Home / Հայաստան / «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամին հարվածել են կտրող գործիքով

«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամին հարվածել են կտրող գործիքով

«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամ Հասմիկ Սարգսյանի վրա անհայտ անձը փետրվարի 24-ին հարձակում է գործել։ Բաց նամակում Սարգսյանը դա կապել է «Սասնա ծռեր» խմբին ցուցաբերած իր աջակցության հետ։

«Երեկոյան, երբ ես մոտենում էի իմ բնակության վայրին՝ Ա․Տիգրանյան 3 շենքի 1-ին շքամուտքին, ինձ արագ քայլերով մոտեցավ մի երիտասարդ տղամարդ, գլխարկը աչքերին քաշած, կարճ, մուգ գույնի բաճկոնով, և ձեռքի մեկ շարժումով հարվածելով ինձ՝ անմիջապես հեռացավ։ Ես, նրա հեռանալուց անմիջապես հետո, մտնելով շքամուտք, որտեղ լուսավորություն կար, նկատեցի, որ նրա հարվածի ուղղությամբ, այսինքն՝ թևիցս մինչև կուրծք ընկած հատվածում բաճկոնս կտրտված էր, որը կարող էր առաջանալ միայն սուր կտրող գործիքի միջոցով», – գրել է Սարգսյանը։

Կինն ընդգծում է, որ դա իր նկատմամբ կատարված արդեն 3-րդ մահափորձն է։ Առաջինը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Ժիրայր Սեֆիլյանի դատավարության ժամանակ, «երբ ոստիկանության բազմաթիվ ծառայողների աչքի առջև հանցագործը 7 սանտիմետր երկարություն ունեցող բիզ էր խրել Շենգավիթի դատարանի բակում կայանված իմ մեքենայի անիվի մեջ»։ Նրա փոխանցմամբ՝ երկրորդ մահափորձը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 12-ին՝ կրկին Շենգավիթի դատարանի բակում։

«Բոլոր երեք դեպքերը ես բացրատրում եմ միայն և միայն «Սասնա ծռերին» ցուցաբերած իմ աջակցությամբ։ Սրանով հանցագործ ռեժիմը մեկ անգամ ևս ցույց է տալիս իր հանցագործ և ճղճիմ էությունը, սակայն վստահեցնում եմ, որ դա ինձ երբեք չի կաշկանդելու», -գրել է Սարգսյանը։