23։00 Դավիթ Սանասարյանին բերման են ենթարկել։ Այդ նորությունից քիչ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղը 10։00֊ին հանդիպելու է Սերժ Սարգսյանի հետ։ Քիչ անց հայտնի դարձավ, որ Լևոն Բարսեղյանին բաց են թողել։
22։04 Աշխարահռչակ ֆրանսիացի երաժիշտ Շառլ Ազնավուրը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է արել՝ հայաստանյան ժողովրդային ընդվզման բոլոր կողմերին առաջարկելով հավաքվել քննարկումների սեղանի շուրջ։ «Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։ Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը՝ հավատարիմ մնալով մեզ համար այդքան կարևոր մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներին։ Մեծագույն ցանկությունս է, որ հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը և կայանան զարգացած ու խաղաղ Հայաստանում»։
«Սերժը զանգելա Ալիևին, ասելա ախպեր կրակի, էլ չեմ կարում դեմներն առնեմ…», – Ղարաբաղի սահմաններին «փոխհրաձգության և զորքերի տեղաշարժի» մասին լուրերին արձագանքել է ֆեյսբուքի օգտատեր Ե․Զ․-ն։
19։10 Քիչ առաջ հայտնեցին, որ Գյումրիի կայարանից բերման են ենթարկել Լևոն Բարսեղյանին։ Այս մասին գրում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Ավելի վաղ հաղորդագրություն է տարածվել, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանին։
18։51 Աբովյանցիները երկրորդ օրն է շարունակում են Սերժ Սարգսյանի կառավարման դեմ ցույցը։ Ժամը 16։00-ին տասնյակ մարդիկ քայլերթ սկսեցին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ փակելով դրանք և կոչ անելով համաքաղաքացիներին միանալ։ Շուրջ 70 մեքենայով այժմ պատրաստվում են իրականացնել նաև մեքենաներով երթ դեպի Երևան։
18: 20-ի սահմաններում Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսագրություն է տարածել, որ գտնվում է Արտաշատի ոստիկանության բաժնում։ Նա բաժնի պետ Հովհաննիսյանի հետ պայմանավորվել է, որ իրեն բաց կթողնեն և թույլ կտան մասնակցել հանրահավաքին, եթե ցուցարարների կողմից Արարատ մարզի բոլոր փակված ճանապարհները ազատվեն, հատկապես՝ մայրուղու Տափերական համայնքի հատվածը։ Իր վրա հարուցված է քրեական գործ, սակայն ստորագրության դիմաց բաց են թողնելու, եթե պայմանը բավարարվի։ Այդ պահին փակված մայրուղու հատվածում էին գտնվում մարզպետը և Ելք խմբակցության պատգամավոր, 1999-ին Ազգային ժողովում սպանված Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ Վերջինս ևս Գարիկի խոսքին հղում անելով, ցուցարարներին կոչ արեց բաց անել ճանապարհը։ Բացի դա, մարզպետը, որը ևս դեպքի վայրում էր, հորդորում էր մարդկանց բացել ճանապարհը և գնալ մարզպետարան՝ խաղողի գների մասին խոսելու։
17։30-ի դրությամբ Երևանի ոստիկանության բաժիններ են տարել 102 քաղաքացու։
18։00 Նիկոլ Փաշինյանը բազմահազար ցուցարարների հետ ժամը 18:00-ի սահմաններում՝ հանրահավաքից մեկ ժամ առաջ, հասել է Հանրապետության հրապարակ։ Այստեղ կարմիրբերետավորները և ոստիկանները շրջափակել են հանրահավաքի բարձրախոսների տեղադրման հատվածը։ Փաշինյանը կոչով նրանց է դիմել՝ հորդորելով չկատարել ապօրինի հրամաններ և ազատել հատվածը։ «Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, և այլ տարբերակ չկա», ֊ ասել է Փաշինյանը։
Ոստիկանները շարք կազմելով հեռացել են տվյալ տարածքից։ Ցուցարարները ծափերով են ողջունել ոստիկանների քայլը և վանկարկել են․ «Ոստիկանը մերն է»։
Հայաստանի մարզերի բազմաթիվ համայնքներից մարդկանց խմբերը շարունակում են երթը դեպի Երևան՝ մասնակցելու Հանարապետության հրապարակի հանրահավաքին։
17:40 Մի խումբ կանայք իրենց երեխաների հետ միասին փուչիկներով քայլերթով Հանրապետության hրապարակին հարակից փողոցով՝ Նալբանդյանով, իջել են հրապարակ ժամը 19։00֊ին հայտարարված հանրահավաքին մասնակցելու։
17։05 Այսօր առավոտից մարզերում ակտիվորեն փակում են մայրուղիները․
Մասնավորապես, Տավուշի մարզում տասնյակ նոյեմբերյանցիներ քայլերթ և ավտոերթ են անցկացրել՝ մի քանի անգամ տարբեր հատվածներից փակելով դեպի Երևան տանող ճանապարհը։ Նրանց միացել են հարակից բնակավայրերի բնակիչներ։ Մի մասը ուղևորվել են Բագրատաշենի անցակետ, որը նույնպես որոշ ժամանակով արգելափակել են։
Արագածոտնի մարզի Կոշի համայնքի մոտ կոշեցիները փակել են դեպի Երևան տանող գլխավոր մայրուղին։
Նույն մարզի Ուջան գյուղից 10 ավտոմեքենաներ ավտոերթ են անցկացնում դեպի Երևան։
16։56 ՀՀԿ֊ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն անձամբ հրահանգներ է տալիս մեքենաների և բեռնատարների վարորդներին փակել Էջմիածնից դեպի Երևան տանող ճանապարհը՝ խոչընդոտելով երթով մայրաքաղաք գնացող մարդկանց տեղաշարժը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մովսիսյանը հայտարարել է․ «Լավ եմ անում, փակում եմ»։
16։52 Մաշտոց- Թումանյան խաչմերուկից բերման է ենթարկվել Սիլվա անունով կին վարորդ, որն իր վարած մեքենայով այլ մեքենաների հետ միացել էր ցուցարարների քաղաքացիական անհնազանդության գործողություններին՝ փակելով փողոցը։ Սիլվան իր հետ վերցրել է նաև մեքենայի բանալիները։ Մեքենայում են գտնվում նաև այլ կանայք, որոնցից մեկը հղի է։ Ցուցարարները մեքենայում գտնվող ուղևոր կանանց ծաղիկներ են նվիրել և ջուր ու մթերք բերել նրանց համար։
16։50 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոր կյանք համայնքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ընտանիքի անդամների և տաքսու վարորդի հետ պատանդի վիճակում գտնվում է մեքենայի մեջ՝ Արտաշատի ոստիկանության բաժնի տուգանային հրապարակում։
«Սիրելի հայրենակիցնե՛ր, այս պահին հայրս, քույրս, եղբայրս, gg տաքսու վարորդը և ես մեքենայի մեջ փաստացի կալանավորված գտնվում ենք Արտաշատի ոստիկանության բաժնի տուգանային հրապարակում։ Ես նույնիսկ ստիպված եղա իմ բնական կարիքները հոգալ այս շշի մեջ (լուսանկար է կցել֊խմբ․)։ Մեզ հետ ամեն ինչ ընտիր ա։ Սպասում ենք ոստիկանների կողմից հետագա գործողություններին։ Գլուխներդ բա՛րձր, դուխներդ տե՛ղը, հեղափոխությունը արդեն եղել է։ Ես Ձեզ բոլորիդ շաաաաա՜տ, շաաաա՜տ սիրում եմ։ Եվ ուրեմն` ՔԱ՛ՅԼ ԱՐԵՔ, ՄԵՐԺԵ՛Ք ՍԵՐԺԻՆ»,֊ գրել է Սարգսյանը։
14։30֊ի սահմաններում կենտրոնի սրճարաններից մեկից բերման ենթարկված «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում․ «Ժողովուրդ, ամեն ինչ նորմալ է։ Անհանգստանալու բան չկա։ Դուք դուխով շարունակեք»։
16:40 Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, մի խումբ երիտասարդներ փակել էին երթևեկելի մասը։ Ոստիկանության բացակայության պայմաններում ճանապարհը սկսել են բացել մոտ 10 քաղաքացիական հագուստով երիտասարդներ։ Նրանք քաշքշելով փողոցից հանել են ցուցարարներին։ Ականատեսներն ասել է Epress.am֊ին թղթակցին, որ փողոցը բացողները ՀՀԿ֊ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի մերձավոր շրջապատից են։ Քաղաքացիական հագուստով անձինք հեռացել են, երբ Մարգարյան ոստիկաններ են եկել։
Մալաթիայի ոսկու շուկայի աշխատակիցների գործադուլն ու քայլերթը դեպի Երևանի կենտրոն․
16։05 Էջմիածնում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության առավոտյան սկսված բողոքի ցույցի մասնակիցներն ամբողջությամբ փակել են Էջմիածին – Երևան մայրուղին։ Նրանք քայլում են Երևանի ուղղությամբ։ Ճանապարհին նրանց միանում են նոր ցուցարարներ։
Նազարեթ Կարոյան, արվեստի քննադատ․ «Երիտասարդներին փորձը փոխանցելու լավագույն եղանակը անձնական օրինակն է։ Պարոն վարչապետ, կատարեք ձեր վերջին խոստումը, ցույց տվեք երիտասարդներին հրաժարական տալու օրինակը, ապագա իշխանություններին, որոնք այսօր հրապարակում են։ Հրաժարական ներկայացրեք և միացեք նրանց»։
16:00 Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն անձամբ է մասնակցել Մալաթիայում ցուցարարներին ցրելու ու ծեծելու գործին։ Ֆեյսբուքում տարածվող տեսանյութում երևում է, թե ինչպես է Ալեքսանյանը ոտքով հարվածում ցուցարարին, ում ուժով մեքենա են նստեցնում։
https://www.facebook.com/hayacq/videos/1495924227203548/
Ֆեյսբուքից․ Սերժ Սարգսյանը Նիկոլին կանչում է բանակցությունների, և ակնհայտ անտեսում ժողովրդին։ Ուզո՞ւմ ես բանակցել, արի՛ Հրապարակ։
Մի քանի դիմակավորված անձինք և ոստիկանության աշխատակիցներ 14։30֊ի սահմաններում կենտրոնի սրճարաններից մեկից բերման են ենթարկել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանին։ Այս պահին նախաձեռնության անդամները չեն կարողանում ճշտել, թե որ բաժին են տարել Գրիգորյանին։
https://www.facebook.com/babken/videos/10108186500733726/
15:30 Մի քանի տասնյակ մեքենաներ և հարյուրավոր քաղաքացիներ փակել են Բագրատաշենի անցակետը։ Ոստիկանները փորձում են անցակետի երթևեկելի հատվածից հեռացնել մեքենաներին և քաղաքացիներին։ Քաղաքացիներից մեկը Ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերում հեռարձակում է ակցիան, երևում է, որ անցակետի աշխատանքը կատվածահար է եղած։
15։25 Ճանապարհային ոստիկանության մոտ բողոքի ակցիա են անցկացրել շուրջ 300 վարորդներ, ում մեքենաները երեկ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տարել են տուգանային հրապարակ՝ ձայնային ազդանշան տալու համար: ՃՈ տուգանային հրապարակում տեղ չկա, մեքենաների մի մասը տարվել են նաև Երևանի հարավում գտնվող «Ջերմուկ գրուպ» ընկերության տարածք:
ՃՈ-ում առայժմ հրաժարվում են մեքենաները հետ տալ և պահանջում են դիմումներ գրել և սպասել: Ցուցարարների մեջ շատ են տաքսու վարորդները, ովքեր բողոքում են, որ նյութական վնասներ են կրում՝ չկարողանալով աշխատել: Վարորդներից շատերը նաև բռնության են ենթարկվել:
«Ինձ ու պասաժիրին ավտոյից հանեցին բռնությամբ,ասեցին՝ Վովայի (ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան֊խմբ․) մեքենաների դեմն եմ կանգնել: Ես ոչ սիգնալ էի տալիս, ոչ էլ կանգնած էի», – մեզ հետ զրույցում ասել է տաքսու վարորդներից մեկը: Մեքենաներից շատերը դիտավորյալ վնավսել են տուգանային հրապարակում՝ ծակել են անվադողերը, հանել կողային հայլիները մեկը, խազել:
«Ով է փոխհատուցելու, ով է սարքելու», – հարցնում էին բողոքողները ՃՈ աշխատակցին:
Վերջինս ասել է, որ իրենք վարչական մարմին են, փոխհատուցման հարցերով վարորդները ցանկության դեպքում պետք է դիմեն դատական մարմնին:
15։20 Արարատից Երևան շարժվող ավտոերթի մասնակիցների ընթացքը կասեցվել է ոստիկանների կողմից, նրանք փակել են ցուցարարների ճանապարհը։ Դրանից հետո ավոտերթի մասնակից, Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի ավտոմեքենայի վրա են հարձակվել առանց պետհամարանիշի մեքենայից դուրս եկած անհայտ անձինք՝ երկաթե ձողերով հարվածելով դրան։ Քիչ անց ոստիկանները քարշակով տարհանել են Սարգսյանի մեքենան։ Դեպքի վայր են եկել մի քանի տղամարդ, որոնք սկսել են բողոքել ավոտերթի անցկացումից։ Նրանցից մեկը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին ասել է, թե «ոչ ոք իրավունք չունի բան ասել մեր վարչապետին»։ Ինչպես հայտնում է լրագրողը, այդ մարդկանց շրջանում Արարատի մարզի որոշ համայնքների գյուղապետեր կան։
15։10 Այսօր կեսօրին Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հավաքվել են և «Միացեք», «Քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկումներով բողոքի ակցիա անցկացրել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։
«Ֆեյսբուք»-ից․ Հուսով եմ ամեն ինչ կշարունակվի մինչև ապրիլի 24֊ը։ Մի ամբողջ դար ժողովուրդս ապրել ա անցյալով, ուզել ա, որ ընդունեն իր ցավը, որ բարելավեն իր դրությունը, բայց ինքն իրա համար ոչ մի բան չի արել։ Հերիք ա։ Դուրս գանք զոհի կարգավիճակից։ Ժամանակն ա հիշելու ու գործելու։
15։00 Հայաստանի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը։ Մարզերից ահազանգում են, որ քաղաքացիական հագուստով անհայտ անձինքհարձակվում են ցուցարարների վրա, սակայն տարածքում գտնվող ոստիկանները չեն միջամտում։ Այսպես, Արտաշատում քաղաքացիական հագուստով անձինք 14:40-ի սահամններում խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից՝ Արուս Հակոբյանի աշխատանքը, հարվածել լրագրողի դեմքին և փորձել խլել տեսախցիկը, սակայն ներկա ոստիկանները որևէ կերպ չեն արձագանքել կամ կարգի հրավիրել բռնության ենթարկողին։
14։48 Մի խումբ աղջիկներ փակել են Մոսկովյան֊Տերյան խաչմերուկը։ Նրանց միացել են տասնյակ մարդիկ, երթևեկությունն այդ հատվածում կաթվածահար է եղել։
14։40 Ցուցարարները ոստիկաններին խնդրում են օգնել փակել Վարդանանց փողոցը, այլապես առաջարկում են իրենց բերման ենթարկել։ «Ազատության» ռադիոկայանի տեսանյութը․
14։30 Էջմիածնից երթը մեկնարկել է։ Մի քանի հարյուր մարդիկ շարժվում են Երևանի ուղղությամբ։ Նրանց ուղեկցում են ոստիկաններ։ Առջևի շարքերում մարդիկ «Մերժիր Սերժին» գրությամբ մեծ պաստառ են պահել։
14։15 Բաղրամյանը պողոտան՝ Սերժ Սարգսյանի նստավայրից մի փոքր վերև ընկած հատվածում փակել են փշալարերով։ Բաղրամյանի ներքևի հատվածը՝ Գրողների միության մոտ, փակել են բազմաթիվ սաղավարտավոր ոստիկաններ։ Բաղրամյան զրահամեքենաներ են բերել։
14։00 Այս պահին մոտ 60 քաղաքացիներ Լոնդոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց «Ազատ, անկախ ոստիկան» պաստառով բողոքի ցույց են անում՝ Հայաստանում առկա կոռուպցիայի և օլիգարխիկ համակարգի դեմ։ Բողոքի ցույցին մասնակցում է նաև The Beautified Project ռոք խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը։ Նրանք վանկարկում են «Քայլ արա, Մերժիր Սերժին», «Մենք Նիկոլի կողքին» ենք։
13։55 Ընդդիմադիր ակտիվիստներից մեկը փակել էր Աբովյան փողոցը և փակվել մեքենայում: Կարմիր բերետավորները հարձակվել են մեքենայի վրա, մահակներով և ոտքերով փորձել ջարդել պատուհաններն ու դռները: Քիչ անց վարորդն ինքն է բացել դուռը, նրան ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել։
https://www.facebook.com/lurercom/videos/2067307366630973/
Զառա Բաթոյան, Երևանի ավագանու անդամ «Ելք» խմբակցությունից․ «Քիչ առաջ Զեյթունում, Ուլնեցի-Սևակ խաչմերուկում սև մեքենաներով առանց պետհամարանիշների մի քանի երիտասարդ են իջել և ջարդուփշուր են արել ճանապարհը փակած մեքենան։ Ժողովուրդ ջան, մեքենաներով փակելիս տեսախցիկների մոտ փակեք ճանապարհը և անպայման նկարեք։ Տականքները վաղ թե ուշ պատժվելու են, քիչ է մնացել։ Դուխներդ տեղը »
13։43 «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր առավոտվանից անհնազանդության ակցիա է իրականացնում Կապանում «Ընդվզում» կարգախոսով։
Մի քանի տասնյակ մարդ Փոստանջյանի հետ քայլերթ են անում Կապանի փողոցներով։ Ոստիկաններն ուղեկցում են մարդկանց՝ թույլ չտալով, որ նրանք փողոցի երթևեկելի մաս դուրս գան։ Ցույցի մասնակիցները ոստիկաններին հորդորում են մեխանիկորեն չկատարել հրամանները, այլ՝ շարժվել բանականությամբ։ Ցուցարաները բղավում են՝ «Ընդվզում» և «Քայլ արա, մերժիր Սերժին»։
13։30 Իսակովի պողոտայում մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել, ում մեքենաները երեկ տարել էին տուգանային հրապարակ «սիգնալ տալու» համար։ Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկն ասել է, որ ինքը ձայնային ազդանշան չեն հնչեցրել, բայց տարել են նաև իր մեքենան։ Հավաքվածները որոշել են երթ կազմակերպել դեպի Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ և այնտեղ պահանջել իրենց մեքենաները։
13:28 Աբովյան փողոցից՝ Երիտասարդական մետրոյի հատվածում, ոստիկանները մի քանի վարորդների են բերման ենթարկել ձայնային ազդանշաններ հնչեցնելու համար, մեզ փոխանցել է ականատեսը։
13։20 Երևանի տարբեր հատվածներից հաղորդումներ են ստացվում, որ մարդկանց շարունակում են բերման ենթարկել։
13:10 Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է քիչ առաջ Սերժ Սարգսյանի կողմից արված երկխոսության առաջարկին։ Նա ևս մեկ անգամ նշել է, որ քաղաքացիները պատրաստ են քննարկել Սարգսյանի հեռացման պայմանները։
«Մենք էլ ենք կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները», ֊ ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ պայմանները պետք է ընդունելի լինեն ժողովրդի համար։
Պատգամավորը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին, այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում։
«Ես կոչ եմ անում ԱԱԾ-ի տնօրեն Կուտոյանին Սերժ Սարգսյանին զեկուցել իրավիճակը իր բոլոր մանրամասներով։ Եվ բացատրել, որ նրա համառությունը սպառնում է ազգային անվտանգությանը։ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։
Ես Վովա Գասպարյանին (ՀՀ ոստիկանապետ), Կուտոյանին, Սերժ Սարգսյանի վերլուծական կենտրոնին հորդորում եմ և խնդրում եմ, որ գնան խմբով և զեկուցեն խմբով, որ նրա համառության ամեն ժամը և օրը սպառնալիք է Հայաստանի անվատանգության համար», ֊ ասել է Փաշինյանը։
13։08 Irakanum.am կայքի տեսանյութը․ Ավանում երեկ երեկոյան կանգնացրել են ավտոերթի մասնակից վարորդին և դաժան ծեծի ենթարկել․
13։05 Այս պահին Արտաշատ֊Երևան մայրուղին փակ է։ Ոստիկանության աշխատակիցները միջպետական ճանապարհին կանգնեցրել են դեպի Երևան ուղևորվող ավտոշարասյունը, որը մայրաքաղաք է ուղևորվում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներին միանալու համար։
12։55 Մալաթիայի ոսկու շուկայի մոտ 200 աշխատող գործադուլ է հայտարարել։ Նրանք քայլերթ և ավտոերթ է անում դեպի Հանրապետության հրապարակ։
12։50 Երթի ընթացքում Փաշինյանին է մոտեցել մի կին և պատմել, որ առանց համարանիշների մեքենայից իջել է քաղաքացիական հագուստով մի անձ՝ կապյուշոնը քաշել գլխին, և հարձակվել իր 12 տարեկան որդու՝ Նարեկ Մկրտչյան վրա։
Կոտրել է երեխայիս անձրևանոցը, աչքը կապտացրել է։ Կինն ասել է, որ հիմա չի կարողանում երեխայի գտնել։ Նա նաև նշել է, որ իրենք ակտիվ մասնակցել են այդ հավաքներին և հավանաբար իրենց թիրախավորել են։ Փաշինյանը խնդրել է զանգահարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանին և ներկայացնել խնդիրը։
12:44 Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին երկխոսության է հրավիրել։ Նշենք, որ երեկվա հանրահավաքին Փաշինյանն ասել էր, որ պատրաստ է քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման ժամկետները։
Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի տարածած հայտարարության տեքստը․
«Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել:
Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները և ստացել են անհարկի և անարխիկ դրսևորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը:
Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության և հանդուրժողականության վրա:
Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ: Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը»:
12։35 Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում Նիկոլ Փաշինյանից պահանջում է դադարեցնել Երևանի տարբեր հատվածներում անցկացվող հավաքները՝ սպառնալով հակառակ պարագայում ցրել դրանք։ Այդ առիթով վերջին օրերին էլ, այսօր էլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հավաքներն ինքնաբուխ են և չունեն հստակ կազմակերպիչներ։
Ոստիկանները՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում
12։22 Արարատի մարզի Արարատ համայնքից մոտ 10 մեքենա ավոտերթով շարժվում է Երևան։ Նրանք ճանապարհին բարձրախոսով հորդորում են մյուս վարորդներին միանալ իրենց ավտոերթին՝ վանկարկելով «Քայլ արա, Մերժիր Սերժին»։ Վարորդները ձայնային ազդանշաններով ողջունում են ավտոերթի մասնակիցներին, ոմանք՝ միանում։
12։20 Նիկոլ Փաշինյանը Նոր Նորքի 5-րդ զանգվածում քաղաքացիներին և ոստիկաններին մի թուղթ է ցույց տալիս և ասում․
ՀՀ սիրելի՛ ժողովուրդ և ոստիկաններ, սա Հայաստանի Հանրապետության հավաքների մասին օրենքի 26-րդ հոդվածն է՝ ինքնաբուխ և շտապ հավաքները։
Ինքնաբուխ է որոշակի իրադարձությանն անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը։ Շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում։
Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվա մեր հավաքը նվիրված է գիշերվա այն իրադարձություններին, երբ հարձակումներ են տեղի ունեցել ակտիվիստների նկատմամբ քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Նրանք մեքենաներ են ջարդել»։
Վալերի Օսիպյան․ «Հայտարարեցիք, որ 7-րդ մասիվում եք անելու, այսինքն՝ դուք նախապես գիտեիք, որ ձեր ակտիվիստներից պետք ա տուժվեն ու այստեղ պետք ա հավաք անցկացնենք։ Դուք հակասում եք ինքներդ ձեզ»։
Փաշինյան․ «Էն որ 7-րդ մասիվի «Նոր տուն» խանութի մոտ հավաք ենք արել, ես հայատարարում եմ դադարեցված, սիրելի ոստիկաններ, մենք արեցիք ձեր պահանջը։
