20։30 Փաշինյանը կրկին խոսել է Կարեն Կարապետյանի մասին՝ ասելով, որ նա չի կարող լինել Հայաստանի վարչապետ։
«Այն երկիրը, որտեղ որևէ Հանրապետական կարող էր լինել վարչապետ, գոյություն չունի։ Սա ուրիշ Հայաստան է, սա հաղթանակած սիրո Հայաստանն է, սա միասնության Հայաստան է։ Ես հույս ունեմ, որ ինչ-որ մեկը Կարեն Կարապետյանին և մյուս հանրապետականներին ցույց կտա, թե ինչ էր կատարվում ճանապարհներին. մենք Երևանից Գյումրի ճանապարհը հաղթահարեցինք 4 ժամում։ Կարեն Կարապետյանի կողմից վարչապետի թեկնածու առաջադրվելու փորձը կնշանակի, որ ինքն իրեն հռչակում է տեղատարափ անձրևի տակ կանգնած այս հերոսական ժողովրդի թշնամին։ Կարեն, դու որոշի՝ ուզո՞ւմ ես լինել այդ հաղթանակած ժողովրդի թշնամին։ Եթե այո, քեզ սպասում է նույն ճակատագիրը, ինչ Սերժ Սարգսյանին»։
Փաշինյանն ասել է, որ ՀՀԿ-ն «տրյուկներ» է փորձարկում և ժամանակ է ձգում։
«Եվս 3 րոպե, ևս 4 րոպե, ևս 5 րոպե կարող եք ձգել, բայց ձեր եզրափակիչ սուլիչը սուլելու է անխուսափելիորեն և շատ շուտով։ Հիմա մի այսպիսի տրյուկ են փորձարկում՝ ներկայացնելով, թե էս հարթակը, որը ղեկավարում է թավշյա, սիրո հեղափոխությունը, իշխանության գալուց հետո տնտեսական, աշխարհքաղաքական պատերազմներ է մղելու Ռուսաստանի դեմ։ Ես նույնիսկ չեմ ուզում ասել, որ մենք Ռուսաստանի թշնամին չենք, որովհետև դա պարզ է։ Բայց մենք մեր երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք արկածախնդիր ճանապարհներով։ Մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռեվերսներ չեն լինելու»։
Նա հավելել է, որ Հայաստանը մնալու է ՀԱՊԿ անդամ, բայց այդ կազմակերպությունը շատ ավելի արդյունավետ պետք է լինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքներն ապահովելու հարցում։
20։30 Գյումրիի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «հաղթանակն այսուհետ լինելու է հայ ժողովրդի մշտական ուղեկիցը»։
«Որևէ կասկած չկա, որ այս հզոր և ոգեղեն ժողովուրդը հաղթելու է ղարաբաղյան հակամարտությունում։ Որևէ կասկած չկա, որ այս հզոր ժողովուրդը հաղթելու է կոռուպցիային, աղքատությանը», – ասել է Փաշինյանը։
Նա խոսել է ընդդիմության օրակարգի մասին՝ ընդգծելով, որ շատերն այն ուզում են ներկայացնել պրիմիտիվացված ձևով։
«Շատերին թվում է՝ հարցն այն մասին է, թե ով կզբաղեցնի վարչապետի աթոռը։ Այդպես մտածողները չեն հասկանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները. այսօր ՀՀ քաղաքացին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, նրա բազուկները և միտքը հզոր են, նա վստահ հայացքով նայում է ապագային։ ՀՀ քաղաքացիության ինստիտուտը հաղթանակել է, և այդ հաղթանակն անշրջելի դարձնելու համար կա միայն մի ճանապարհ․ և այդ ճանապարհը ժողովրդի թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելն է։ Եթե ես իմանամ, որ կա որևէ այլ ճանապարհ, որը չի կոտրելու Հայաստանի քաղաքացու հաղթանակը, ես նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից։ Բայց քաղաքական պատասխանատվությունն ինձ ստիպում է ասել․ ժողովուրդը հաղթել է, և նրա դե-ֆակտո հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե-յուրե»։
20։00 Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը ևս Գյումրիիում է։ Նա խոսել է Սփյուռքի հայերի անունից՝ ասելով, որ եկել է իր մարմնի վրա զգալու այն գործը, որ արել են հայաստանցիները. «Շնորհավորում եմ, ապրեք։ Դուք հաղթահարեցիք խարդախությունը»։
Նա ասել է, որ Սփյուռքը պետք է մասնակցի գործընթացներին, և մասնակցելու ձևը հայաստանցիներին թիկունք լինելն է։
«Նիկոլ Փաշինյանը ձեզ ուղղություն տվեց, դուք լսեցիք իր առաջարկը։ Նա վախից դուրս բերեց ժողովուրդը մարդկային խոսքերով, առանց վայրագությունների։ Շնորհակալ եմ։ Սփյուռքը ձեզ շատ է սիրում։ Սփյուռքն իր մեջ վախ ունի, դուք պետք է քաջալերեք Սփյուռքին, որ չվախենան այլևս», – ասել է Խանջյանը։
19։55 «Ասպարեզ» ակումբի նախագահ, իրավապաշտպան, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն ասել է․ «Էս հեղափոխության հաջողության գաղտնիքը, վախը կորտելու մեջ է»։
