Home / Ազգային ժողով / Թավշյա հեղափոխության կոմիտե․ Նիկոլ Փաշինյանի ելույթը (թարմացվող)

Թավշյա հեղափոխության կոմիտե․ Նիկոլ Փաշինյանի ելույթը (թարմացվող)

21։15 Նիկոլ Փաշինյան․ «Մենք գտել ենք այն մեթոդը, որով պետք է ծնկի բերենք Սերժ Սարգսյանին ու Հանրապետական կուսակցությանը՝ դա ցանցային մարտավարությունն է։  Երևանում չկա փողոց և հրապարակ, որ մերը չլինի և դրանով մենք հաղթել ենք։

Սովորաբար հրապարակում քնում են, որ այդ հրապարակը պահեն, բայց մենք կարիք չունենք Ֆրանսիայի հրապարակում քնել, եթե Երևանի բոլոր հրապարակները մերն են։

Առաջիկա օրերին մենք կձևավորենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդական թավշյա հեղափոխության կոմիտե, որը կղեկավարի այս շարժումը և այն կհասցնի իր հաղթական ավարտին։ Հեղափոխական կոմիտեներ կստեղծվեն նաև հանրապետության բոլոր մարզերում և բնակավայրերում, և մենք ավելի կազմակերպված կիականացնենք պետական գերատեսչությունների շրջափակումները։

Շատ շուտով պետական բոլոր գերատեսչությունները պետք է կատարեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ժողովրդի անունից լիազորված հեղափոխական կոմիտեի հրամանները, այդ թվում ոստիկանությունը։

Վաղը առավոտից մարզերում, գյուղերում, մարզկենտրոններում, քաղաքներում սկսվում է պետական գերատեսչությունների շրջափակման երրորդ փուլը»։

Նա ընդգծել է, որ վաղվա գործողությունների արդյունքում պետք է բոլոր գերատեսչությունների աշխատողները հրահանգվեն աշխատանքի չգնալ։ Ըստ Փաշինյանի՝ գործողությունները վաղը սկսվելու են ժամը 10:00-ից՝ Ֆրանսիայի հրապարակից և ավարտվելու են Հանրապետության հրապարակում։

Նա նաև խոսել է այսօրվա անելիքների մասին․ «Մենք պետք է երթ անենք Երևանի փողոցներով և մենք մի քիչ արհեստական էինք ձգում այս հանրահավաքը, որ մեր երթը սկսի հենց ժամը 09։00-ի կողմերը։ Գիտե՞ք ինչու, քանի որ հանրապետականները, ըստ որոշ տեղեկությունների, մի հեռու տեղ են գնացել, որ նշեն Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելը և մեր այսօրվա երթից քյաբաբը պետք է սառի նրանց սեղանների վրա»։

Այս գիշեր ցուցարարները գիշերելու են իրենց տներում, սակայն վաղը շարունակելու են գործողությունները։ Ըստ Նիկոլ Փաշինյանի նախանշած ծրագրի՝ մարզերից մարդիկ պետք է ժամանեն մինչև ժամը 10:00-ը, այնուհետև Ֆրանիայի հրապարակից պետք է սկսվեն պետական գերատեսչությունների և հանրապետության մայրուղիների շրջափակման գործողությունները։ Եվ եթե այսօր կաթվածահար է եղել Երևան քաղաքի կենտրոնը, ապա վաղը պետք է կաթվածահար լինի ամբողջ Երևան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչև 3-րդ գյուղ։

20։50 Փաշինյանը դիմել է System of Down ռոք֊խմբի մենակատար Սերժ Թանկյանին, դերասանուհի Արսինե Խանջյանին և շանսոնյե Շառլ Ազնավուրին․

«Այս ամբիոնից ուզում եմ դիմել Սերժ Թանկյանին․ ահա այդ նույն ժողովուրդը կանգնած է այս հրապարակում, դու պարտավոր ես գալ Երևան, և կանգնել այս ժողովրդի կողքին։

Սիրելի՛ Արսինե, նամակ գրելու կարիք չկա, որովհետև բաժանորդը անհասանելի է, վեր կաց, արի՛ Երևան։

Դիմում եմ Շառլ Ազնավուրին։ Հարգելի պարոն Ազնավուր, դուք, որ բազմիցս միջազգային մամուլին հարցազրույցներ եք տվել, ասելով՝ որ Հայաստանում իշխում են մաֆիայի կանոնները, ահա մաֆիայի վերջը եկել է և ձեր ներկայությունը կարևոր է։ Եվ մենք վերջը պետք է տանք առանց մեկ կաթիլ արյան»։

