Home / Ազգային ժողով / ՀՀԿ֊ն թեկնածու չի առաջադրելու․ Փաշինյանն ավելին է ակնկալում (թարմացված)

ՀՀԿ֊ն թեկնածու չի առաջադրելու․ Փաշինյանն ավելին է ակնկալում (թարմացված)

21։22 Վանաձորյան հանրահավաքից և ՀՀԿ֊ի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը սատարելու մասին պաշտոնական հայտարարություն են արել «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ֊ն։

19։20 Փաշինյանը՝ ապրիլի 29֊ի անելիքների մասին․

«Չնայած պրոցեսները ընթանում են մեզ համար բարենպաստ ճանապարհով, վաղը ժամը 12։00-ից Հայաստանի ողջ տարածքով վերսկսվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները։ Գործադուլ, փակ ճանապարներ, անցյալ օրն Ալավերդուց պատվիրակություն էր եկել, հարցնում էր՝ ուզում ենք երկաթուղին փակել։ Ուզում եք, փակեք։ Այս ակցիաները տեղի են ունենում մեկ պահանջով՝ ժողովրդի թեկնածունին անհապաղ ընտրել Հայաստանի Հանարպետության վարչապետ։

Վաղը ժամը 19։00 Երևանում կայանալու է մինչև այժմ կայացած ամենահզոր հանրահավաքը։ Ժամը 12։00-ին փակված ճանապարհները ժամը 16։00-ին բացվում են, որպեսզի ժողովուրդն անարգել կարողանա հասնել Հանրապետության հրապարակ»։

Վանաձոր

18։45 Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում թեկնածու չի առաջադրելու։ Այս մասին ՀՀԿ խմբակցության նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ֊ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։ Նա ասել է, որ կուսակցությունը նման որոշում է կայացրել, քանի որ առաջնորդվում է պետական շահով։

«Թե ում կքվեարկենք՝ կապված է, թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան», ֊ ասել է Շարմազանովը։

Այդ լուրը Վանաձորում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ընթերցել է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Սա վատ չէ։ Բայց լավ էլ չէ։ Եվ որպեսզի լավ լինի, Հանրապետական խմբակցությունը, կարծում եմ, ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին», ֊ ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել ՀՀԿ բոլոր պատգամավորների հետ, որպեսզի հավաստիացնի նրանց, որ իրենք փակում են ներհայաստանյան ատելության էջը։ շ

«Մենք ասում ենք ամենայն լրջությամբ, և եթե նրանք անեն իրենց քայլը, ՀՀԿ֊ի և մյուս խմբակցությունների պատգամավորները դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ։ Հույս ունեմ, որ այլ քաղաքական ուժերն ու գործիչները չեն փորձի անգամ փորձել գողանալ ժողովրդի հաղթանակը, քանի որ դա կբերի նրանց Հայաստանի ներքաղաքական դաշտից դուրս մղմանը»։

Վանաձորի հանրահավաքը

18։30 Նիկոլ Փաշինյանը Վանաձորում խոսել է ոստիկանության մասին․

«…Այսօր Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասում է իրավիճակը բարդացնող ոչ մի գործողություն չի ձեռնարկելու և հայտարարության այս մասն ընդունելի և հասկանալի է։ Բայց հայտարարության երկրորդ մասում կա այսպիսի մի հատված, որտեղ խոսվում է սադրիչների խմբերի մասին և այլն։ Ես հույս ունեմ, որ այդ պարբերությունները չեն գրվել Ոստիկանությանը ոչ խելամիտ քայլերի մղելու համար։ Ես ուզում եմ հստակ ասել՝ եթե Երևանում որևէ հատվածում փշալարեր, զինտեխնիկա, հատուկ տեխնիկա երևա, դա մեր կողմից կարժանանա խիստ և բացասական գնահատականի։ Երևանում փշալարեր, ջրցաններ, մահակներ, վահաններ չպետք է լինեն։ Պետք է լինեն ոստիկաններ, որոնք նաև պետք է ապահովեն մեր ակցիաների անվտանգությունը։ Ես ուզում եմ ընգծել, հիշեցնել բոլորիս՝ մեր շարժումը բաց ձեռքերի շարժում է։ Մեր շարժման մեջ չեն կարող լինել սադրիչներ, որևէ լկտիություն, մեր շարժման հետ չի կարող կապ ունենալ որևէ մեկի հանդեպ անհարգալից վերաբերմունք, ոստիկանների հանդեպ պետք է պահպանել կոռեկտ, հարգալից վերաբերմունք։ Պարոնայք ոստիկաններ և հարգելի քաղաքացիներ, սա տրյուկ չէ, սա սրանից հետո լինելու է քաղաքացու և ոստիկանի միջև հարաբերությունների էությունը։