19։42 Գյումրեցի մանկավարժ Սոֆիա Հովսեփյանի ելույթից․ «Ողջույն շիրակցիներ։ Այսօր ինձ համար ամենաուրախ օրերից մեկն է։ Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ Շիրակի մարզը, մեկ բռունցք դարձած, փոխել է իրականությունը։ Սա առաջին անգամն է, երբ գյուղերի և քաղաքների միջև չկան սահմաններ։ Առաջին անգամ մարդիկ այստեղ կանգնած են սեփական կամքով, ոչ թե ավտոբուսներով բերված, վախեցրած։ Առաջին անգամ ուսուցիչն է դուրս եկել։ Առաջին անգամն է, որ աշակերտներն են դուրս եկել։ Կոչս ուղում եմ բոլոր մանկավարժներին․ եթե մենք, լինելով վաղվա սերնդի դաստիարակողներս, եթե մենք չենք պահում մարդու իրավունքները, ապա մենք իրավունք չունենք այս երկում արդարություն ակնկալելու։
Ընդամենը մի քայլ է մնացել, մեկ զարկ»։
19:30 Նիկոլ Փաշինյանը հրապարակում է։ Մարդիկ վանկարկում են՝ «Նիկոլ վարչապետ»։
19:05 Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում այլընտրանք չունի։ Epress.am-ի թղթակիցը վերջին կես ժամվա ընթացքում հարցում է անցկացնում Գյումրիի փողոցներում, և համատարած այդ միտքն է լսում։ Մեր զրուցակիցները նշում են, որ ՀՀԿ-ն իրավունք չունի իշխանությանը մնալու հավակնություններ դրսևորել։
«Հիմա վարչապետը կգա, կտեսնեք», – ասել է մոտ 50 տարեկան մի տղամարդ։
19։00 ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն Ազգային Ժողովում հայտարարել է, որ իշխանափոխություն տեղի չի ունեցել։ «Խորհրդարանական տիպի երկրում իշխանափոխություն նշանակում է բացառապես խորհրդարանական մեծամասնության փոփոխություն։ Վարչապետի կամ այլ պաշտոնյաի փոփոխությունը չի կարող դիտվել որպես իշխանափոխություն», – ասել է նա։
Կոստանյանը նշել է, որ բացառում է, թե ՀՀԿ-ն կքվեարկի Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելուն կողմ։
18:30 Նիկոլ Փաշինյանի մեքենան դեռևս Գյումրի չի հասել։ Նա կանգնում է բնակավայրերում, ամեն տեղ նրան հարյուրավոր մարդիկ են ողջունում։
18:00 Գյումրիի կենտրոնական հրապարակը լցվում է։ Ավտոերթի մասնակից մեքենաների մի մասը հասել է Գյումրի, սակայն մենք տեղեկություններ ենք ստանում, որ երթի մեջ գտնվող մեքենաների մի մասն այս պահին Գյումրիից 20 կմ հեռավորության վրա են գտնվում։ Ավտոերթին մասնակցած մեքենաների քանակը հազարների է հասնում։ Epress.am-ի թղթակիցը Գյումրիի հրապարակում տեսել է նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանին, որը ապրիլի 22-ին՝ Փաշինյանի ձերբակալման օրը հայտարարել էր, որ չի քվեարկի նրան անձեռնմխելիությունից զրկելու օգտին։
17.00 Գյումրիի հարավային մուտքի մոտ հարյուրավոր ավտոմեքենաներ են կուտակված։ Հարյուրավոր մարդիկ, չնայած հորդառատ անձրևին, փողոցում են, ողջունում են Երևանից եկող ավտոերթի մասնակիցներին։ Պաստառների վրա գրված է «ՀՀԿ, հեռացիր»։ Ոմանց ձեռքում Կարեն Կարապետյանի նկարն է՝ վրան խաչ քաշած։ Հիշեցնենք, որ 18.00֊ին Գյումրիի գլխավոր Վարդանանց հրապարակում կայանալու է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։
16։20 Երևան-Գյումրի ճանապարհին գտնվող բոլոր բնակավայրերի մոտ խցանումներ են։ Մարդիկ կանգնացնում են ավտոերթի մասնակիցներին, հարցնում՝ որ մեքենայում է Նիկոլ Փաշինյանը։ Երթին միանում են տասնյակ մեքենաներ։
16:15 Թալինում դիմավորում են ընդդիմության ավտոերթը։ Մարդիկ «ՀՀԿ հեռացիր» պաստառներով, Հայաստանի դրոշներով կանգնած են ճանապարհների մայթերին, վանկարկում են «Նիկոլ վարչապետ»։
