հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / ՀՀԿ֊ն դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը․ վերջինս գնաց Հանրապետության հրապարակ (թարմացված)

ՀՀԿ֊ն դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը․ վերջինս գնաց Հանրապետության հրապարակ (թարմացված)

Ազգային ժողովի նիստի ուղիղ հեռարձակումը։ Քննարկումների տեքստերը տեսանյութի տակ․

20։46 Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին 45 պատգամավոր է կողմ քվեարկել, դեմ՝ 55։ Քվեարկությունից հետո Փաշինյանը ուղևորվել է Հանրապետության հրապարակ, որտեղ նրան տասնյակ հազարավոր մարդիկ են սպասում։

20։24 ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ խմբակցությունն ընդունում է ժողովրդական շարժման հաղթանակը, համաձայն է հնչող քննադատությունների հետ և պատասխանել է այդ քննադատություններին վարչապետի հրաժարականով։ Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը՝ փորձելով կասեցնել այն տեսանելի վտանագավոր ալիքը, որն արագորեն կծնվի երկրում։

20։15 «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը և ՀՅԴ խմբակցությունը հայտարարել են, որ քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ավելի վաղ ՀՅԴ֊ի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ, անկախ խմբակցության տեսակետից, ինքը չի քվեարկելու։ Փաշինյանի օգտին է քվեարկելու նաև «Ելք» խմբակցությունը։ Դաշնակցությունը պահանջել է Աղվան Վարդանյանից վայր դնել մանդատը։

20։00 «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն անդրադարձել է ՀՀԿ֊ական Կորյուն Նահապետյանի այն հայտարարությանը, թե սահմանին զորքերի տեղաշարժ կա․ «Լինելով Պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, դուք ի՞նչ իրավունք ունեք զինվորական գաղտնիք այս լսարանում հայտարարեք, որ տեղաշարժ կա զորքերի։ Ես հիմա այս ամբիոնից պատասխանատու հայտարարություն եմ անում՝ զորքերում ամբողջ գծի երկարությամբ թշնամու կողմից ոչ մի տեղաշարժ չկա այս պահի դրությամբ։ Երևի ադրբեջանցիք ավելի խոհեմ են, քան թե մենք։ Ամեն անգամ այդ իմիտացիոն հայտարարությունները որ արել եք, երբ ժողովուրդն ըմբոստացել է, [հիմա] չի անցնի։ Դուք այդքան մտածում եք Արցախի համար, մենք էլ չե՞նք մտածում»։

19:35 Արարատ Միրզոյան, «Ելք» խմբակցություն (դիմելով հանրապետականներին). Ես ուզում եմ Ձեզ օգնել ստափ գնահատել իրականությունը։ Դուք կտրվել եք իրականությունից։ Մեղրիից մինչև Աշոցք, փողոցներում, սրճարաններում, ամենուր նայում են Ձեզ և բոլորն ուզում են մի բան, որ Դուք քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ասում եք՝ մի խումբ մարդ… Այ ձեր ցավը տանեմ, մի խումբ մարդ չի, մի խումբ մարդը դուք եք մնացել։ Ոստիկանության շարքերով, պետական ապարատի ստորին, միջին, բարձր օղակներով, գյուղապետարաններով, ձեր երեխեքի կուրսեցիներով, ձեր հարևաններով, բարեկամներով, բոլորն ուզում են, որ դուք քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին։

Մենք միևնույնն է հաղթելու ենք, տակը մնալու է ձեր պետությանը հասցված վնասը կամ տված օգուտը, տակը մնալու է ձեր անձնական քաղաքական պատասխանատվությունը պատմության առաջ»։

19։20 Արտակ Զեյնալյան, «Ելք» խմբակցություն․ «Եթե երկրում չկա խախտված իրավունքների իրավական պաշտպանության միջոց, մարդը ստիպված է դիմել իրավունքի ինքնապաշտպանությանը։ Ժողովուրդն իրացնում է իր ինքնիշխանությունը։

Ի՞նչն է ժողովրդին ցասման հասցրել․ երբ որ հայտարարվում է, որ բոլոր խնդիրները լուծվել են Մելիք֊Ադամյանում (ՀՀԿ գրասենյակ)․․․ Միայն հիշենք վերջին ընտրությունները, քանի հոգի է ներգրավված եղել կաշառքի պրոցեսի մեջ, քանի հոգի է ստացել և բաժանել 10 հազար դրամները, քանի տնօրեն է ներգրավված եղել։ Խնդրում եմ բարձրաձայն մի պատասխանեք, ուղղակի մտքում ձեզ համար պատասխանեք, քանի որ արգելված է դրա մասին խոսել բարձրաձայն․․․

Յուրաքանչյուր անգամ, նայելով ժողովրդի աչքերին, ասում եք, որ «մենք ենք քաղաքական մեծամասնությունը», սա նշանակում է պաշտպանվել այդ անտարբերության և իրավունքի նկատմամբ արհամարհանքի վահանով․․․

Ոչ մեկը չէր սպասում, որ նման բան տեղի կունենա, ժողովուրդը ուրախ է այսօր, նայե՛ք ժողովրդի աչքերի մեջ, տեսե՞լ եք որքան երջանիկ են»։

18։49 Ժողովուրդ ջան, խնդրում եմ մեզ սպասել Հանրապետության հրապարակում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

18:44 Դաշնակցական Աղվան Վարդանյանը, չնայած ՀՅԴ-ի որոշմանը կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, չի մասնակցելու քվեարկությանը։

«Եթե իմ կուսակցությունը պահանջի, պատրաստ եմ վայր դնել մանդատս»,֊ ասել է նա։

Նրա խոսքով՝ Փաշինյանի ծրագիրը իշխող ՀՀԿ֊ականինից էականորեն չի տարբերվում․ «Այո, անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը։ Թեև ժողովրդի վստահությունը վայելող այլ գործիչներ էլ ենք տեսել՝ նաև տխուր վերջաբանով։ Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունը, ես հավատում են նրա ձգտումների ազնվությանը։ Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ունեցել։ Ես վտանգի կանխազգացում ունեմ։ Չեմ կարող վստահ լինել, որ սա շատ ավելի մեծ խաղի, բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ՝ ինձ առայժմ անհայտ ծալքերով, շահերով և հետևանքներով։ Վստահ եղեք, ես առանց հիմքի որևէ բան չեմ ասում։ Եվ եթե այդ ծալքերը ինձ համար պարզ չեն, չեմ էլ կարող բացառել, որ դրանք անդառնալի հետևանքներ չեն ունենա իմ ժողովրդի համար։ Անկեղծ ասած՝ սա ընտրություն էլ չի, ինձ երկու տարբերակ են թողել՝ քվեարկել կամ Նիկոլի կամ Փաշինյանի օգտին»,֊ ասել է Վարդանյանը։

18։18 Արարատ Զուրաբյան, Ծառուկյան դաշինք․ «Ինձ շատ մտահոգեց հետևյալը․ այստեղ ոնց որ դուք (դիմում է ՀՀԿ֊ականներին֊խմբ․) ռուսներին տղա եք կանչո՞ւմ, չեմ հասկանում, իբր Նիկոլը հակառու՞ս ա, ռուսնե՛ր ուշադրություն դարձրեք։

Դրանով դուք նպաստո՞ւմ եք, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ լինեն, է՞դ ա ձեր հայրենասիրությունը։ Թե՞ տենց մտահոգ եք ու մտածում եք՝ էդ ձևով են հայրենասիրություն խաղացնում։ Տենց չեն խաղացնում, տղե՛րք։ Դուք ուզո՞ւմ եք տղա կանչեք, ասեք՝ նայեք, մարդիկ են, որ ձեր դեմ են, պայքարեք իրանց դեմ, մենք չենք կարում, էդ ձևը լավը չի։

Ձեր ղեկավարը ընդունեց, որ սխալվել ա, Նիկոլը ճիշտ ա»։

18։15 ԱԺ աշխատակազմը չի ընդունել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի ներկայացրած տեղեկանքը, որով պատգամավորը փոխանցել է վարչապետի ընտրության իր քվեարկության մասին որոշումը։ Այս մասին Hetq.am֊ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշել է, որ պատգամավորն առողջական խնդիրներ ունի, վիրահատության է պատրաստվում, այդ պատճառով էլ չի կարողացել գալ, սակայն դա քարտուղարության կողմից համարվել է միայն հարգելի բացակայություն, և ոչ քվեարկության մասին տեղեկանք։ Զոհրաբյանն ասաց, որ ինքը ևս ԱԺ կանոնակարգ-օրենքով ճշտել է՝ պատգամավորները կարող են իրենց քվեարկության մասին տեղեկանք թողնել միայն այն դեպքում, երբ գործուղման են։ Ինչ վերաբերում է խմբակցության բացակա մյուս պատգամավոր Իշխան Զաքարյանին, Զոհրաբյանն ասել է, որ վերջինիս հետ կապի չեն կարողացել դուրս գալ։

18:05 Էդմոն Մարուքյան, «Ելք» խմբակցություն․

Հարգելի հանրապետականներ, խոսում եք Արցախի մասին, տնտեսության, սանկցիաների մասին։ Ուզո՞ւմ եք Արցախն ավելի պաշտպանված լինի, պետք է հիմա քվեարկել Փաշինյանի օգտնին, ուզո՞ւմ եք տնտեսությունը զարգանա, պետք է քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք, որ Հայաստանը սանկցիաների տակ չընկնի, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք տանկերը, որ, ասում եք, գալիս են, բայց իրականության մեջ չեն էլ գալիս, չգան, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին։ Քանի որ կայունությունը քաղաքական ճգնաժամից կարող է հանել մեր երկիրը։

16։30 Ընդմիջում

16։20 Արամ Սարգսյան, «Ելք» խմբակցություն․ Մենք խոսում ենք ամեն ինչից, բայց չենք խոսում այսօրվա իրավիճակից։ Մենք չենք փորձում գտնել ելքեր, մենք պարփակվել ենք այս դահլիճում, ուզում ենք ելքը գտնել դահլիճում, մոռանում ենք, որ ելք կա նաև փողոցում։ Հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են փողոցում։ Ընտրություններն են հիմնական խնդիր լուծողը, հիմնական հանգուցալուծումն ընտրությունների մեջ է։ Այսօրվա իրավիճակը խախտված ընտրությունների արդյունք է, ընտրության ժամանակ է, որ առաջին մարդը տեսնում է, որ ինքն է իշխանության տերը և իր քվեն ստացած իշխանավորը ծառայում է այդ մարդուն։ Երկրորդ ընտրության ժամանակ հաղթած և պարտված կողմերը ընդունում են, որ իրենք հաղթել և պարտվել են արդար ընտրությունների արդյունքում։ Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, ում անունն այսօր ամբողջ աշխարհի հայությունը տալիս է ամենաշատը, հետևաբար ինքն է այն գառանտը, որ կարող է արդար ընտրություն անցկացնել։

