Home / Ազգային ժողով / «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ֊ն սատարելու են Նիկոլ Փաշինյանին

«Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ֊ն սատարելու են Նիկոլ Փաշինյանին

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը Ազգային ժողովում վարչապետի քվեարկությանն իր թեկնածուին չի առաջադրելու և սատարելու է ժողովրդի թեկնածուին։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Իմ դիրքորոշումն այլ կերպ չի կարող լինել, եթե հաղթանակը ժողովրդինն է, որևիցե մեկը բարոյական իրավունք չունի այդ հաղթանակն իր վրա վերցնելու։ Ժողովուրդը պետք է որոշի, առաջարկի թեկնածուին։ Ես իմ ամբողջ թիմով մեկ մարդու պես իմ ձայնը տալու եմ ժողովրդի թեկնածուին։ Մենք թեկնածու չենք առաջադրելու, սա ժողովրդի հաղթանակն է և մենք պաշտպանելու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»,- ասել է Ծառուկյանը։

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ժողովրդի ներկայացրած թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, Ծառուկյանը պատասխանել է․ «Ժողովրդի թեկնածուն Նիկոլն է, Սասունն է (Միքայելյան), թե Արարատն է (Միրզոյան)… Ես նորից եմ ասում՝ ժողովուրդն ում կասի, ում կհայտարարի մենք մեկ մարդու պես մեր ձայնը տալիս ենք ժողովրդի թեկնածուին և մենք էլ թեկնածու չենք առաջադրում, քանի որ ժողովրդի հաղթանակը մենք մեր վրա չենք վերցնում։ Ես իմ ասածին տեր եմ մինչև վերջ»։ Ընդգծենք, որ «Ելք» խմբակցությունը որպես ժողովրդի թեկնածու առաջադրելու է Նիկոլ Փաշինյանին։

Այսօր ավելի վաղ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնում թեկնածու չի առաջադրելու։

Հարցին, եթե, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն որոշի թեկնածու առաջադրել, չնայած իր այսօրվա հայտարարությանը, Ծառուկյանը նշել է․ «Մենք Հանրապետականի հետ ոչ մի գործ ընդհանրապես չենք ունենա, կառաջադրեն, չառաջադրեն, իրենք գիտեն, իրենք թող որոշեն։ Մենք ամբողջ թիմով իրենց ոչ մի ձայն չենք տալու»։

Նշենք, որ ՀՅԴ խմբակցությունն այսօր հայտարարել է, որ իր ձայնը տալու է Նիկոլ Փաշինյանին։