20։25 Նիկոլ Փաշինյանը սկսել է իր հանրահավաքային ելույթը․

«Սիրելի ժողովուրդ,

Սփյուռքահայ դերասան Արսինե Խանջյանը բաց նաամակ է հղել Սերժ Սարգսյանին և այդ նամակում մի այսպիսի խոստովանությւոն կա․ պարզվում է մի քանի տարի առաջ Սերժը նրա հետ զրույցում ասել է, թե հայ ժողովուրդը ոչխարի հոտի պես է։ Արսինե Խանջյանն իր նամակում փորձում է բացատրություն գտնել և ասում է՝ գուցե, դուք քաղաքական ճնշման տակ էիք և դրա համար այդպես ասացիք։

Սիրելի Արսինե,

ուզում եմ ասել, որ դա չէ պատճառը, որ նման արտահատություն է արել։ Դրա պատճառն այն է, որ նա ողջ իր կյանքում շփվում է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, և, ահա, այդ հոտի կողմից նա հռչակվել է ՀՀ վարչապետ։

Շատերը կասեն՝ այսօր ոչինչ չփոխվեց և Սերժ Սարգսյանն էլի առաջին դեմքն է։ Ես պատասխանատու հայատարարում եմ, որ ամեն ինչ փոխվել է, քանի որ Սերժ Սարգսյանը չունի հպատակ ժողովուրդ և կառավարելու ժողովուրդ, և ՀՀ քաղաքացին չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ։

Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը։ Ընդ որում՝ այս հանրահավաքի մասին հայտարարվել է ընդամանեը 6 ժամ առաջ։ Շատերն ասում էին՝ ինչու եք հրապարակ տեղափոխել։ Դա արել ենք, որ ցույց տանք, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն ունի, որ գոյություն ունի ՀՀ քաղաքացին, որ ամենամեծ հրապարակը լեփ-լեցուն է ընդդեմ Սերժ Սարգսյանի»։

Անդրադառնալով փշալարերը հաղթահարելու հարցին՝ Փաշինյանն ասել է, թե ընդհակառակը՝ պետք է այնպես անել, որ դրանք ամրացվեն, քանի որ «այդ փշալարերի հետևում Սերժ Սարգսյանը պիտի գնա գործի ու գնա տուն և Հայաստանը պիտի տեսնի փշալարերի հետևից»։

«Բազմաթիվ մարդիկ նայում են այս հրապարակին և ուզում են հասկանալ՝ այդ ի՞նչ տեղի ունեցավ երկու օրվա ընթացքում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոտքի կանգնեց։ Իսկ տեղի ունեցավ, շատ պարզ մի բան՝ մենք որդեգրեցինք ցանցային գործելակերպը որպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մեթոդ։ Ո՞րն է դա։

Հիշու՞մ եք, երբ մենք կոչով հանդես եկանք, մարդկանց ասացինք՝ փակեք ճանապարհներ, արեք որևէ գործողություն, այդ օրն առաջին անգամ մեր հավաքներին սկսեցին մասնակցել տասնայակ հազար քաղաքացիներ և դա նշանակում է, որ մենք գտել ենք այն մեթոդը, որով պետք է ծնկի բերենք Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին։

Այդ մեթոդը հետևյալն է՝ ոչ թե ինչ֊որ կոնկրետ կազմակերպչական խումբ ասում է՝ դու էս արա, էն արա, այլ քաղաքացին ինքն է ինքնակազմակերպվում և ինքն է այս շարժման տանող ուժը, ոչ թե ինչ֊որ քաղաքական գործիչ կամ կուսակցություն։

Այս շարժումը մի ղեկավար ունի, մի առաջնորդ և այդ մեկ առաջնորդը դու ես, և այդ մեկ առաջնորդը դու ես (մատնացույց է անում ժողովրդին֊խմբ․)», ֊ ասել է Փաշինյանը։

19։50 «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիդ Սանասարյանը խոսել է ոստիկանության գործողությունների մասին։ Նա ընդգծել է, որ այսօր բերման ընթարկողները եղել են ոստիկանության գնդապետներ և փոխգնդապետներ, որովհետև գիտեն, որ շարքայինները ժողովրդի հետ են։

«Երեկ Բաղրամյան պողոտայում մենք գրկախառնվել ենք ոստիկանների հետ, տեսել երջանկության արցունքներ։ Նրանք ասել են, որ չեն հարվածելու մեզ և չեն հարվածել։ Սերժ Սարգսյանն ո՞ւմ շունն է», – եզրափակել է Սանասարյանը։

19։35 «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյան․ «Մենք հազարավորներ ենք։ Մենք տարբեր գործողություններ ենք իրականացնում, և դրանք այս համակարգը պարալիզացնելու են»։