16:10 ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ֊ական Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել․ 

Այս օրերին իշխանությունը ցույց է տվել բացառիկ, կրկնում եմ, բացառիկ զսպվածություն և հանդուրժողականություն։ Պատմությունն ամեն մեկիս կդնի իր տեղը։ ՀՀԿ֊ն պատրաստ է երկխոսության, բայց ոչ երբեք վերջնագրերի։

Ժողովրդավարական արժեքները այլընտրանք չպետք է ունենան։ Դեմոկրատիան մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար։ Մենք բոլորս պարտավոր ենք հարգել բազմակարծությունը, այլակարծությունը, իմ համար անընդունելի է որևէ ճնշման միջոցով ազդել որևէ պատգամավորի համար։ Պրեսինգը անթույլատրել է։ Մենք բոլորս ժողովրդի ընտրյալներն ենք։ Մենք ընտրում ենք ոչ թե համաժողովրդական տրիբուն կամ լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ և քաղաքական հստակ գաղափարախոսությամբ»։

Շարմազանովն ասել է, որ Փաշինյանը չունի նախարարների, փոխվարչապետների, այլ պաշտոնյաների պաշտոններում թեկնածուներ։ Ըստ ՀՀԿ֊ականի՝ Փաշինյանը նաև չգիտի՝ ինչ է լինելու 7 ազատագրված տարածքների հետ։

«Անհնար է լինել մի քիչ սոցիալիստ, մի քիչ լիբերալ, մի քիչ պահպանողական։ Քաղաքական գործիչը պետք է ունենա հստակ գաղափարախոսություն՝ Վաշինգտոնից մինչև Փարիզ, Բրյուսելից մինչև Մոսկվա», ֊ ասել է Շարմազանովը։

Շարմազանովն ասել է, որ Փաշինյանն իրեն չի համոզել, և դա քաղաքական է, ոչ թե անձնական․ «Ես չեմ տեսնում ձեզ գերագույն հրամանատարի պաշտոնում»։

15։25 Ռուզաննա Մուրադյանը (ՀՀԿ խմբակցություն) դիմել է Փաշինյանին «որպես 4 երեխաների հորը»։

«Ինչպես կվերաբերվեք, եթե լինի այլ իրավիճակ, ինչպես դուք եք ասում, և ձեր երեխաները մասնակցեն ակցիաների», ֊ հարցրել է Մուրադյանը։

Փաշինյանն ընդունել է, որ աշակերտների մասնակցությունը թավշյա հեղափոխությանն մեծ է․ «Ուզում եմ փարատեմ ձեր մտահոգությունները․ այս պրոցեսները միայն դրական դերակատարում կունենան այդ երեխաներին՝ որպես մարդ, քաղաքացի, անհատականություն դաստիարակության գործում»։

Մուրադյանն ասել է. «Ես հասկացա, որ ձեր մղումներն այնքան ուժեղ են, որ դուք կարող եք անցնել անգամ երեխաների անվտանգության վրայով»:

«Երբ որ դուք խոսում եք, իմ աչքի առաջ անցնում են այն կադրերը, երբ  տնօրենների, մարզպետների որոշմամբ, ստիպողաբար՝ ծնողների հետ երեխաները քշվում էին Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներին՝ «Առաջ, Հայաստան» փուչիկները ձեռնքերին բռնած։ Որտե՞ղ էր ձեր մտահոգությունը այդ ժամանակ», – հակադարձել է Փաշինյանը։

ԱԺ նախագահ, ՀՀԿ֊ական Արա Բաբլոյանը հայտարարել է, որ լքում է դահլիճը 10 րոպեով՝ ի նշան բողոքի և ի պաշտպանություն երեխաների իրավունքների։

15։20 Ալիկ Սարգսյան, ՀՀԿ խմբակցություն․  Ի՞նչ պայքարի ձև եք ընտրելու, արդյոք կոշտ պայքար, որը կարող է տանել առճակատման, պառակտման կամ անհանդուրժողականության, որը բոլորովին չի բխում մեր ժողովրդի շահերից և արդյոք չկա տարբերակ որևիցե առողջ երկխոսության։ Ես հիմանկանում հասկացա, որ դուք արտաքին քաղաքականության հետ այսօրվա մեր իշխանությունների հետ որևէիցե խնդիր չունեք և նույն կուրսը հաջողությամբ շարունակելու եք, ձեր խնդիրը ներքին քաղաքականության մեջ է։ Արդյոք չկա տարբերակ որոշակի կառույցներ, օղակներ` գործադիրից, օրենսդիրից, Ձեզ հատկացնելու դեպքում որպես ընդդիմություն կարողանաք համապատասխան վերահսկողություն իրականացնեք երկրում։

