիցները, իրենք աշխատել են նույն կերպ և ոչ մի խնդիր չի եղել․ «Եվ փաստորեն ինչ-որ պահից սկսած՝ որոշել են մեր վճարած գումարները համարել չվճարած»։
Քաղաքացիները չգիտեն՝ արդյոք դա կապված է ընկերության սեփականատիրոջ փոփոխության հետ, թե ոչ։
Գևորգ Հարությունյանի առաջին դատական նիստն ապրիլին պետք է լիներ, բայց «քանի որ մենք ասում ենք՝ հանցավոր խումբ է եղել, այդ դեպքում դա դառնալու է ոչ թե քաղաքացիական գործ, այլ քրեական»։
Թե քանի տնտեսվարող է «Աշտարակ կաթ»-ի կողմից հայց ստացել, պարզ չէ, սակայն առտրականների խոսքով՝ նրանց թիվը հասնում է մոտ 300-ի։
«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն»-ին պաշտպանության ակնկալիքով՝ դիմել է 30 անհատ ձեռներեց։ Նրանք այսօր նամակով դիմել են դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության տնօրենին։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչել՝ պետության, աշխատողների և կաթ մատակարարողների նկատմամբ խոշոր չափի պարտքեր ունենալու համար։ Այժմ «Աշտարակ կաթի» սեփականատերն է «Պարգև» ՓԲԸ-ն: