հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մեդիա / Փաշինյանն աջակիցների հետ մտել է Հանրային ռադիո շենք, մարդկանց հրավիրել է հանրահավաքի (թարմացված)

Փաշինյանն աջակիցների հետ մտել է Հանրային ռադիո շենք, մարդկանց հրավիրել է հանրահավաքի (թարմացված)

16։45 Հանրային ռադիոյի եթերային ստուդիայից ներկա ԶԼՄ֊ների միջոցով Նիկոլ Փաշինյանը իր ուղերձն է ընթերցել․

«Ես Ձեզ դիմում եմ Հանրային ռադիոյի եթերային ստուդիայից, որտեղ #Իմ քայլը և «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչները մուտք են գործել՝ բողոքելով այն բանի դեմ, որ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարման ներքո գտնվող Հանրային հեռուստատեսությունը և ընդհանրապես հեռուստատեսությունները Հայաստանի քաղաքացիներին պահում են ինֆորմացիոն բլոկադայի ներքո, ինչպես հարիր է տոտալիտար երկրների հեռուստատեսություններին։

Հանրային հեռուստաընկերությունը մյուս ռադիո և հեռուստաընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումը և Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը։

Ստահոդ քարոզչության ֆոնին Սերժ Սարգսյանը, ի հեճուկս Հայաստանի ժողովրդի առաջ ստանձնած պարտավորության, պատրաստվում է վերստին զավթել Հայաստանի ժողովդրին պատկանող իշխանությունը։ Եվ մենք՝ #Իմ քայլը և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, ձեզ կոչ ենք անում այսօր՝ ժամը 18։30֊ին, հավաքվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում՝ տեր կագնելու Ձեզ պատկանող իշխանությանը, ձեզ պատկանող իրավունքին, ձեզ պատկանող հաղթանակին։

Սիրելի քաղաքացի,

Արա՛ քո քայլը, և Սերժ Սարգսյանը կանի իր հետքայլը։ Արա՛ քո քայլը, և ՀՀԿ֊ն կանի իր հետքայլը։ Արա՛ քո քայլը, և հուսահատությունը կանի իր հետքայլը։ Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։ Այսօր, ժամը 18։30-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Շնորհակալություն»։

Ելույթի ավարտից հետո նա, ի պատասխան լրագրողի հարցին, հայտարարել է, որ Հանրային ռադիոն երբեք չի համաձայնել իրենց երթերի ու հանրահավաքների մասին հայտարարությունները հեռարձակել։

Ուղերձից հետո ընդդիմադիրները լքել են Հանրային ռադիոյի շենքը, որից հետո հոսանքը միացրել են։

16:05 Ռադիոտան շենքում ներկաները զանգահարել են էլեկտրական ցանցեր, որտեղից ասել են, որ վթար է և էլեկտրաէներգիայի մատակարարումը կլինի 2-3 ժամից, հայտնում է Epress.am֊ի թղթակիցը։

15։58 Հանրային ռադիոյի շենքում անջատել են էլեկտրաէներգիան։ Նիկոլ Փաշինյանը 5 րոպե է խնդրել ԶԼՄ֊ներից, որպեսզի ելույթի պատրաստվի և ուղերձով հանդես գա ներկա լրատվամիջոցների միջոցով։

15:50 Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Հանրային ռադիոյի ղեկավար Մարկ Գրիգորյանի հետ, որը մերժել է ուղիղ եթեր տրամադրել՝ նշելով, որ Հանրային ռադիոն լայնորեն լուսաբանել է #Իմքայլը նախաձեռնության հավաքները։ Քիչ անց Նիկոլ Փաշինյանի մոտ եկել է Հանրային ռադիոյի ղեկավարի տեղակալ Լիլիթ Թումանյանը, որը նույնն է  հայտարարել է, սակայն Փաշինյանը դրա հետ չի համաձայնել։ Թումանյանը պնդել է, որ պատրաստ է ուղիղ եթեր տրամադրել, բայց ժամը 19։00֊ին և հաղորդավարի մասնակցությամբ։ Նա հայտարարել է նաև, որ Փաշինյանի աջակիցները շենք մուտք գործելու ժամանակ դուռ են կոտրել և դրանով նյութական վնաս պատճառել։ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել վնասը։

Ուղիղ եթեր տրամադրելու վերաբերյալ բանակցությունները շարունակվել են, և Թումանյանը խնդրել է ժամանակ իր ղեկավարության հետ քննարկելու համար։ Նա ասել է, որ Մարկ Գրիգորյանը երկրում չէ։

15։40 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որի գլխավորած #Իմքայլը նախաձեռնությունը Ֆրանսիայի հրապարակում երկրորդ օրն է շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում, իր աջակիցների հետ այսօր մոտավորապես 15։15֊ի դրությամբ մտել է Հանրային ռադիոյի շենք։ Ոստիկանները փորձել են խանգարել նրանց՝ զենք պահելով նրանց վրա, սակայն չեն կրակել։

«Այստեղ ենք եկել՝ բողոքելով այն բանի դեմ, որ ՀՀ մեդիա դաշտի 90 տոկոսը կամ, կներեք, մի հսկա զանգվածը դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը, ի դեմս Միքայել Մինասյանի (Սերժ Սարգսյանի փեսա֊խմբ․) և Սերժ Սարգսյանի քաղաքական կլանի այլ ներկայացուցիչների։

․․․ Ակցիայի շրջանակներում ուզում եմ ներողություն խնդրել Հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցներից ոստիկաններից, ում անհարմարություն ենք պատճառում այս գործողությամբ, բայց այս անհարմարություններով մենք պայքարում ենք ավելի մեծ անհարմարությունների հետ։ Մեր բոլոր գործողություններն ուղղված են Սերժ Սարգսյանի և ՀՀԿ֊ի դեմ, ովքեր ՀՀ քաղաքացիներին շարունակում են պահել ստրկության մեջ», ֊ Հանրային ռադիոյի եթերայինում լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։

Պատգամավորն ուղիղ եթեր է պահանջում։

15։00  Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքին հայտարարել է, որ «ՀՀԿ ենք փնտրում, որ շրջափակենք»։ Նա հիշեցրել է, որ իր նախաձեռնությունը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է շրջափակել ՀՀԿ գրասենյակը, որտեղ այսօր հայտարարվելու էր Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին, սակայն ՀՀԿ֊ն նիստը տեղափոխել են Ծաղկաձոր և այսօր առավոտյան անցկացրել են այն։ Փաշինյանը Երևանի փողոցներով երթի մեկնարկ է հայտարարել և կրկին կոչ արել բոլորին Ֆրանսիայի հրապարակ գալ։