Ես ուզում եմ հավատալ, որ այս պահից սկսած չկան ու չեն լինելու բարիկադներ, հետևաբար բարիկադների բացակայությունը մեզ, ոստիկանությանը, ԱԱԾ-ին դնում է նույն կողմում, մենք այս պահից սկսած կանգնած ենք ուս ուսի հանուն ազատ և երջանիկ Հայաստանի»։

Նիկոլ Փաշինյանը Իջևանում

15։45 Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել իր ծննդավայրում՝ Տավուշի մարզկենտրոն Իջևանում․

«Սրանից հետո անկախ պաշտոններից և կարգավիճակից որևէ անձի, որևէ կուսակցության, որևէ խմբի, կլանի իշխանություն չի պատկանելու։ Իշխանությունը պատկանելու է ժողովրդին, բացառապես ժողովդրին։ Այս հաղթանակը ունի մեկ հեղինակ, տնօրեն, տեր, և այդ տերը Հայաստանի Հանարապետության հաղթական քաղաքացին է, ժողովուրդը։

Դուք բոլորդ գիտեք, որ ես ծնվել և մեծացել եմ Իջևանում, իմ ընտանիքը շարունակում է ապրել Իջևանում։ Իջևանում անելիք իմ հայտարարություններից ամենակարևորը՝ ես ծնունդով իջևանցի եմ, բայց ինչպես նախկինում ասել եմ՝ քաղաքական գործունեության մեջ և ընդհանրապես քաղաքացիության զգացումով որպես հայ ժողովդրի ներկայացուցիչ, ես ասում եմ՝ իջևանցի եմ նույնքան, որքան ղարաբաղցի, գորիսեցի, կապանցի, եղեգնաձորցի, գյումրեցի, վանաձորցի…։ Եվ ես ասում եմ՝ Հայաստանում կլանային կառավարման վերջին էջը փակված է։ Հայաստանի Հանարպետությունում այլևս մարդիկ չեն գնահատվելու նրանով, թե ում ընկերն են, եղբայրն են, հորեղբոր տղան, բաջանաղի ախպերն են, ում հետ են մոտիկ, ում հետ են հեռու։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հավասար հնարավորություն մնացած բոլոր քաղաքացիների հետ։ Սա վերաբերում է տնտեսությանը, քաղաքականությանը, կրթությանը, ամեն ինչում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու ապրել ազատ, արարել ազատ, գործել ազատ և ապահովել իր և իր ընտանիքի բարեկեցությունը, արժանապատվությունը։ Հայաստանում լկտիությունների, բեսպրեդելի, ամենաթողության էջը փակված է։ Հայաստանում բոլորն անառարկելիորեն հավասար են լինելու օրենքի առաջ, և իմ վարչապետ ընտրվելու պարագայում առաջին հերթին իմ հարազատները, մտերիմները, ընկերները պետք է պատասխանատու լինեն, կարգապահ, համեստ։ Որևէ մեկը մեկ միլիմետր անգամ չի կարող դուրս գալ օրենքի շրջանակից՝ իջևանցի լինի, թե կապանցի, վանաձորցի, թե գյումրեցի։