Փաշինյան. Երբ դուք ասում եք ցանկացած իշխանության համար հետևությունների տեղ կա, որպեսզի հետագայում շտկի իրավիճակը… եթե դուք նկատի ունեք Հանրապետականի իշխանությունը, Դուք սխալ նկատի ունեք, քանի որ Հանարպետականը Հայաստանում այլևս չունի իշխանություն և չի ունենալու։ Ինչքան այս իրողությունը շուտ արձանագրենք, այնքան լավ բոլորիս համար։ Խնդիրը նրա մասին չէ, թե ով ընտրվի վարչապետ։ Դուք ինձ ընտրում եք, թե չեք ընտրում… Դուք նպաստում եք այս քաղաքական ճգնաժամի լուծմանը կամ այս քաղաքական ճգնաժամը պետք է լուծվի առանց Ձեր մասնակցության։ Հարցը շատ պարզ է և ընտրությունն էլ շատ պարզ է։ Ինչ վերաբերում է մեր քաղաքական պայքարին, առաջին օրից այն եղել է բաց ձեռքերի ոչ բռնի քաղաքական պայքար և ես չեմ պատկերացնում իրադարձությունների զարգացման որևէ սցենար, որ մեզ դուրս բերի այդ տրամաբանությունից և գաղափարաբանությունից։ Մենք մերժել ենք և մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև որպես հակագործողություն։ Ինչը նշանակում է՝ մենք ոչ միայն բռնություն չենք գործադրելու, այլև մեր նկատմամբ հնարավոր բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու։ Չնայած եթե անկեղծ ասեմ, կարծում եմ, որ քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ նման սցենարների մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ Եթե մենք ուզում ենք լուծել քաղաքական ճգնաժամը, մենք պետք է հաշվի առնենք իրերի իրական դրությունը։ Ես կոչ եմ անում, որ դուք ուշադիր ընթերցեք ձեր կուսակցության առաջնորդի վարչապետի պաշտոնից հրաժարականի տեքստը։ Իրականում ես ինչ էի փորձում ասել Սերժ Սարգսյանին, ես ասում էի՝ դուք իրավիճակը ճիշտ չեք գնահատում, Ձեզ ճիշտ չեն զեկուցում, թե ինչ է կատարվում, Ձեր իմացած Հայաստանն այլևս չկա, սա ուրիշ Հայաստան է, որտեղ դուք չեք կարող իշխել, դուք չեք կարող լինել իշխող քաղաքական ուժ և ինքչան շուտ արձանագրեք, այնքան լավ բոլորիս համար։

15։15 Ռուստամ Մախմուդյան, ՀՀԿ խմբակցություն․ Ուզում եմ իմանալ՝ արդյոք Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունե՞ն Հայաստանի քաղաքացիներին համահավասար բոլոր իրավունքները։

Կուզեի իմանալ՝ գործող իշխանության կողմից ազգային փոքրամասությունների նկատմամբ վերաբերմունքի ինչպիսի՞ բացթողումներ կան, որոնք դուք վարչապետ ընտրվելու պարագայում կվերացնեք։

Փաշինյան․ Հայաստանի ազգային փոքրամասությունները մեր պետական ինքնության անբաժանելի մասն են։ Նրանց իրավունքները պետք է լիարժեքորեն պաշտպանվեն։

Հայաստանում ազգային փորքամասնությունների իրավունքները վատ վիճակում չեն, բայց, օրինակ, ես գիտեմ մի ոլորտ, որտեղ ազգային փոքրամասնության ներկայացուիչների համար հնարավորությունները էականորեն սահմանափակված են։

Դա ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունն է։ Դա ամենամեծ թերություններից մեկն է։ Հայաստանում եթե ոչ դե֊յուրե, ապա դե֊ֆակտո իրավիճակ է ստեղծվել, երբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց պարտավորված են զգացել միշտ պահպանել լոյալություն ցանկացած գործող իշխանության նկատմամբ, չասել քննադատական խոսքեր իշխանության ներկայացուցիչների հասցեին, քանի որ դա կարող է իր հետ բերել անցանկալի հետևանքներ տվյալ ազգային փոքրամասնության համար։

Ինչպես ՀՀ մյուս քաղաքացիների, այնպես էլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար երաշխավորում եմ հասանելիությունը բոլոր իրավունքների՝ արտահայտվելու, քաղաքակաան գործունեություն ծավալելու, այդ թվում՝ ընդդիմադիր։

14։50 Հակոբ Հակոբյան, ՀՀԿ խմբակցություն․ Դուք դեմ եք քվեարկել մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչությունը 4 միլիոն դարձնելու ծրագրին։

Փաշինյան․ «Մենք դեմ ենք քվեարկել,  քանի որ այդ ծրագիրը սուտ էր։ Դա ընդամենը ծխածածկույթ էր, որի տակ Սերժ Սարգսյանը փորձում էր հավերժացնել իր իշխանությունը»։

Նա ավելացրել է, որ մի երկրում, որտեղ քաղաքական, հարկային, ոստիկանական տեռոր է, բնակչության թիվը չի կարող աճել։  Իրավիճակը, ըստ Փաշինյանի, փոխվել է։

«Տասնյակ զանգեր եմ ստանում  Սփյուռքի մեծահարուստներից, ովքեր ասում են, որ օր առաջ գալու են և Հայաստանում ներդրումներ անելու։ Չեն գալիս ոչ թե նրա համար, որ Հայաստանը ռիսկային գոտի է, այլ  այն պատճառով, որ չէին ուզում 20 օր առաջ գոյություն ունեցող իրականության հետ առերեսվել։ Մեր տնտեսությանը սպասում է թռիչքային զարգացում ոչ թե կախարդական փայտի, ֆոկուսի, այլ հայկական սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին։ Մեզ սպասվում է բյուջետային եկամուտների մեծացում, ինչը բերելու է աշխատատեղերի բացման և աղքատության կրճատման»,֊ ասել է Փաշինյանը։

14։00 Ընդմիջում

13։15 Հարցուպատասխան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ․

Բաբուխանյան, ՀՀԿ խմբակցություն․ Հարցերս վերաբերվելու են ազգային պահպանողական գաղափարախոսությանը և Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Մենք և դուք ունենք գաղափարական խորը տարաձայնություններ։ Մենք ազգային պահպանողական գաղափարախոսության հետևորդներն ենք, դուք՝ լիբերալ։ Երբ դուք ասում էիք, որ որևէ հանրապետական չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածուի պաշտոնում, արդյոք դուք նկատի ունեք, որ երկիրը պետք է առաջնորդվի միմիայն լիբերալ գաղափարներով և չի կարելի թույլ տալ ազգային պահպանողական գաղափարախոսությամբ ղեկավարել երկիրը։

Ժամանակին դուք ասել եք, որ չգիտեք, ինչ է նշանակում ազգային արժեքային համակարգ։ Ասեմ՝ ազգային գաղափարախոսությունը ենթադրում է պայքար տոտալիտար աղանդների դեմ, պայքար սեռական փոքրամասնություններին արտոնություններ տալու դեմ, վուլգար ֆեմինիզմի դեմ և ապազգային այլ գաղափարախոսությունների դեմ։ Իսկ եվրոպական լիբերալ գաղափարախոսությունը հակառակը հանդուրժողականություն է ցուցաբերում վերոնշյալ խնդիրներին։ Ի՞նչպիսին է ձեր վերաբերմունքը նշածս հարցերին։

Փաշինյան․ Ես բազմիցս հայտարարել եմ, որ ես ինքս ինձ լիբերալ չեմ համարում և ընդհանրապես բազմիցս արտահայտվել եմ այն կապակցությամբ, որ ժամանակակից աշխարհում «իզմ»֊երը կորցրել են իրենց նախնական նշանակությունը, որովհետև եթե մենք տեսնենք այն պրոցեսները, որ տեղի են ունենում աշխարհում, կտեսնենք, որ «իզմ»֊երով պայմանավորված սահմանազատումները վերանում են հետևողականորեն։ Որպեսզի չեզոք օրինակ բերենք՝ կոմունիզմը և մասնավոր սեփականությունը ի բնե համարվել են անհամատեղելի երևույթներ, բայց այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, որն աշխարհի զարգացող և զարգացած երկրներից է, համատեղել է կոմունիզմը և մասնավոր սեփականությունը, ինչը նշանակում է, որ «իզմ»֊երի դարաշրջանը վաղուց ավարտվել է։ Հիմա, մի դարաշրջանում, երբ ամենակարևոր խնդիրը մարդու երջանկությունը ապահովվելն է, կարևորը ոչ թե «իզմ»֊ն է, այլ մարդկանց երջանկությունը, ազատությունն ապահովելը, և սա բացարձակապես որևէ կապ չունի որևէ կոնկրետ «իզմ»֊ի հետ։

Բաբուխանյան․ Ես ճի՞շտ հասկացա, որ դուք ժխտում եք գաղափարախոսության գոյություն ունենալն այսօր, եթե ճիշտ չհասկացա, ապա խնդրում եմ ասեք՝ դուք որ գաղափարախոսության կողմնակիցն եք, և համապատասխանաբար այդ գաղափարախոսությունից ինչպիսի գործողություններ մենք կարող ենք
սպասել։

Փաշինյան․ Ուրեմն ես ընդամենն ասում եմ, որ ժամանակակից աշխարհում գաղափարախոսություններն այնքան են խառնված իրար, որ դրանք շատ հաճախ անհնար է հստակ սահմանազատել։ Ձեր հարցին պատասխանելով՝ ասեմ, որ նոնսենս և անթուլատրելի եմ համարում, երբ Հայաստանում որևէ քաղաքական գործիչ կոչվի և լինի արևմտամետ, ռուսամետ, ամերիկամետ, իրանամետ կամ վրաստանամետ։ Հայաստանում քաղաքական գործունեություն պետք է ծավալեն միայն ու միայն հայաստանամետ, հայամետ քաղաքական գործիչները։ Եվ ես Հայաստանի ազգային գաղափարախոսության առանցքը համարում եմ հետևյալ գաղափարը, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետության գոյության իմաստը հայության մարդկային, հոգևոր, տնտեսական, ֆինանսական ներուժի կենտրոնացումն է սեփական տարածքում և այդ ներուժի անվտանգությունը և բնականոն զարգացումն ապահովելը։ Իմ գաղափարախոսությունը սա է, և իմ ամենամեծ նպատակը մեծ հայրենադարձության կազմակերպումն է, և ես չեմ ուզում դա տեղավորել որևէ «իզմ»֊ի ներքո, սա այնպիսի գաղափարախոսություն է, որ վերնագրի անհրաժեշտություն չունի։

Շուշան Սարդարյան, ՀՀԿ խմբակցություն․ Ասեք այն մեխանիզմները, որ հնարավորություն կտան սահմանադրական ճանապարհով ապահովել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընդունենք, դուք ընտրվում եք վարչապետ, ձևավավորվում է Կառավարություն։

Փաշինյան․ Կան մի քանի տարբերակներ, և դրանց ընտրությունը կախված է քննարկումներից։ Տարբերակցներից մեկը հետևյալ է․ Կառավարությունը ձևավորվում է, բայց խորհրդարանը չի հաստատում նրա ծրագիրը, և չի նշանակում նոր վարչապետ երկու անգամ։ Այդ պայմաններում լուծարվում է ԱԺ֊ն, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Տիգրան Ուրիխանյան, Ծառուկյան դաշինք․ Ղարաբաղյան հակամարտության հարցի վերաբերյալ Ձեր մոտեցումները։ Ի՞նչ ենք անելու, եթե հակամարտության էսկալյացիայի մեջ շահագրգիռ ուժային կենտրոնները առաջադրեն մեզ համար անցանկալի բանաձևը։ Ի՞նչ ենք անելու, և ի՞նչ տեսլական ունեք։

Փաշինյան․ Դուք իրավացի եք, որ շատ երկար տարիներ՝ ի վերջո ղարաբաղյան հակամարտության մեկնարկի առաջին օրից մեր ազգային ամենամեծ մտավախությունը եղել է մեզ որևէ լուծում պարտադրելու ուրվականը։ Այս պրոցեսների արդյունքում մենք ևս մեկ քայլ ենք արել նման լուծումը բացառելու համար, որովհետև նման զարգացումների թույլ չտալու խնդիրն ազգային միասնությունն է և ազգային զարթոնքը։ Այսօր դա տեղի ունեցավ։ Ի վերջո, մենք բոլորս պետք է հստակ արձանագրենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը՝ ի դեմս Իլհամ Ալիևի, որևէ պատեհ առիթ բաց չի թողնում սպառնալ Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին և նույնիսկ խոսում է Հայաստանի մայրաքաղաքը գրավելու իր մտադրության մասին, մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակում բանակցությունները ձևական բնույթ են կրում։ Դրանք բանակցություններ են բանակցությւոնների համար և ոչ թե կարգավորման։ Քանի դեռ չկա կարգավորման մթնոլորտ, կարգավորում տեղի ունենալ չի կարող, սա աքսիոմա է։ Ես կարծում եմ՝ այդ բանակցություններն իրական իմաստ կստանան միայն այն պարագայում, երբ Արդբեջանը շատ հստակ ուղերձ հղի միջազգային հանրությանը, որ ինքը պարտավորվում է հարգել և ճանաչել միջազգային իրավունքի նորմերը և պատրաստ է խնդրի կարգավորմանը այդ նորմերի շրջանակներում։ Եվ ես ակնկալում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հրատապ կերպով կօգտագործեն իրենց հեղինակությւոնն ու ազդեցությունը Ադրբեջանին հետ պահելու ռազմաշունչ հռետորաբանությունը կիրառելուց։ Քանի որ դա հենց այդ խմբի առաջադրած պայմանն է, որ ոչ միայն ուժի կիրառումը, այլև ուժի կիրառման սպառնալիքը պետք է բացառել կարգավորման այս գործընթացում։ Քանի դեռ ուժի կիրառման սպառնալիքը բացառված չէ, մենք որպես ժողովուրդ, ազգ և պետություն պետք է անենք համապատասխան հետևություններ և համախմբենք մեր ամբողջ ներուժը մեր հայրենիքն ագրեսիայից պաշտպանելու համար։

12։40 Նիկոլ Փաշինյանի ելույթից հատվածներ․

Չնայած բազմահազարանոց ցույցերին, Սերժ Սարգսյանն ապրիլի 17-ին վարչապետ ընտրվեց՝ փշալարերով և զինտեխնիկայով շրջափակված ԱԺ-ում։ Սակայն Սարգսյանի ընտրությունն ավելի սրեց ներքաղաքակական իրավիճակը Հայաստանում…

..Թվում էր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո եկել էր հանգուցալուծումը, սակայն ՀՀԿ իշխանությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի մեջ սեփական փրկություն էր փնտրում։

Նրանց թվում էր, քանի որ «Մերժիր Սերժին» կարգախոսն իրականացված է, ապա ժողովուրդը կհանդուրժեր ՀՀԿ֊ական այլ վարչապետի։

Սակայն նրանք հաշվի չէի առել, որ «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը մեկ անձի դեմ չէր ուղղված, դա ուղղված էր Սերժի մարմնավորած համակարգի դեմ։

Սակայն Հանրապետական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է մուկն ու կատու խաղալ սեփական ժողովրդի հետ, մինչև այժմ չի ասել՝ արդյոք քվեարկելու է ժողովրդի թեկանծու օգտին, թե ոչ։

Երեկ երեկոյից սկսած, ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը սկսել են սպառնալ բոլոր խմբակցությունների պատգամավորներին, և ասել, որ որևէ կերպ չքվեարկեն ժողովրդի թեկանծուի օգտին։

Հստակ, արձանագրում եմ, պարոնայք, դուք չէիք հասկանում և շարունակում եք չհասկանալ Հայաստանում հաստատված վիճակը և ուզում եմ ուղիղ զգուշացնել, որ համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն ներկայացնելը, կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։

Ձեր պահվածքը կարող է դառնալ քաղաքական ցունամիի պատճառ»։

Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին հենց հիմա դուրս գալ փողոց, հրապարակ, հեղեղել դրանք։

Ապա նա դիմել է բոլոր պատգամավորներին․ «Եղբայրներ և քույրեր, սա ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ձեր ազատագրման ժամն է, մենք միշտ եղել ենք քաղաքական բարիկադների տարբեր կողմերում, բայց այստեղ անձնական հարց չենք լուծում, այլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցը, ձեզանից զոհողություն չի պանաջնվում, այլ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկել»։

Փաշինյանը ներկայացրել է վարչապետ ընտրվելու դեպքում իր տեսլականի մի քանի հանգուցային կետեր․

֊ Իմ վարչապետ լինելու դեպքում, Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, հավաքական անվտանգության կազմակերպության անդամ։ Այս դիրքորոշումը բխում է ոչ թե ինչ֊որ անձի ճաշակից, ոչ թե ինչ֊որ անձի դիրքորոշման փոփոխությունից, այլ Հայաստանի ժողովրդին հաղթանակ բերած համաժողովրդական շարժման տրամաբանությունից։