19:30 Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բազմահազարանոց հանրահավաքը մեկնարկել է Հանրապետության հրապարակում։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյան․ «Մի խումբ մարդիկ հավաքվել են մի շենքում և Սերժ Սարգսյանի անունը դրել են վարչապետ, նույն հաջողությամբ նրանք կարող էին Սերժ Սարգսյանին հռչակել թագավոր, կայսր, կամ գալակտիկայի իմպերատոր։ Այս պահից Հայաստանում Սերժ Սարգսյան ՀՀ վարչապետ չկա, ՀՀ-ում այս պահից չկա ՀՀԿ-ի իշխանություն։ ՀՀ֊ում կա մի իշխանություն և այդ իշխանությունը հենց հիմա այս պահին այստեղ է։

Բայց նրանք հրաժարվում են ճանաչել ձեր իշխանությունը, նրանք իրենց շուրջ են հավաքել խեղճ զինվորներին՝ ծանր տեխնիկայով և վահաններով, և սպասում են գնանք այնտեղ նրանց հետ կռիվ անենք։

Ժողովուրդ, մենք շարունակում ենք հաստատել մեր իշխանությունը և թույլ չտալ նրանց, որոնք մեր անունից չեն իշխում, իրականացնել իրենց գործողությունները։ Մենք մտնում ենք այն շենքերը, որ ուզում ենք, որը չենք ուզում, չենք մտնում, ուզում ենք փողոց ենք բացում, ուզում ենք, չենք բացում, մենք ինչ ուզում անում ենք»։

19։16 «Հանրապետության հրապարակ» մետրոյի կանգառում գնացքը չի կանգնում։ Այս րոպեներին Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքի են մասնակցում։

19:15 Մոտ 50 րոպե առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԱԾի համարներով էս ավտոն նոր փորձենց ինձ վրաերթի ենթարկել, քանի որ ես նկարում էի իր տեխզննության կտրոնի բացակայությունը»:

17։42 33 քաղաքացիների, մոտ 8 ժամ պահելով ոստիկանության բաժանմունքում, վերջապես բաց են թողել։ Նրանց հետ թույլ չէին տալիս դուրս գալ նաև փաստաբանին։ Մանրամասները՝ այստեղ։

17։30 Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ այսօր՝ ապրիլի 17-ին Երևան քաղաքի Ֆրիկի փողոցից ոստիկանները 34 TM 967 պետհամարանիշով դեղին գույնի Վազ 2124 մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 6 երիտասարդների։ Ահազանգողը հայտնել է, որ ոստիկանները երիտասարդներին բերման են ենթարկել առանց որևէ իրավական հիմնավորման, իսկ բերման ենթարկված երիտասարդները խաղաղ ցուցարարներ են եղել, վերջիններս հասարակական կարգի կամ այլ խախտում թույլ չեն տվել։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս մասին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:

Թամար Շիրինյան (Ֆեյսբուք). համերաշխություն եմ ուղարկում իմ հայ ընկերներին, հատկապես իմ կին ընկերներին, ովքեր փողոցում են, պայքարում են ոչ միայն պետության օլիգարխա-հայրիշխանության դեմ, այլեւ իրենց ընկեր բողոքականների մաչիզմո-հայրիշխանության հետ/դեմ:

16։45 Նիկոլ Փաշինյանը շարունակում է երթը Երևանի փողոցներով։ Նա հայտարարել է սադրիչների մասին, որոնց միջոցով իշխանությունը ցանկանում է ոստիկանությանը ուժ կիրառելու, այսպես ասած, լեգիտիմ հիմքեր ստեղծել։ Երթի ընթացքում նա մեկ ուղարկված մասնակցի խորհուրդ է տվել տուն գնալ։

16։42 Այսօր Հալաբյան փողոցում, երբ քաղաքացիները փակել էին ճանապարհը, նրանց գործողություններին միջամտում էին քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնց թվում, ըստ տեղեկությունների, ՀՀԿ֊ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի շրջապատից մարդիկ կային։

16։40 Ազգային ժողովում հնչեցրած իր եզրափակիչ ելույթում Սերժ Սարգսյանն ասել․ «Միայն մեկ դիտարկում կանեմ՝ 2007-2017թթ․ ընկնող 10֊ամյակը մեր բոլորիս պատմությունն է։ Դա Սերժ Սարգսյանի պատմությունը չէ։ Եվ չարժե ամեն գնով սևացնել այն, ինչ է թե՝ հարկ կա թուլացնելու քաղաքական մրցակցին։ Արդար չէ։ Այդ տարիների մասին դեռ լուրջ վերլուծություններ կլինեն։ Պատմությունն է տալու գնահատականը»։

Արձագանքելով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե մարդիկ փողոց են դուրս եկել, Սարգսյանն ասել է․ «Որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայատանում, անհրաժեշտ է, որ հանգած հրաբուխները չարթնանան։ Հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»։

15։55 Ապրիլի 17-ին՝ կեսօրին, Նիկոլ Փաշինյանը հազարավոր մարդկանց առջև հայտարարել է ոչ բռնի թավշյա հեղափոխության մեկնարկի մասին։ Ելույթի տեսանյութը․

Վարդգես Գասպարի (Ֆեյսբուք)․ «Հարգելի Edmon Marukyan, փոքր֊ինչ դիսկամֆորտ չե՞ք զգում ծանր զրահատեխնիկայով շրջապատված միջավայրում Ձեր պարլամենտական աշխատանքը կատարելու համար»։

15։50 Փաստաբան Արա Ղարագյոզյանն ասել է, որ ոստիկանական բաժանմունքներում այսօր բերման ենթարկվածներից 36֊ը երեք ժամից ավել են գտնվում, իսկ դա նշանակում է, որ նրանք չունեն կարգավիճակ և փաստացի պատանդ են։

Ֆեյսբուքից․ ՀՅԴ՝ Հայ Յետադիմական Դաշնակցություն։ Մահ կամ իշխանություն։

15։32 «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը չի սատարում Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքարը, այսօր ԱԺ-ի իր ելույթում խոսել է փողոցներում գտնվող ցուցարարների մասին․

«Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են․․․ Ժամեր անց դուք դառնում եք վարչապետ ձեր ձևավորած նոր սահամանադրությամբ։ Այդ սահամանադրությամբ ոստիկանապետն ուղղակիորեն ենթարկվում ա ձեզ, պարոն վարչապետ․․․ Մեկի քթից արյուն եկավ, ձեզ են մեղադրելու։ Մեր թիվ մեկ խնդիրը հիմա պետք ա լինի ամեն ինչ անել, որ ուժ չկիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ»։

ԱԺ֊ում շարունակում են ելույթները Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելուց առաջ։

15։25 Ոստիկանությունը պահանջել է, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում փշալարերի մոտ կանգնած քաղաքացիները հետ գնան, որպեսզի իրենք կարողանան դուրս բերեն ոստիկանական զորքերի մի մասը։

15։20 Կարմիր բերետավորները սկսել են մարդկանց բերման ենթարկել Երևանի մերձակա Գրիգոր Լուսավորիչ փողոցից։

15։10 Ոստիկանական 5 մեքենա արագությամբ հասել է Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ և վարել է ցուցարարների ուղղությամբ, որոնք ստիպված են եղել բացել ճանապարհի մի հատվածը։

Քաղաքապետարանի մուտքի մոտ ակցիա անցկացնող աղջիկներից մեկին բերման են ենթարկել։ Ցուցարարներն առայժմ շարունակում են մնալ Երևանի քաղաքապետարանի մոտ, չնայած երթևեկությունը մասամբ վերականգնվում է։

Վահե Գևորգյան. «Արաբկիր բաժնում 33 հոգով գերի ենք մնացել, արձանագրությունները կազմել են, լցրել են մի սենյակում, ու առանց բացատրության բաց չեն թողնում, փաստաբանների աշխատանքը խոչընդոտվում է»։

14:45 Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում կրկին հիշեցրել է, որ այսօր՝ ժամը 18։30֊ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք է կայանալու, որը, նրա համոզմամբ, պետք է ամենազանգվածայինը լինի Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում։ Այս պահին հազարավոր քաղաքացիներ շարունակում են Երևանի փողոցներում մնալ, ավելանում է մարդկանց թիվը Գյումրիում․ դասադուլներ են հայտարարվել Հայաստանի այլ քաղաքներում։

14։35 Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներն այսօր 16։30 հավաքվում են իրենց օժանդակությունը հայտնելու Հայաստանում այս օրերին տեղի ունեցող Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող քաղաքացիական անհնազանդության շարժմանը: Հավաքվելու մասին տեղեկատվությունը տարածվում է սոցցանցերով։

Վարդան Ջալոյան․ «Կներեք, որ ձեր հետ չեմ. անկապ հիվանդ եմ: Սա հայկական նացիոնալիզմի երևի վերջին պոռթկումն է: Վերջին հայտարարությունը, որ ազգ ենք և այլն … էսէսի տեսակետը ևս հայտնի է. Հայաստանը կարտելային ձեռնարկություն է: Առաջինը հետամնաց տեսակետ է, երկրորդը՝ ոչնչացման ծրագիր: Մտածում եմ. հին հագուստի հետևում նոր դրոշներ կան։

Մեր քաղաքական վիճակը ծանր է, որովհետև աջ ուժերը երիտասարդների հետ չեն: Դաշնակներ, նժդեհականներ, երկրապահներ … աջ ուժերը չեզոքացված են: Լիբերալ ուժերը դատապարտում են անօրինական քայլերը կամ լռում են: Ի՞նչ իդեա է մնում»։

14։25 Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ մի խումբ հայեր ակցիա են անցկացրել՝ ի սոլիդարություն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող բողոքի ակցիաներին։

«Այսօր մեր երկրի գլխին դամոկլյան սրի պես կախված է Սերժ Սարգսյանի ազգակործան իշխանությունը: Այս իշխանությունը մեզ տանում է կործանման: Ես կոչ եմ անում ձեզ՝ մոսկվայաբնակ հայերին, միանալ մեզ, սարքել ձեր ձայնը լսելի: Որ այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պայքարում են ձեր և բոլորիս լուսավոր ապագայի համար, իմանան, որ մենք անտարբեր չենք», ֊ ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Մի կին հարցրել է ակցիայի մասնակիցներից մեկին՝ արդյոք ձեր իրավունքները «այս հողում են» ոտնահարվում․ «Ոչ, ես ինձ Ռուսաստանում ինձ շատ լավ եմ զգում: Բայց խի՞ եմ ինձ լավ զգում Ռուսաստանում, ոչ թե իմ հող ու ջրում: Ինչո՞ւ ես չունեմ հնարավորություն ապրելու արարելու Հայաստանում»:

Ակցիայի տեսանյութը.

https://www.facebook.com/100017749686682/videos/201739837094338/?hc_ref=ARQfTiHLBfsXd1HnhSscPt1ufOI43tMy28dCJ0mZJz28CR1QZqxIf5OMc9q5AVdzGfI

14։20 Այս պահին Երևանի կենտրոնում արգելափակված են բազմաթիվ կառավարական շենքեր՝ ԱԳՆ֊ի, Արդարադատության նախարարության, Կենտրոնական բանկի, ՀՀ դատախազությանը, Պետեկամուտների կոմիտեի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին հարող տարածքը։

Ցուցարարների վանկարկումներից․ «Քայլ արա Սերժի մեջքին, քայլ արա Սերժի պոչկին»։

14:05 Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» արձանի մոտ ակցիա է անցկացվել՝ ի համերաշխություն երևանյան բողոքի ակցիաներին։ Արձանի վրա պաստառ են դրել․ «Սերժ, բաբոն ասում ա՝ բոլ ա»։

14։00 Առավոտյան բերման ենթարկված քաղաքացիներից շատերին ոստիկանական բաժանմունքներից բաց չեն թողնում անգամ օրենքով սահմանաված երեք ժամը լրանալուց հետո։

Ֆեյսբուքից․ «Զ. Չ. «կրթեք ձեր տղաներին, փոքր տարիքից տվեք թող կարդան կին հեղինակների գրականություն, որ այլ կերպ դաստիարակվեն, որ այլ կերպ մտածեն, որ ոստիկան չդառնան, որ զոռբայություն չանեն, որ ունենան մտքի ազատություն, որ իրենց վրա կենտրոնանալուց բացի, որ հրամաններ կատարելուց բացի, որ եզի հայացքով նայելուց բացի, որ երևակայության պակասից, չդառնան տուպոյ գործիք, չդառնան մեքենա, չդառնան փալաս (անտեսում եք, բայց ոստիկանն անգենդեր չէ, ոստիկանների ու զինվորականների մեծամասնությունը տղա-մարդիկ են)»։

13։40 Երևանում մարդիկ շարունակում են բազմահազարանոց ցույցերը, նրանք շրջափակում են կառավարական շենքերը։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Ֆեյսբուքում գրել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ՝ այսօրվա հանրահավաքը կկայանա Հանրապետության հրապարակում, 18։30-ին։

13։35 Հատվածներ Սերժ Սարգսյանի խոսքից ԱԺ֊ում․

֊ Վստահ եմ՝ Հայաստանում շատ֊շատ մարդիկ, գոնե 60 տոկոսը, միգուցե մի փոքր ավելի շատ, դժգոհ են ամեն ինչից, բայց դժգոհ լինել չի նշանակում ըմբոստանալ, դժգոհ լինել չի նշանակում ամեն ինչ մերժել։ Շատ ընտանիքներում երեխաները դժգոհ են ծնողներից, կամ հակառակը։

֊ Իմ ասածը չի նշանակում, որ ընտրութոուններում որոշակի խախտումներ չեն եղել: Ես չեմ ասում, որ դատական և իրավական համակարգում պրոբլեմներ չկան: Իմ ասածն ուրիշ բան է: Իհարկե մեզ համար ամենաօբյեկտիվ գնահատականը մեր ժողովրդի կարծիքն է, բայց նաև միջազգաիին մասնագիտացված կառույցների գնահատականն է: Որովհետև հակառակ պարագայում սուբեկտիվության էլեմենտը մեծանում է:

