Երբ ապրիլի 21-ին գրվեց, թե ինչ հարաբերություններ կան Հայաստանի փողոցները ողողած ցուցարարների միջև՝ անծանոթի հետ հարազատություն, համերաշխություն, սեր, հոգատարություն, զորակցություն, օրեր անց Հանրապետության Հրապարակում հայտնվեց հեղափոխության անունը կնքող պաստառը՝ Սիրո ու համերաշխության հեղափոխություն։
Եվ իսկապես, երբ ոստիկաններն ու քրեական խուժանը սկսեցին ծեծել փողոց դուրս եկած մարդկանց առաջին խմբերին, ձերբակալել շարժման քաղաքական գործիչներին, նրանց ֆիզիկապես պաշտպանելու երաշխիք ստանձնեցին տարբեր մարդիկ՝ ծանոթներ, անծանոթներ, զավակին զորակցելու դուրս եկած ծնողներ և հակառակը՝ ծնողի կողքին կանգնող կրտսեր սերունդ, անտարբերներ, հարևաններ, դիտողներ, կարեկցողներ, քաղաքականությամբ զբաղվող ակտիվ քաղաքացիներ, քաղաքականությունից օտարվածներ։ Մարդիկ իրենց ֆիզիկական ներկայությամբ, կեղեքիչ կարգն անհնազանդությամբ խափանելու ապակենտրոն գործողություններով, բռնություն կիրառողներին բարոյական իմաստով շահելու ու բռնությունից հետ պահելու տակտիկայով դարձան իրար համար անվտանգության, հեղափոխական գործը մինչև վերջ տանելու, կեղեքումից ազատվելու անհատական ու հավաքական երազանքի իրականացման համընդհանուր երաշխիք։ Սա՛ էր և շարունակում է լինել համերաշխության հանրությունը։
Ցավոք, վերջին օրերին համերաշխություն բառը սկսում է կիրառվել կեղեքողներին բարեկամաբար վերաբերվելու, առանց վերապահության սիրելու, թալանածը ներելու, նրանց հետ որպես մեկ էթնիկ ազգ մեկ մարմնի մեջ միաձուլվելու, այսինքն՝ թվացյալ նույն մակարդակում, նույն սոցիալական, ֆինանսական ու բարոյական կարգավիճակներում ինքներս մեզ պատկերացնելու լեզվաբանորեն նուրբ ձևակերպված համատեքստերում։ «Վենդետա չի լինելու» արտահայտության կողքին անմիջապես հայտնվում է «սա համերաշխության հեղափոխություն է» արտահայտությունը, որը, հուսամ՝ ոչ միտումնավոր, խեղաթյուրում է համերաշխության գաղափարը։ Համերաշխությունը երբեք սա չի կարող լինել։
Համընդհանուր երաշխքին այն է, որ մարդկային հիմնարար պահանջմունքների բավարարման հարցում առավել խոցելի իրավիճակում հայտնվածների կողքին նրանց գոտեպնդող, սատարող, իրենց ուժը փոխանցող մարդիկ կան՝ խոցելի, թե՝ ապահովված։ Համընդհանուր երաշխիքն այն է, երբ կա այդ երաշխիքի միջոցով հավասարության ու արդարության ձգտելու մղում։ Կեղեքողների կապակցությամբ համերաշխություն բառը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նրանք դադարեցնում են կեղեքումը, հրաժարվում իրենց քաղաքական, ֆինանսատնտեսական, գենդերային և այլ տեսակի արտոնություններից, կանգնում անարդարության դեմ պայքարողների կողքին ոչ թե իրենց կիրառած անարդարությունների համակարգերը պահպանելու, այլ այդ համակարգերը փշրելու ու պայքարողներին իսկականից համերաշխ լինելու նպատակով։ Սա բացատրություն ու զգուշացում է «Համերաշխության հեղափոխությանը» միացող բոլոր անհատներին և քաղաքական ու տնտեսական միավորներին։
Ինչ վերաբերում է մեր՝ Հայաստանի փողոցները ողողած համերաշխության քաղաքացիներիս միջազգային դերին։ Էյֆորիայից է, թե չհաղթահարված փառամոլությունից՝ քաղաքագետներ, սոցիոլոգներ, լրագրողներ, ակտիվիստներ, մասնագիտական ու քաղաքական ասոցացվածություն չունեցող մարդիկ սկսեցին ազդարարել, որ պիտի աշխարհին սովորեցնեն խաղաղ դիմադրության պայքարի մասին, որ չկա աշխարհում բռնապետ տապալելու հայերի փորձի նման փորձ, որ չկա Երևանի հրապարակի նման հրապարակ և այլուայլ մեծամոլական հայտարարություններ։ Ոչ-բռնի պայքարներ աշխարհում կան ամեն տեղ ՝ զարգացած ու ժողովրդավարական համարվող երկրներից, մինչև չզարգացած ու բռնապետական համարվողները, խաղաղ ապստամբություններ ու անհնազանդության պրակտիկաներ եղել են մարդկության գոյության ողջ ընթացքում, պարզապես մոդայիկ չի եղել դրանք պատմության մեջ արձանագրելը (արձանագրողներն ովքե՞ր էին)։ Հայաստանի փորձը պարզապես կարելի է փոխանակել՝ ասենք նկարագրելով այն ոչ-բռնի պայքարների մասին համաշխարհային տվյալների շտեմարանների մեջ, դառնալով ոչ-բռնի պայքարների ու տարատեսակ կեղեքումներից խաղաղ եղանակով ազատագրման միջազգային ցանցերի ու փոխանակումների մաս։
Իսկ ահա համերաշխության արժեքը իրապես կրող մեր հանրության համար միջազգային իմաստով մի կարևորագույն ու ծանր առաջադրանք կա՝ համերաշխություն դրսևորել մեր հարևանների՝ Իրանի քաղաքացիների նկատմամբ, ում վերջին օրերին պատերազմի սպառնալիքի վերջնագրի նման մի բան են հայտարարել կայսերական հեռու ու մոտիկ մի քանի պետություն՝ Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան ու Իսրայելը։ Ապրիլի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծամոլ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց Իրանի հետ միջուկային համաձայնագրի միակողմանի դադարեցմամբ ու Իրանի վարչակարգը բոլոր հնարավոր եղանակներով փոխելու անհրաժեշտությամբ։ Սա ենթադրում է ռազմական ներխուժում, ինչպես եղավ Իրաքում, կամ քաղաքացիական պատերազմի հրահրում, ինչպես եղավ Սիրիայում, որը վերաճեց տարածաշրջանային պատերազմի՝ կայսրությունների ռազմական ներկայությամբ։ Ապրիլի 30-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, թե իբր Իսրայելն ունի ապացույցներ այն մասին, որ Իրանը միջուկային զենքից հրաժարվելու համաձայնագրի գործողության ժամանակ փորձել է միջուկային զենք ստեղծել։ Սրանք Իրաք ներխուժելու ու օկուպացնելու աղետալի ու ապօրինի գործողությունները նմանակող սպառնալիքներ են ու տեղական ու միջազգային հանրությանը համոզելու մանիպուլյատիվ հնարքներ։
Ամեն հնարավոր գնով, որպես համերաշխության հանրություն, պիտի անհնարին դարձնենք տարածաշրջանային արհավիրքի սպառնալիքը։ Մեզնից հասնող մի քանի կանխարգելիչ գործողություն, որ կարող ենք իրականացնել․ հանրագրեր (պետիցիա), համերաշխության ցույցեր, հորդորներ, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունը Իրանում պատերազմական գործողությունների հրահրումը դատապարտող ու կանխարգելող ելույթներ ու գործընթացներ նախաձեռնի, հորդորներ, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես Իրանի դեմ պատերազմական ոտնձգության դեմ կանգնի, հորդորներ, որ հայկական սփյուռքն ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորի ընդդեմ Իրանում հնարավոր պատերազմի։ Համընդհանուր երաշխիքը՝ համերաշխությունը, նաև մեր երաշխիքն է։
Աննա Շահնազարյան