Հայ Ազգային Կոնգրես կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Կարեն Կարապետյանը շանս չունի հաղթելու այս դիմակայության մեջ՝ նա չունի ոչ անհրաժեշտ ռեսուրս, ոչ էլ հեղինակություն: Միակ կռվանը, որ ուներ՝ երեկ օգտագործեց: Եթե ժողովուրդը, Նիկոլի առաջնորդությամբ, կարողացավ Ս. Սարգսյանի նման՝ իշխանության (ՀՀԿ-ի) համար հեղինակություն ու լեգիտիմություն ունեցող մեկից ազատվել, ապա նա հաստատ Կ. Կարապետյանի առջև չի ընկրկելու: Անգամ եթե ինչ-ինչ հրաշքով իր պաշտոնավարումը փոքր ինչ երկարի: Իր ոչ խոհեմ կեցվածքով Կ.Կարապետյանը կարող է նպաստել նրան, որ հարևան պետության ղեկավարության ուղեղներում ադեկվատության կորուստ լինի, ինչը հղի է նոր էսկալացիայով: Հնարավորինս արագ նա պետք է հասկանա, որ նման իրավիճակներում ժամանակ շահելու քաղաքականությունը հարվածում է պետությանը: Նա պետք է հնարավորինս կառուցողական և պատրաստակամ կերպով համաձայնվի բանակցություններին և գա պայմանավորվածության»։
15:30 Երևան-Գյումրի ավտոերթը մեկնարկել է։ Մասնակցում են հարյուրավոր ավտոմեքենաներ։ Երևան-Գյումրի ճանապարհին գտնվող բնակավայրերի մոտ մեքենաներին ողջունում են հարյուրավոր մարդիկ։
Ժամը 15։00-ին, Երևանի հյուսիս֊արևմուտքից՝ Աշտարակի խճուղու սկզբնամասից Նիկոլ Փաշինյանն ավտոերթ է սկսում դեպի Գյումրի, որտեղ 18։00-ին հանրահավաք է անցկացվելու։ Epress.am-ն օնլայն ռեժիմով կներկայացնի ավտոերթի և հանրահավաքի ընթացքը, կտեղադրվեն լուսանկարներ և տեսանյութեր։
13։00 Նիկոլ Փաշինյանը 12։00-ին ներկայացել է «Մարիոթ» հյուրանոց, ուր հրավիրել էր Կարեն Կարապետյանին բանակցությունների։ Վերջինիս բացայակության պայմաններում, Փաշինյանը շփվել է լրագրողների հետ։
Քաղաքական հակառակորդների նկատմամբ վենդետայի մասին․
«Ի՞նչն էր մեզ խանգարում ապրիլի 25-ին, կամ երեկ, կամ այսօր վենդետա անել։ Միայն մեր քաղաքական գաղափարաբանությունը։ Մենք այդ քայլին չենք դիմելու»։
Արդյոք հնարավոր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում հարցին՝ Փաշինյանը պատասխանել է․
«Այդ թեման համարում եմ անլուրջ խոսակցություն»:
ՀՀԿ֊ի մասին․
«Հանրապետականը պետք է ցույց տա՝ ցանկանում է լուծել քաղաքական ճգնաժամը, թե ոչ: Եթե ՀՀԿ-ն իր թեկնածուին առաջարկի, քաղաքական ճգնաժամը կխորանա»:
Փաշինյանի կարծիքը այն հայտարարության մասին, թե Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․
«Ես կարծում եմ, որ Ռուաստանը որպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի խառնվում Հայաստանի ներքին հարցերին: Սա զուտ ներպետական գործ է: Ես մեկ անգամ չէ, որ կրկնել եմ, որ այս շարժումը որևէ աշխարհքաղաքական համատեքստ չունի: Եվ սա 100 տոկոսանոց ճշմարտություն է: Երևի Կարեն Կարապետյանը գիտի, որ Հայաստանում որևէ սատարում չունի և ցանկանում է տպավորություն ստեղծել, որ որևէ այլ տեղից աջակցություն ունեն։
… Պայքարը շարունակվում է ցույցերի և բանակցությունների միջոցով:
Եթե Կարեն Կարապետյանը դառնա վարչապետ, հայ ժողովուրդը իրեն հաղթանակած չի զգա, ինչպես զգաց այն օրը, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը»:
Ազգային ժողովում վարչապետի ընտրությունների մասին (հարցի շուրջ քննարկումները նշանակված են մայիսի 1-ին)․
Մենք ունենք հայ ժողովրդի մանդատը, ամենակարևոր մանդատը: Հազարավոր հայեր արտասահմանից գալիս են և մասնակցում են մեր ցույցերին: Ես կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է հաշվի առնի ժողովրդի կամքը․․․
…Ես ակնկալում եմ, որ «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն հստակ հայտրարարեն, թե ինչպես են պատրաստվում քվեարկել: Ես հույս ունեմ ԱԺ բոլոր պատգամավորների հեռախոսահամարները և, ինչու չէ, հասցեները կհրապարակվեն և հանրությունը հնարավորություն կունենա [զանգել և] իմանալ նրանց տեսակետը:
11։25 ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Կարապետյանը չի հանդիպելու Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքին Փաշինյանը Կարապետյանին առաջարկել էր հանդիպել ԶԼՄ֊ների ներկայությամբ․
«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:
Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:
Բացի դա, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:
Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:
Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»:
11:20 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։
Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։