Մենք Ռուսաստանը համարել և համարում ենք Հայաստանի ռազմավարական դաշնակից, և այս համաժողովրդական շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Հայաստան- Վրաստան և Հայաստան-Իրան հարաբերություններին։

Խորացնելու ենք հարաբերությունները Եվրամիության հետ․ ամեն ինչ անելու ենք Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ։

ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունները նոր խթանի կարքի ունեն, մենք նպատակ ունենք տարբեր ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալ։

Խորացնելու ենք հարաբերությունները Չինաստանի հետ…

Խոսելով ղարաբաղյան հարցի մասին՝ Փաշինյանը նշել է, որ կենասական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքատելի իրավունքի և դրա իրացնելու միջազգային ճանաչումը։ Նա ընդգծել է, որ իրենք կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը։

«Վախի մթնոլորտին, քայքայիչ մթնոլորտին վերջ է դրվելու արագ և աներկբայորեն․

ՀՀ որևէ քաղաքացի չպետք է իրեն թույլ կամ նսեմացած զգա անհրաժեշտ մեջք չունենալու պատճառով։

ՀՀ Սահմանադրությունը պետք է լինի այդ ուժեղ մեջքը։

Բոլոր մարդիկ հավասար են լինելու օրենքի առաջ, և դա, առաջին հերթին, վերաբերվելու է վարչապետի ընտանիքին և հարազատներին։

Բացառվելու է իշխանական լծակների օգտագործումը բիզնես իրականացնելու համար։

Եթե լինեմ վարչապետ, հենց վաղվանից չի լինելու որևէ տնտեսական մենաշնորհ, որևէ մեկի առաջ չի լինելու ինչ-որ բան ներկրելու արգելք։ Սա մենք պատրաստվում ենք անել ոչ թե որևէ մեկին լսելով, այլ արգելքները հանելով և վերացնելով», ֊ ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ հատկապես գյուղական համայքներում տառապում են վարկային աներևակայելի բեռի տակ, վարկային կազմակերպություններն օգտվում են մարդկանց չիմացությունից և նեղ վիճակից․

«Մարդկանց վարկեր են տրվում աներևակայելի բարձր տոկոսներով։ Պետք է շուտափույթ լուծենք վարկային տույժ֊տուգանքների խնդիրը։ Բայց անենք այնպես, որ չտուժեն բանկերը և վարկային կազմակերպությունները։

Մենք պետք է փոխենք քաղաքացու նկատմամբ եղած վերաբերմունքը։ Մինչև ոչ հեռավոր անցյալը իշխանությունները Հայաստանի քաղաքացուն մի գործառույթ էին վերապահում՝ քաղաքացին նրա համար էր, որ խախտում անի և տուգանվի, այսպիսով, ապահովելով որոշ շրջանակների կայուն եկամուտները։ Այս փիլիսոփայությանը պետք է վերջ դրվի։

Մեր կառավարության առաքելությունն է ազատ, արդար, թափանցիկ ընտրության ինստիտուտի վերականգնում։ Դրա համար պետք է ստեղծել քվեարկողների մատնահետքերի միասնական բազա և Հայաստանից բացակայող անձանց ակտիվ ընտրական ցուցակներից հանել։ Պետք է բացառվի ընտրակաշառքի բաժանումը, առաջիկանյում կստեղծվի մասնագիտացված իրավապահ մարմին, որը պրոֆեսիոնալ կերպով կզբաղվի ընտրական հանցագործություններ հետաքննելու գործով։ Ընթացիկ քաղաքական գործընթացը պետք է պսակվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով»։

12։15 «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի ելույթից հատված․

Հայ ժողովուրդը, չհանդուրժելով անարդարությունը կյանքի բոլոր ոլորտներում, հրաժարվելով այլևս տանել ստրկությունը, ցանկանալով ապրել ազատ և երջանիկ Հայաստանում՝ ոտքի ելավ հանուն արժանապատվության և ազատության։ Եվ ահա այսօր՝ 2018֊ի մայիսի 1֊ին, այստեղ ՀՀ ԱԺ֊ում պատիվ ունեմ ներկայացնել այդ համաժողովրդական շարժման, այդ համազգային զարթոնքի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի թեկնածուի պաշտոնում։ Թեկնածություն, որին ԱԺ֊ում առաջադրել է «Ելք» խմբակցությունը, որին սատարելու մասին հայտարարել են «Ծառուկյան դաշինք» և ՀՅԴ խմբակցությունները, թեկնածություն, որին առնվազն չխոչընդոտելու մասին հայտարարել է Հանրապետական խմբակցությունը։

Որո՞նք պետք է լինեն Նիկոլ Փաշինյանի գլխավորելիք ժամանակավոր անցումային կառավարության գործառույթները։

Համերաշխություն, իսկապես համազգային քաղաքական համերաշխություն։ Անցյալի սխալների բարձրաձայնումը ոչ թե պետք է խոչընդոտի այդ համերաշխությանը, այլ ճիշտ հակառակը՝ դառնա դաս, փորձառություն և ուղի հարթի դեպի զարգացման ճշմարիտ ճանապարհը։ Դրանք սոսկ բառեր չեն, սա մեր հավատամքն է։

