Home / Շուկա / Ինչու է մշակվել ծխելու դեմ օրենքը. «ՀԺ»

Ինչու է մշակվել ծխելու դեմ օրենքը. «ՀԺ»

Ծխախոտագործության ոլորտում աշխարհահռչակ «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Հայաստանում արդեն իրականացնում է իր ստեղծած «IQOS» անունը կրող արտադրանքի մանրածախ վաճառքը։ Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, էլեկտրական սարքն այնպես է հարմարեցված, որ դրա վրա ավելացվում է ծխախոտի նոր տիպի գլանակը։ Սարքի միջոցով ծխախոտը չի այրվում, այլ ջեռուցվում է այնքան, որ գոլորշի առաջանա։ Այսինքն, նշում է հոդվածագիրը, այրում չի լինում։

«Հայաստանում վաճառվող այս արտադրանքի տուփի վրա այն ձևակերպումը չի գրված, որը կա բոլոր ծխախոտների վրա։ Տուփի վրա ընդամենը գրված է․ «Այս արտադրանքը զերծ չէ ռիսկերից և առաջացնում է կախվածություն»։ Սրանից չի հասկացվում՝ նոր սերնդի այդ ծխախոտն առողջության համար վտանգավո՞ր է, թե՞ ոչ։ Մինչդեռ, արտադրողը պնդում է, որ այն 95 տոկոսով պակաս վտանգավոր է սովորական ծխախոտից։ Նույնիսկ ասվում է, որ ավելի քան 4 մլրդ դոլար է ծախսվել նորարարությունն իրականություն դարձնելու համար։

Բացի դա ծխախոտի տուփերի վրա ակցիզային դրոշմապիտակ չկա։ Սա նույնպես տարօրինակ է, և հարց է առաջանում, թե ինչու այն չի հարկվում ակցիզային հարկով, ինչպես մնացած բոլոր ծխախոտները։ «IQOS Armenia»-ին այս երկու հարցերի վերաբերյալ մեզ պատասխանեցին, որ «IQOS»֊ը համարվում է արդյունաբերական պատրաստման այլ ծխախոտ։ Դրա համար էլ ոչ ակցիզ ունեն, ոչ էլ ծխախոտների տուփերի վրայի՝ առողջությանը սպառնացող վտանգի մասին գրառումը»։ Ըստ Բեռնի համալսարանում անցկացված հետազոտությանը՝այս ծխախոտի ծուխը պարունակում է ավանդական ծխախոտների ծխի մեջ առկա նիկոտինի 84%-ը։ Հետազոտողները պարզել են, որ ծխախոտի տաքացման համակարգը քաղցքեղածին քիմիական նյութեր է արտադրում, ինչպես ածխածնի մոնօքսիդը, ցնդող օրգանիկ նյութեր և հոտավետ բազմացիկլային ածխաջրածիններ։

Թերթը հիշեցնում է, որ 2017 թվականի մարտի 2-ին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»֊ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը։ Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները։ Ամերիկյան ընկերությունը Հայաստանում կառուցելու է Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոններ։ Այդ ժամանակ փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել։

«Այս տարվա հունվարի 25-ին էլ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային քննարկման դրեց «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին օրենսդրական նախագիծը։ Նախագծով շատ խիստ տուգանքներ սահմանվեց չնախատեսված վայրերում ծխելու համար, սակայն նախագծում մենք չհանդիպեցինք այնպիսի ձևակերպումների, որով կհասկացվեր, որ «IQOS»-ի օգտագործումը նույնպես տուգանք է առաջացնելու։

Քանի դեռ առողջապահության նախարարությունը չի հայտարարել, որ «Ֆիլիպ Մորիս»֊ի այդ արտադրանքի օգտագործումը ևս բերելու է տուգանքի, ապա ողջամիտ կասկածներ ունենք, որ հակածխախոտային օրինագիծը մշակվել է «Ֆիլիպ Մորիս»֊ի արտադրանքին զարկ տալու նպատակով», ֊ եզրափակում է «ՀԺ»֊ն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi