10։50 Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել Հանրապետության հրապարակ, հավաքված մարդիկ ծափողջյուններով են նրան դիմավորել։
10։44 Բանակցությունների դահլիճը լքելիս՝ Սերժ Սարգսյանը լրագրողներին կոչ է արել՝ «դուք ինքներդ հետևություններ արեք»։ Փաշինյանը տեղեկացրել է լրագրողներին, որ իրենց նախապայմանն է եղել հանդիպումը անցկացնել լրագրողների ներկայությամբ։ Նա ասել է նաև, որ Սարգսյանի հետ հանդիպել համաձայնել էր միայն նրա հեռացման հարցը քննարկելու դեպքում։
Դահլիճում մնացած Փաշինյանը լրագրողներին ասել է․ «Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին։ Ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում կրկնակի թափով շարունակել զանգվածային անհնազանդությունների գործողությունները և այսօր 19.00֊ին կրկին հավաքվել հրապարակում։ Դուք տեսաք, որ պարոն Սարգսյանը կորցրել է ադեկվատության զգացումը։ Նա լավ չի տիրապետում իրավիճակին։ Եվ ուրեմն մենք պետք է շարունակենք ճնշումները այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Սարգսյանի համարժեքության զգացումը չի վերադարձել։
Արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն։ Մարտի 1-ից պարոն Սարգսյանը դասեր չի քաղել և ես համոզված եմ, որ այդ դասը այս քաղաքական պրոցեսի ընթացքում կքաղի»․֊ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկին ասել է, որ Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ հրաժարական տա․ «Էդ որ ասում են՝ անդառնալի հետևանքներից խուսափել․․. Եթե չեն ուզում, որ Ազգային անվտանգության ոլորտում խնդիրներ առաջանան, Սերժ Սարգսյանը այսօր երեկոյան, հիմա իսկ պարտավոր է հրաժարական տալ։ Ես համոզված եմ, որ ժողովուրդը իր պայքարով կհասնի այդ հանգրվանին»։
10։30 Փաշինյան֊Սարգսյան հանդիպումը․
Սերժ Սարգսյան ֊ Ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու։ Թեև, անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատեկարցնում տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել։
Նիկոլ Փաշինյան ֊ Ես կարծում եմ՝ թյուրըմբռնում կա։ Երբ խոսել ենք բանակցությունների մասին, ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը՝ ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի։ Ես այստեղ եկել եմ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները։ Դրա համար ես կոչ եմ անում․․.
Սերժ Սարգսյան ֊ Դրանք բանակցություններ չեն, դա երկխոսություն չի։ Դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ՝ պետության համար, օրինական իշխանությունների։ Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից։ Եվ եթե էդ տոնով պետք խոսեք, ինձ մնում է ևս մեկ անգամ խորհուրդ տալ գալ օրինական դաշտ, և ընդհանրապես տրամաբանական գործողությունների։ Հակառակ պարագայում, ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է՝ ընտրեք։
Նիկոլ Փաշինյան ֊ Ես ուզում եմ հստակ լինի, որ մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել և չի կարող համարձակվել սպառնալիքների լեզվով խոսել։ Ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետության իրավիճակը։ Դուք չունեք այն իրավիճակը, որ կար 15-20 օր առաջ։ Դուք չունեք այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են։ Իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը
Սերժ Սարգսյան ֊ Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու։ Եվ ես այլևս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը։ Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ուզում, ցտեսություն։
Նիկոլ Փաշինյան ֊ Ցտեսություն։
10։10 Սերժ Սարգսյանը լքել է բանակցությունների սենյակը հանդիպման մեկնարկից 5 րոպե անց՝ հրաժարվելով բանակցել իր հեռացման պայմանների շուրջ։
10։05 «Մարիոթ» հյուրանոցի մոտ՝ Հանրապետության հրապարակում, արդեն իսկ մի քանի հարյուր մարդ է հավաքվել։ Քաղաքացիների հոսքը շարունակվում է։
10։00 «Ըստ էության, մենք արդեն հաղթել ենք, և մեզ մնում է արձանագրել այդ հաղթանակը»։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը, որը «Մարիոթի» ճանապարհին ուղիղ եթեր է մտել ֆեյսբուքյան իր էջում։ Նա կրկին անգամ վերահաստատել է, որ բանակցելու է գնում միայն մեկ հարցի շուրջ՝ Սերժ Սարգսյանի հեռանալու պայմանների․ «Մեր բանակցությունների թեման չի կարող վերաբերվել այլ հարցի… Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա, ուրիշ տարբերակ չկա»։
09։50 «Մարիոթ» հյուրանոցում պատրաստվում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ԱԺ֊ի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի բանակցությունները։
Հյուրանոցում են տասնյակ լրագրողներ, նաև այն մեդիաներից, որոնք վերահսկվում են Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի կողմից։
ԵՐԵԿՎԱ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