Երկրորդ՝ այս Կառավարությունը պետք է ապահովի երկրի բնականոն գործունեությունը՝ սկսած սահմանների պաշտպանությունից և ֆինանսական համակարգի կայությունից վերջացրած ընթացիկ առաջացող խնդիրների օպերատիվ լուծումով։ Այս կառավարությունը նաև պետք է դնի այն սոցիալ֊տնտեսական հիմքը, հղկի այն սոցիալ֊տնտեսական ուղերձները, որոնք պիտի նախանշեն հետագա զարգացման քաղաքականությունը։

Երրորդ՝ պետք է բարեփոխվի ընտրական համակարգը։ Առաջին հերթին, խոսքը, բնականաբար, ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի վրա ազդող հարակից օրենքների փոփոխության մասին է։ Ինչպես նաև ընտրական համակարգի ֆունկցիոնալությունը կատարելագործող վարչական փոփոխությունների մասին է։

Եվ վերջապես չորրորդ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում։ Ընտրություններ, որոնք կլինեն իսկապես ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ, որոնց ընթացքն ու արդյուքները որևէ կասկած չեն առաջացնի որևէ մեկի մոտ։

Ես դիմում եմ Ձեզ, ես խնդրում եմ բոլորիդ դադարեցրեք ինքնապաշտպանական ռեակցիան այս փոփոխություններին, ինքնապաշտպանության կարիք չկա, պաշտպանեք Հայոց պետականությունը գոնե առաջիկա ժամերի ընթացքում։ Մի առաջնորդվեք անձնական, խմբային նեղ շահերով։ Դադարեցրեք քաղաքական հին մեթոդներով զանազան սցներաների խաղարկումը և իբրև մեր պետության, պետականության, ժողովրդի մասին մտածող իրական պետական այրեր օգնեք միահամուռ ուժերով, միասին լավագույն հնարավորը քաղել մեր երկրի համար ստեղծված հիարվի պատմական և բացառիկ այս հնարավորությունից։ Ես կոչ եմ անում կողմ քվերակել Հայաստանի քաղաքացիների լիակատար աջակցությունը վայելող թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին։

12։00 105 պատգամավորներից ներկա են 102֊ը։

10:55 Հրապարակում արդեն տասնյակ հազարավոր մարդիկ կան։

10։35 ՀՀԿ խմբակցության փակ նիստ է արել, որի մանրամասները չի հրապարակում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հարցին, թե հնարավոր է, որ այսօրվա նիստը տապալվի, Բաղդասարյանը բացասական պատասխան է տվել։

«Ուշադրություն դարձրեք, Հայաստանն ունենալու է վարչապետ, և մենք չենք խոչընդոտելու ընտրությունները, այն մտավախությունը, որ բոյկոտելու ենք, նման բան չի լինելու։ Բոլորը միասնական ասել են, որ այդ ձևով առաջ չենք գնալու։ Այսինքն՝ նիստը կայանալու է, լինելու է քվորում, բայց չեմ կարող ասել ձայներ տալու ենք, թե ոչ», ֊ ասել է Բաղդասարյանը։

Լրագրողների այն հարցին, թե ամեն դեպքում ինքը չի խոստանում, որ վարչապետն ընտրվելու է այսօր, Բաղդասարյանը պատասխանել է, թե այսօրվա ընթացքը ցույց կտա, «բայց վարչապետ ունենալու ենք»․

«Եթե այսօր չի լինում, մենք 7-օրյա ժամկետում կունենանք։ Հակառակ դեպքում, դուք գիտեք, մենք պետք է տանենք ԱԺ-ն լուծարման, իսկ դա մեր երկիրը հետ կգցի։

Արտահերթ ընտրությունները չեն կարող որևէ դրական ազդեցություն թողնել մեր երկիր զարգացման վրա և ընդհակառակը կարող են մեզ հետ գցել։ Եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը լիներ, 2017 թվականի ընտրություններից հետո մենք կտեսնեիք դժգոհությունը, բողոքի ակցիա կլիներ։ Բոլորը երջանիկ էին»։

Հարցին, թե կարող է ՀՀԿ խմբակցությունը որոշել և ազատ քվեարկել, Բաղդասարայնը բացասական պատասխան է տվել․ «Ես չեմ կարծում, որ նման բան կլինի, այդ դեպքում կուսակցությունը իր դեմքը կկորցնի, որոշումը կլինի միասնական»։

Նա ընդգծել է, որ իրենք ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցեր ունեն, և դրանք հնչեցնելուց և պատասխաններ ստանալուց հետո որոշում կկայացնեն։

10:15 Հազարավոր մարդիկ այս պահին հավաքվել են Հանրապետության հրապարակում։  Մարդիկ սպասում են Ազգային ժողովի նիստին, որտեղ ՀՀ վարչապետ է ընտրվելու։ Գիշերը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ էր հղել՝ ընդգծելով, որ տեղեկություն ունի՝ ՀՀԿ֊ականներն ընտրությունները տապալելու ծրագիր ունեն։ Նա խնդրել էր մարդկանց հազարներով հավաքվել Հանրապետության հրապարակում։

Ինչպես հայտնում է Epress.am֊ի թղթակիցը, մարդկանց քանակն արագ աճում է․ նրանք եկել են տարբեր գրություններով պաստառներով՝ «Փոքր Վեդին Ձեզ հետ է», «Շիրակի մարզը ընդրեգը Նիգոլին», «Առաջին քայլը գյումրիից», «Դուխով, ջիգյարով, հավեսով», «Նիգոլ վարչապետ», «Նիկոլ Ստեփանավանը Ձեզ հետ է», «Լոռին մերժում է ռեժիմը»։