Ես ուզում եմ հավատալ, որ անգամ նման հայտարարությունների կարիքը չկա, քանի որ մեր ժողովդրին այս հեղափոխությունը ներշնչել է փոխադարձ սեր, հարգանք, գնահատանք և Հայաստանում վերջին տասը օրը հաստատված է տոնի մթնոլորտ։ Ձեր ներկայությունը նոր ուժ է տալիս այս շարժմանը, այս հեղափոխությանը, որպեսզի հանրապետականները և Կարեն Կարապետյանը հասկանան՝ չկա այլևս այնպիսի Հայաստան, որ նրանք կարող են գան, կառավարեն։ Նրանց չի հաջողվելու րոպե անգամ հանգիստ շունչ քաշել, քանի դեռ նրանք չեն ընդունել համաժողովրդական շարժման հաղթանակը»։

15:00 Ավտոերթի մասնակիցները հասել են Իջևան։ Հազարավոր մարդիկ փողոցում են, սպասում են Նիկոլ Փաշինյանի ելույթին։

13։20 Սևան քաղաքի մոտ ավտոերթի մասնակիցներին կանգնեցրել են Սևանի շաքարի գործարանի նախկին աշխատակիցները։ Նրանք հույս են հայտնել, որ Փաշինյանի՝ երկրի ղեկավար դառնալուց հետո հնարավոր կլինի վերագործարկել գործարանը, հայտնում է Epress.am֊ի թղթակիցը։ Նախկին աշխատակիցները նշել են, որ այն փակվել է ոչ թե տնտեսական պատճառներով, այլ նրա համար, որ շաքարի բիզնեսում ներգրավված է ՀՀԿ֊ական վերնախավը։ Աշխատողները պնդել են, որ Սևանի շաքարի գործարանը պատրաստ է վերագործարկման ցանկացած պահի։ Հիշեցնենք, որ Հայաստան շաքարավազ ներկրելու մենաշնորհ ունի ՀՀԿ֊ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

13։10 Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի («Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ) եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում ՀՀԿ֊ն չի կարողանա արդյունավետ կառավարել։ Այս մասին նա ասել է 1in.am֊ի հետ զրույցում․

«Իմ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով: Նոր իրողությունների պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանա արդյունավետ կառավարել: Այսքան տարի  իշխում է ՀՀԿ-ն, և այդ տարիների հետևանքն են նաև հասարակական ընդվզումները: Կուտակված անարդարությունները, կոռուպցիան և այլ արատավոր երևույթները, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել եմ (լինելով այդ կուսակցության անդամ), հանգեցրել են այն վիճակին, ինչ ունենք այժմ: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ում անունը շրջանառվում է որպես ՀՀԿ-ի կողմից հավանական թեկնածու, ապա նա շատ խելացի մարդ է, և կարծում եմ՝ իշխանության մնալու համար չի գնա հակասական դաշտում ընտրությունների: Եթե գնաց, ապա կսխալվի, եթե գնաց, ուրեմն այսքան տարի ես իրեն լավ չեմ ճանաչել»:

Լուսանկարը՝ Երևան֊Իջևան֊Վանաձոր ավտոերթից

13։00 Այսօր 11։00-ի սահմաններում Երևանի հյուսիսից՝ Ավան թաղամասից, մեկնարկել է ավտոերթը դեպի Վանաձոր։ Հարյուրավոր մեքենաներ շարժվել են դեպի Իջևան, որտեղից էլ պատրաստվում են Վանաձոր մեկնել՝ քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակում հանրահավաք անցկացնելու համար։ Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ դեպի Գյումրի տանող ավտոերթին ավելի քան 2000 մեքենա է մասնակցել, իսկ Գյումրիի հանրահավաքը տասնյակ հազարավոր մարդկանց էր հավաքել։  Epress.am֊ի թղթակիցը հայտնում է, որ այսօր նմանատիպ պատկեր է՝ մեքենաների շարքն ահռելի է, Սևանի մայրուղու վրա գտնվող բնակավայրերի մոտ ավտոերթի մասնակիցներին ողջունում են հարյուրավոր մարդիկ։

Tekali Taxi