13։05 Հազարավոր մարդիկ Ֆրանսիայի հրապարակից երթով իջել են դեպի ՀՀ դատախազության շենք և արգելափակել այն։ Բացի դա, մարդիկ շրջափակել են նաև Արտաքին գործերի նախարարության շենքը։

Հալաբյան փողոցում կանգնած հարյուրավոր մարդիկ, լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, քննարկում են կազմակերպել և որոշել են երթով գնալ դեպի Հաղթանակի կամուրջ։

12։50 Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում, պատասխանելով արտագաղթի մասին հարցին, ասել է, որ «արտագաղթի բազմաթիվ պատճառներ կան, որոնց մասին մինչև վերջ բաց խոսելը նպատակահարմար չէ»:

«Ես վստահ եմ, որ այս խոսքերի համար որոշները կփորձեն մեղադրել, որ հարցերը պետք է հրապարակայնորեն քննարկվեն, և այլն, և այլն: Բայց ես կարծում եմ, միշտ էլ կան հանգամանքներ, որոնք մեզ պետք է մի քիչ զգուշացնեն: Ակնհայտ է չէ՞, որ մեր երկխոսությունը այս պահին լսում են ոչ միայն ՀՀ քաղաքացիչները, ոչ միայն մեր բարեկամները, այլև մարդիկ, որոնք մշտապես ինչ֊որ բաներ են փնտրում»:

12:30 ՀՀԿ֊ի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում ասել է, որ «փախուստն անձնական պատասխանատվութունից անընդունելի է»:

«Երբեք չեմ արել: Այդ պատճառով է, որ այստեղ եմ», – ասել է նա:

Սարգսյանը  պարզաբանել է՝ թե ինչու էր ավելի վաղ հայտարարել, որ չի առաջադրվի վարչապետի պաշտոնում, եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները. «Այսօր այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ, քաղաքական գործիչ, ոչ թե հանրապետության երրորդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու: Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ նախագահը: Հոգուտ իմ թեկնածության ես ելույթ եմ ունենում ասելու, որ ունեմ բավարար հնարավորություններ ու ազդեցություն ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակներում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժի ներդաշնակ աշխատանքը»:

12:20 Մինչ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ոստիկանների կողմից արգելափակված Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց ներկայացնում է իր ծրագիրը․

«Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ։ Ինչ իրավիճակ է այսօր այս պահին ՀՀ֊ում․ Ազգային ժողովում արդեն իսկ սկսվել է այդ խամաճիկային նիստը, իսկ Հանարպետության տարբեր քաղաքաներում բողոքի զանգվածային ցույցեր են։ Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել հրապարակ, Իջևանում զանգվածային դասադուլ է, փակված է Իջևան֊Երևան մայրուղին, Վանաձորում զանգվածային դասադուլ է, Երևանում դասադուլ և ճանապարհներ են արգելափակված։ Կապանում և Մեծամորում դասադուլ է։ Այսօր առավոտյան դպրոցական երեխաները շրջափակել են Արտաքին գործերի նախարարի ավտոմեքենան։ Ի՞նչ իրավիճակ է սա։ Ես պաշտոնապես հայտարարում եմ հանրապետությունում հաստատված է հեղափոխական իրավիճակ և ես հիմա այստեղ հայտարարում եմ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության մեկնարկը։

Եթե մենք առավոտյան ճկուն չգտնվեինք, այսօր մենք հնարավոր է ջախջախվեինք ոստիկանության կողմից։ Իրենք բերել են ՀՀ հնարավոր բոլոր տեխնիկական միջոցները, ամբողջ ոստիկանությունը կուտակել։ Մենք պետք է ճկուն լինենք։ Մենք, հայտարարելով ժողովրդակաան հեղափոխություն, պետք է իրականացնենք ժողովրդական հեղափոխություն։ Մենք ուրիշ բան կանենք, մենք հիմա երթով կշարժվենք և գործողություններ կանենք և Կառավարական մնացած շենքերը կպառալիզացնենք։ Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, ներսում նստացույց կանենք, որտեղ չի հաջողվի նստացույց կանենք դրսում։ Երկու դիտարկում։ Մեր պայքարը շարունակում է լինել բաց ձեռքերի պայքար, մենք բացառում ենք բռնություն մեր կողմից։ Իշխանությունը պետք է լինի ժողովրդինը։ Գյումրիի ժողովուրդ, գնացեք, շրջափակեք Քաղաքապետարանի, Մարզպետարանի և մնացած շենքերը, գնացեք նստացույց արեք։ Շրջապափեք գյուղապետարանները, պետական մյուս հիմնարկները։ Նրանք չեն կարող մեզ հաղթել։ Մենք պետք է ցանցային պայքար սկսենք և Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ չունի կառավարելու ժողովուրդ։ Կեցցե՛ ժողովրդական թավշյա հեղափոխությունը, կեցցե՛ ՀՀ ժողովուրդը, կեցցե՛ ՀՀ։ Ուրեմն՝ քայլ արա, մերժիր Սերժին։ Սա շենքերի շրջափակման և բողոքի խաղաղ, ոչ բռնի գործողություններ են։ Բոլոր քաղաքներում թող իրականացնենք նման գործողություններ։ Սերժ Սարգսյանն այլևս չունի Հայաստան կառավարելու համար»։

12։00 Ազգային ժողովում մեկնարկել է նիստը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ իր համար պատիվ է ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Նա այս օրը «պատմական պահ» է անվանել։ Մինչ ԱԺ֊ում նիստ է ացնում, Երևանի փողոցում հազարավոր մարդիկ բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, իսկ ոստիկանները խաղաղ ցուցարարների են բերման ենթարկում։

11։55 Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ ապրիլի 16-ի հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի։

«Մասնագետները նրանց վիճակը գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ», ֊ նշում է պաշտոնական աղբյուրը։

11։15 Երևանի տարբեր հատվածներում շարունակվում են ակցիաները, կան փակ փողոցներ։ Հալաբյան փողոցում քաղաքացիների հետ դիմակայության մեջ են մտել ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանի մարդիկ, որոնք սադրում են մարդկանց, իսկ նկարահանողներին սպառնում են խլել սարքերը։ Արման Սահակյանը ՀՀԿ֊ական Գալուստ Սահակյանի որդին է։

10։55 Լրագրողներն Ազգային ժողովում հարցրել են «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ արդյոք խմբակցության անդամները որևէ գործողություն են անելու ԱԺ֊ի ներսում, օրինակ, պիկետներ։ Մարուքյանը պատասխանել է․ «Մեր ելույթներն են մեր գործողությունները։ Եթե նիստ է անցկացվում և մենք չենք մասնակցում, մենք թույլ ենք տալիս, որ Սերժ Սարգսյանն ընտրվի առանց իր դեմ ասված որևէ խոսքի»։ Հիշեցնենք, որ Մարուքյանը չի միացել «Ելք» խմբակցության իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքարին։

10։50 Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է։ Քաղաքացիների մի խումբ փակած է պահում Հալաբյան փողոցը։ Ոստիկաններն այնտեղ ուժ են կիրառում։

10։35 Այսօր՝ ժամը 09։00-ի սահմաններում, Զեյթունի Ռուբինյանց փողոցի վրա ՊՆ պետհամարանիշներով երեք ավտոբուներով զինծառաոողներ են տեղափոխվել քաղաքի կենտրոնի ուղղութամբ, հայտնում է Epress.am-ի թղթակիցը: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ զինվորների Երևան բերվելը կապ չունի ընդդիմադիրների ցույցերի հետ:

«Այսօր սկսվում են Հայաստանի Առաջին Հանրապետության 100֊ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների փորձերը, որոնք տեղի կունենան Սարդարապատ հուշահամալիրում։ ՀՀ ԶՈւ֊երի որոշ ստորաբաժանումներ առավոտյան կմեկնեն Սարդարապատ, իսկ ցերեկը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայր»,- Ֆեյսբուքում  առավոտյան գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ էլ զինվորներով լի մեքենաների շարասյունը շարժվել է դեպի մայրաքաղաքի կենտրոն։ Շարասյունը ընթացել է Արշակունյաց պողոտայով։

Դա էլ Հովհաննիյանն ալլ կերպ է բացատրել. «Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ, դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքում այդ առնչությամբ գրել է․

«Անկախ իրենց մեկնաբանություններից, դա ուժի ցուցադրում է հանդիսանում։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ համարժեք վարքագիծ կարող էին դրսևորել և զերծ մնալ նման տեղաշարժից՝ կասկածելու հիմքեր չստեղծելու համար»։

10։20 «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան, որը գտնվում է Հալաբյան փողոցում, Epress.am֊ի թղթակցին ասել է, որ Հանրապետական կուսակցության անդամներն արդեն գտնվում են Ազգային ժողովի շենքում։ Հալաբյան փողոցում գտնվող ցուցարարներից մեկը նշել է, որ, իր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը և ՀՀԿ֊ական պատգամավորները առավոտյան շատ վաղ մետրոյով գնացել են Ազգային ժողով։ Այս պահին ցուցարարները փակած են պահում Հալաբյանը։

09։40 Հալաբյան փողոցի մոտ մի խումբ քաղաքացիներ առավոտվանից փակել էին դեպի Հրազդանի կիրճ իջնոց ճանապարհը։ Ոստիկանները մի քանի անձի բերման են ենթարկել։ Նրանցից մեկը ոստիկաններին ասել է, որ իրեն օրինական պահանջ չեն ներկայացնում։ Ի պատասխան դրան, ոստիկանության գնդապետն ասել է՝ տանում ենք, որովհետև շեկ ես։