Հիմա հավաքների մասին ազատության օրենքի 27-րդ հոդվածով մենք հրավիրում ենք շտապ նոր հավաք՝ արձագանքելու համար այն ապօրինություններին, որ Հայաստանում տեղի են ունենում ակտիվիստների նկատմամբ»։
Փաշինյանը զանգահարել է Նոր Նորքի ոստիկանության բաժին․ «Ձեզ անհանգստացնում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ես պաշտոնապես իրազեկում եմ, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների կարգով ես շտապ հավաք եմ կազմակերպում 5-րդ մասիվի մոտ, մենք մասիվով իջնելու ենք, մտնենք Ավան և հասնելու ենք Ավանի «Հարսնաքարի» (ռեստորանային համալիր) խաչմերուկ»։
11։55 Այս պահին բողոքի ցույց է ընթանում նաև Էջմիածին քաղաքում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ցուցարարներից մեկը՝ Մարինե Գրիոգրյանը, նշել է, որ սա իրենց քաղաքի համար բացառիկ դեպք է և գեներալի [Մանվել Գրիգորյան] գործոնը միշտ ազդել է քաղաքում վախի մթնոլորտի տարածմանը, սակայն վերջինս կոչ է արել մյուս էջմիածինցիներին միանալ բողոքի ցույցին և կանգնել իրենց երեխաների կողքին։
11։50 «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ քաղաքացիները փորձում են ավտոերթ անցկացնել էրեբունի թաղամասում, սակայն կես ժամ է նրանց չի հաջողվել ավտոերթի մեկնարկը տալ, քանի որ ոստիկանները Սանասարյանի ավոտմեքենան կանգնացրել են փողոցի մեջտեղում և փորձել են այն տուգանային հրապարակ տեղափոխել։ Նրանք պնդում են, որ Սանասարյանն արգելված տեղում է կանգ առել։ Սանասարյանը հավաստիացնում է, որ ոստիկանների կոչով է կանգնել։ Մոտ տասը րոպե վիճաբանելուց հետո, ավտոմեքենաները շարժվել են։
Միխեիլ Սահակաշվիլիի գրառումը հայաստանյան իրադարձությունների մասին․ «Շատ մտահոգ եմ Հայաստանում խաղաղության և այդ շատ տաղանդավոր և իմ կողմից սիրված ժողովրդի ապագայի համար: Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններում իմ ընկերներին երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց: Եվ ընդհանրապես, քիչ լսեք և նմանվեք Մոսկվային։ Եվ ձեր քաղաքացիների կողքին եղել, դրանից դուք միայն կշահեք»։
11։40 Մեքենաները կանգնում են այն հատվածում, որտեղ հավաքված են երթի մասնակիցները և ոստիկանները և ձայնային ազդանշաններ հնչեցնում՝ շարունակելով նախորդ օրերին մեկնարկած «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» ակցիան։ Վալերի Օսիպյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին․ «Եթե հավաքը լիներ սահմանված կարգով, օրենք չխախտվեր, մենք բազմիցս ասել ենք, որ մենք ուղեկցում ենք [երթի մասնակիցներին]։ Մենք ապահովում ենք հենց երթի մասնակիցների անվտանգությունը, սակայն բազմիցս մենք խնդրում ենք, որ չսահմանափակի տրանսպորտի ազատ տեղաշարժը»։
Փաշինյանը, ի պատասխան, ասել է, որ մեքենաներն իրենք են կանգնել և ազդանշաններ հնչեցնում։
11։00 Այսօր ժամը 11։00-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր երթը սկսել է Նոր Նորքի 7-րդ զանգվածից։ Ոստիկանները սկսել են մարդկանց բերման ենթարկել, երբ երթը հասել է 5-րդ զանգված։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանն ասել է Նիկոլ Փաշինյանին, որ ցուցարներից մեկը ոստիկանի է հարվածել, ինչին պատգամավորը պատասխանել է, որ եթե նման դեպք է եղել, ապա դա սադրիչ է, քանի որ ցուցարարների շարքերում նման մարդիկ չեն կարող լինել։
Վալերի Օսիպյանը պնդում է, որ հավաքն ապօրինի է, ոստիկանները փորձում են խոչընդոտել երթը։