Երևանի կենտրոնն արգելափակված է․ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող #Իմքայլը նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակի հանրահավաքի ժամանակ կոչ արեց մարդկանց տեղափոխվել Ֆրանսիայի հրապարակ և և գիշերն այնտեղ մնալ։ Հրապարակում արդեն մեկ վրան են տեղադրել։
Իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախանշել է գալիք օրերի քայլերը․ «Մենք կարող ենք բացառել ոստիկանական բռնությունը, եթե հենց այս պահին հրապարակում ներկա որևէ մարդ այս պահից մինչև հանգուցալուծումը չհեռանա հրապարակից և փողոցներից։ Ես ինքս տուն չեմ գնալու այնքան ժամանակ մինչև չլինի որևէ հանգուցալուծում։
Եթե, այնուամենայնիվ, ոստիկանության կողմից հարձակում լինի, մեր գործողությունը մեկն է՝ մենք խմբվում ենք և պասիվ դիմադրություն ենք ցույց տալիս։ Ի՞նչ է դա նշանակում․ եթե գալիս են մեզ ցրելու, մենք չեն ցրվում, մենք, ուս ուսի տված, կանգնում ենք իրար մեջքի։
Այս պահին պետք է ամեն ինչ անել, որ այստեղ ներկաների թիվը մեծանա։ Մենք շրջափակելու ենք ամեն ինչ՝ ինչ հնարավոր է շրջափակել։
Մեր գործողությունները լինելու են շուրջօրյա, չկա դադար։ Մենք ՀՀ քաղաքացիներին հենց այսօրվանից հրավիրում ենք հավաքվել․ վաղը պետք է գնանաք մասնակցելու ՀՀԿ նիսիտին, որտեղ Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու են որպես վարչապետի թեկնածու։
Պետք է շրջափակենք ՀՀԿ գրասենյակը և լավ կլինի [դա անել] այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը գտնվի ներսում։ Հենց հիմա մենք կգնանք և առայժմ մեր հսկողության տակ կվերցնենք Երևանի Ֆրանսիայի հրապարակը»։
Փաշինյանը նաև ընդդիամդիր ուժերին միանալու կոչ է արել․ «Ձեր անունից, իմ անունից, Ազատության հրապարակի այս հարթակից համերաշխության ձեռք եմ մեկնում Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերին, բոլոր նրանց, ովքեր երբևէ պայքար են մղել Սերժ Սարգսյանի և նրա ապօրինի իշխանության դեմ։
Մենք այս ընթացքում ունեցել են բազմաթիվ հակասություններ, կռվել ենք, վիճել ենք, երբեմն իրար վիրավորել ենք, բայց ժամանակն է, որ հանուն ժողովրդի համախմբվենք Ազատության հրապարակում և ներենք իրար վիրավորանքի և ամեն ինչի համար»։
22։00-ի դրությամբ հարյուրավոր ընդդիմադիրները շարունակում են կազմակերպվել Ֆրանսիայի հրապարակում՝ փակելով Սայաթ֊Նովա փողոցից, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներից դեպի հրապարակ տանող մուտքերը։