09:35 Փաշինյանը շարունակում է երթը, քաղաքացիները միանում են։ Առավոտվա համեմատ երթի մասնակիցների թիվը տասնյակ անգամներով աճել է։

09:05 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դանդաղ երթ է իրականացնում Երևանի փողոցներում։ Մարդիկ շարունակում են միանալ նրան։ Երթի մասնակիցներից մեկը ելույթ ունեցավ՝ նշելով, որ մարդիկ այլևս ցանկություն չունեն ապրել մի երկրում, որտեղ քաղբանտարկյալներ կան։ Նա կոչ արեց անջատել համակարգիչները ու դուրս գալ փողոց։

08։55 Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ շարժվում է փողոցներով` պարբերաբար արգելափակելով տարբեր փողոցներ, ապա շարունակելով ընթացքը։ Նրանց նոր մարդիկ են ավելանում։

08։44 Տասնյակ ցուցարարներ կարողացել են հասնել Աբովյան֊Կորյուն խաչմերուկ և արգելափակել այդ հատվածը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենք պետք է շարունակեն արգելափակման գործողությունները։

08:30 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Երիտասարդական մետրոյի մոտ և իր աջակիցների հետ փակել է Աբովյան֊Իսահակյան խաչմերուկը։ Մարդիկ նստել են ասֆալտին։ Ոստիկաններն անընդհատ ասում են, որ քաղաքացիների գործողություններն անօրինական են։ Մինչ դա  հենց այդ հատվածում էին բերման ենթարկել ուսանողներին։

08։15 Երիտասարդական մետրոյի մոտ հավաքված ուսանողներից մոտ 25֊ին բերման են ենթարկել, հայտնում է Epress.am֊ի լրագրողը։ Նրանց թվում է «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

08։10 Ուսանողները սկսել են հավաքվել Երիտասարդական մետրոյի մոտ։ Տարածքում ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան։ Ուսանողները քննարկում են իրենց գործողությունների ընթացքը։

08։00 Նիկոլ Փաշինյանը եկել է Ֆրանսիայի հրապարակ, զրուցում է ոստիկանների հետ, ասում է՝ ոչ ոք չի կարող մարդկանց խանգարել կասեցնել Սերժ Սարգսյանի իշխանության գալը։ Մամուլի միջոցով նա կրկին կոչ է անում քաղաքացիներին սկսել խաղաղ անհնազանդության գործողությունները, մասնավորապես, մտնել պետական գերատեսչություններ և շենքերի ներսում նստացույցեր սկսել։ Սփույռքի հայերին նա կոչ է արել շրջափակել Հայաստանի դեսպանատների շենքերը։

07։52 Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում ուղիղ եթեր է դուրս եկել և կոչ է անում սկսել անհնազանդության գործողությունները, լինել հարգալից ոստիկանների և քաղաքացիների նկատմամբ։

«Մի վախեցեք որևէ բանից, դուք այս երկրի տերն եք։ Մենք պիտի կանխենք Հայաստանի ադրբեջանացումը», ֊ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կրկին կոչ անելով տասնյակ հազարներով դուրս գալ փողոց և սկսել տոտալ շրջափակման գործընթացը։

07:51 Գիշերը ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ որոշել է դադարեցնել ընդդիմադիրների հավաքը։

07:50 Ուսանողները նախատեսել են 08։00-ին կրկին գործողություններ սկսել Երիտասարդական մետրոյի մոտ: Երեկ նրանք փակել էին Հերացի֊Աբովյան փողոցի խաչմերուկը՝ կասեցնելով մեքենաների երթևեկությունը։

07։35 Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կուտակել Բաղրամյան պողոտայում և հարակից փողոցներում։ Փշալարերով փակ է ոչ միայն Բաղրամյան պողոտայի սկզբնամասը, այլ նաև Պռոշյանը՝ Բաղրամյանի հետ հատման կետում։ Հարյուրավոր ոստիկաններ և տասնյակ մեքենաներ կուտակված են Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան փողոցի վրա։

07:30 Այս ընդդիմադիր #Իմ քայլը և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները պատրատսվում են խափանել Ազգային ժողովի նիստը, որի ընթացքում պետք է վարչապետ ընտրվի։ Իշխող Հանրապետականը ցանկանում է այդ դերում տեսնել երկրի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Քաղաքացիներն ակցիաներ են նախատեսել ԱԺ նիստը տապալելու համար։ Փաշինյանը հայտարարել է «Փակիր փողոցը» ակցիայի մասին և բոլոր քաղաքացիներին հրավիրել է մասնակցել դրանց։

ԵՐԵԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