Գլխավոր / Վերլուծություն / Ադրբեջանը երբեք չի համակերպվի այս տարածքների կորստի հետ

Ադրբեջանը երբեք չի համակերպվի այս տարածքների կորստի հետ

Ընթացիկ տարին երեսուներորդն է ղարաբաղյան հակամարտության համար, իսկ փետրվարը՝ դրա ամենածանր իրադարձությունների ամիսը։ Ուղիղ երեսուն տարի առաջ՝ փետրվարի 20-ին, ԼՂԻՄ Գերագույն խորհրդի արտահերթ նիստն առաջարկեց Ղարաբաղը պաշտոնապես փոխանցել Հայաստանին, իսկ արդեն մեկ շաբաթ անց՝ փետրվարի 27-ին, Սումգայիթում հայերը ենթարկվեցին հարձակումներըի, որոնց արդյունքում սպանվեցին տասնյակ ու վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ։ Դրան հաջորդած երեսուն տարիները ընդգրկեցին հետխորհրդային տարածքում ամենաարյունարբու պատերազմը, հաշտեցումը, որն այդպես էլ խաղաղություն չդարձավ, ու ճակատի երկու կողմերում նոր՝ ատելությունը ժառանգած սերունդների ծնունդ։ «Էխո Կավկազա» գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը Ղարաբաղի երեսնամյա փորձի մասին զրուցել է ղարաբաղյան ու այլ հետխորհրդային հակամարտությունների փորձագետ Թոմ դը Վաալի հետ։

Վադիմ Դուբնով․ – Երեսուն տարի առաջ ԼՂԻՄ Գերագույն խորհրդի արտահերթ նիստը առաջարկեց Ղարաբաղը փոխանցել Հայաստանին․ Դուք գրել եք, որ հենց այդ որվանից սկսվեց դանդաղ անցումը զինված հակամարտության։ Մինչ այդ, սակայն, անցավ ևս երեք տարի։ Հնարավո՞ր էր արդյոք այդ երեք տարիների ընթացքում կանխել այդ ամենը, թե՞ կողմերը դատապարտված էին պատերազմի։

Թոմ դը Վաալ․ – Ցավոք, ես կարծում եմ, որ այն, ինչ սկսվեց 1988 թվի փետրվարի 20֊ին, անսպասելի ճգնաժամ էր, բայց շատ բարդ էր այն միանգամից լուծել։ Առաջին բախումները տեղի ունեցան արդեն փետրվարի 22֊ին․ երկու երիտասարդ արդբեջանցիներ մահացան, իսկ փետրվարի 28֊ին արդեն տեղի ունեցան ջարդերը ադրբեջանական Սումգայիթ քաղաքում, որտեղ մահացավ ավելի մեծ թվով մարդ, սկսվեց հայերի զանգվածային արտահոսքն Ադրբեջանից ու հակառակը։ Մի քանի օրից կարելի էր խոսել ոչ թե քաղաքական խնդրի, այլ՝ հակամարտության մասին։ Իհարկե, խորհրդային շրջան էր, ու այնտեղ խորհրդային իշխանությունը բավականին ուժեղ էր ճնշելու համար որևէ զանգվածային գործընթացներ, և, իհարկե, երկու կողմերն էլ քիչ զենք ունեին, բայց հակամարտությունը, թեև թույլ զինված, սկսվեց արդեն 30 տարի առաջ։

Վադիմ Դուբնով․ – Իսկ անդառնալի կետի ե՞րբ հասավ։

Թոմ դը Վաալ․ – Փետրվարի 28֊ի սումգայիթյան ջարդերն այս հակամարտության «Չերնոբիլի վթարն» էին․ բոլոր հայերն ու ադրբեջանցիները մտան հակամարտության մեջ, չեզոք դիրք ընդունել այլևս հնարավոր չէր։ Իսկ Մոսկվան պատրաստ չէր հակամարտության։ Գորբաչովն ընդհանրապես, կարծում եմ, լավ պատկերացում չուներ ազգային խնդրի վերաբերյալ, լավ չէր հասկանում՝ ինչ է ղարաբաղյան հակամարտությունը, ու այդ իրադարձությունները ցույց տվեցին հակամարտության մեջ արբիտր լինելու Մոսկվայի անկարողությունը։

Վադիմ Դուբնով․ – Մոսկվայի դերը որքանո՞վ էր պասիվ։ Կան վարկածներ, որոնք Մոսկվային հենց ակտիվ դեր են վերագրում, ու նույնիսկ Ղարաբաղում 90-ականներին իշխանության ներկայացուցիչներն ասում էին, թե «իհարկե, Մոսկվան մեզ օգտագործեց երկիրը պահելու համար, բայց չէ՞ որ մենք էլ իրենց օգտագործեցինք անկախություն ստանալու համար»։ Ինչպե՞ս կարելի է վերլուծել անկախության ձգտելու օբյեկտիվ ու Մոսկվայի գործոնի տարատեսական սուբյեկտիվության, Բաքվի ու Երևանի սխալների պատճառները։

Թոմ դը Վաալ․ – Կան մեծ թվով ապացույցներ առ այն, որ հայերը բազմաթիվ լոբբիստներ ունեին Մոսկվայում, բայց լոբբիստներ ունեին նաև ադրբեջանցիները, թեև ոչ այդքան հանրային։ Կարելի է ասել, որ ադրբեջանական դիրքի գլխավոր լոբբիստը Մոսկվայում Եգոր Լիխաչյովն էր՝ Պոլիտբյուրոյի երկրորդ մարդը։ Այստեղ կա պարադոքս․ որքան էլ որ Մոսվկայում շատերը հիմնականում սատարում էին հայերին, բայց ղեկավարության դիրքը շատ ամուր էր՝ խորհրդային սահմանները փոխել չի կարելի։ Փաստորեն, երկու կողմերն էլ հիասթափված էին։ Գարբաչովն, օրինակ, ընդունում է հայ գրողներին, ու դա հիասթափեցնում է ադրբեջանցիներին, ու այն, որ Մոսկվան չի գնում սահմանների, Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության, իհարկե, վրդովեցնում է հայերին։

Վադիմ Դուբնով․ – Ի դեպ, ինչո՞ւ էր ժողովրդավարական հանրությունը անվերապահորեն սատարում հայերին։

Թոմ դը Վաալ․ – Կարծում եմ, որ առաջին հերթին հայ ու ռուս մտավորականների միջև ավելի շատ կապերի պատճառով։ Երկրորդ հերթին, հայերը, իմ կարծիքով, հարցը շատ լավ մեկնաբանում էին որպես 1921-ին Սատալինի անիրավ գործողությունների հետևանք, իսկ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի մաս լինելը մոսկովյան, ռուս մտավորականությունը ընկալում էին որպես ստալինյան շրջանի հերթական անարդարություն։

Վադիմ Դուբնով․ – Այս 30 տարիների ընթացքում կողմերը երբեմն ցուցաբերել են համաձայնության գալու պատրաստակամություն։ Արդյո՞ք կողմերը իսկապես մոտ էին դրան, թե՞ դրանք ինչ-որ արտաքին քաղաքական խաղեր էին՝ քաջ գիտակցմամբ, որ ոչինչ չի ստացվի։

Թոմ դը Վաալ․ – Ես այսպես կասեի․ հակամարտությունը կարգավորելու բավականաին լուրջ փորձեր, իհարկե, կային, ու, կարծում եմ, դրան պատրաստ էր Լևոն Տեր֊Պետրոսյանը, ով ուներ ռազմավարական հաշվարկ, ըստ որի Հայաստանը չի զարգանա, քանի դեռ չի լուծվել հակամարտությունը։ Կարծում եմ, որ Հեյդար Ալիևը նույնպես պատրաստ էր հակամարտության կարգավորման։ Այստեղ, սակայն, երկու խնդիր կա․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գրեթե անլուծելի է, քանի որ այդ կարգավիճակի վերաբերյալ կան երկու հակառակ վարկածներ՝ արդյո՞ք այն լինելու է Հայաստանի, թե՞ Ադրբեջանի մասը․ այս հարցում փոխզիջում գտնելը, իհարկե, շատ բարդ է։ Երկորդ խնդիրն այն է, որ այս հարցը լուծում են ոչ միայն ղեկավարները, այլև հասարակությունն ունի իր կարծիքը։ Ու ցանկացած ղեկավար, եթե ուզում է լուծել հակամարտությունը, պետք է գործի բավականին զգույշ։ 1998֊ին Տեր֊Պետրոսյանը, հանդգնելով դիմել բավականին համարձակ քայլի, ըստ էության, գահընկեց արվեց։

Վադիմ Դուբնով․ – Այսօր կա՞ն որևէ համարձակ քայլեր, որևէ բանաձևեր։ Տարածքների դիմաց խաղաղության գաղափարը նման դեպքերում կիրառելի՞ է։ Ի՞նչն այսօր կարելի համարել խաղաղություն։ Ու արդյո՞ք այսօր հնարավոր են թեկուզ այնպիսի շփման կետեր, որոնք կային այն ժամանակ։

Թոմ դը Վաալ․ – Ցավոք, կարծում եմ, որ դիրքերը շատ ավելի վատն են, քան այն ժամանակ։ Մանևրելու տարածությունը ավելի փոքր է, և այստեղ ամենասուր ու ցավոտ հարցն այն է, որ հայերը վերահսկում են ոչ միայն բուն Լեռնային Ղարաբաղը։ Վստահ եմ՝ բոլորը քիչ թե շատ հասկանում են, որ հակամարտության ցանկացած կարգավորման պարագայում Լեռնային Ղարաբաղը մնալու է հայերի վերահսկողության տակ։ Այստեղ, սակայն, նաև հարակից տարածքների հարցն է, որոնք Լեռնային Ղարաբաղի մասը չէին՝ Ադրբեջանի շրջանները, որոնք նույնպես գտնվում են հայկական զորքերի վերահսկողության տակ։ Իհարկե, Ադրբեջանը երբեք չի համակերպվի այս տարածքների կորստի հետ, որտեղ ապրում էին մինչ օրս փախստական համարվող կես միլիոն ադրբեջանցիներ։ Իսկ մյուս կողմից, հայկական կողմը դրանք չի վերադարձնի, քանի դեռ չկան անվտանգության ամուր երաշխիքներ։ Կարծում եմ, որ 20 տարի առաջ ավելի հեշտ կլիներ այս հարցը լուծել, քան՝ հիմա։

Tekali Taxi